
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Թագուհի Թովմասյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ԱԺ արտահերթ նիստին անդրադարձավ Վանաձորի նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի ձերբակալությանը:
Նրա խոսքով` ահազանգեր է ստացել մի շարք համայնքներից, որ ավագանու ընտրված անդամների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում:
«Հետաքրքիր զուգադիպությամբ քաղաքական հետապնդումները համընկնում են հենց այն օրերի հետ, երբ պետք է տեղի ունենան ավագանու նիստեր, որի արդյունքներով համայնքապետ է ընտրվելու, և հետաքրքիր զուգադիպությամբ ահազանգեր հնչեցրած նույն համայնքներում ՔՊ-ն չի հավաքել 50+ ձայն: Ահազանգս վերաբերում է Ախուրյան, Վեդի, Նոյեմբերյան, Թալին, Բերդ, Գորիս, Վարդենիս և Վանաձոր համայնքներին»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի` ցանկը կարող է շարունակել, սակայն կանդրադառնա ավելի ցայտուն օրինակներին: Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը Թովմասյանը քաղաքական հետապնդման դասական օրինակ որակեց:
«Մամիկոն Ասլանյանին որևէ կերպ որևէ մեկը չէր հիշում, և երբ եկավ ընտրության օրը, հանկարծ հիշեցին, որ նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցել, ու ավագանիների նկատմամբ ճնշումները շարունակվում են»,-ասաց նա:
Իշխանությունից որևէ մեկը չաձագանքեց այս հայտարարությանը:
Հիշեցնենք՝ երեկ երկոյան հայտնի դարձավ, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է, Քննչական կոմիտեն հայտնեց, որ վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Այս պահին դատարանը քննում է վերջինիս խափանման միջոցի ընտրության հարցը:
Մեկնաբանել