HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

26-ամյա կոմպոզիտոր Նորայր Հարությունյան․ «Ես ուզում եմ գեղարվեստական արժեք տալ իմ մանկությանը»

Մանկության տարիներին ամեն հունվարի 1-ին Նորայրն ընտանիքի հետ հյուր էր գնում։ Ճանապարհն անցնում էր ձյան ու մառախուղի միջով։ Երբ Նորայրը նայում էր մեքենայի պատուհանից, չէր էլ պատկերացնում, որ տարիներ հետո այդ պատկերները դառնալու են սիմֆոնիաների նյութ։ Նրա հեղինակած 3-րդ, 9-րդ եւ 10-րդ սիմֆոնիաները հենց այդ ճանապարհի մասին են։

«Ես ուզում եմ գեղարվեստական արժեք տալ իմ մանկությանը»,- ասում է 26-ամյա կոմպոզիտոր Նորայր Հարությունյանն ու ժպտում։ Հյուրասենյակում նրա երաժշտական գործիքներն են, իսկ պատերին՝ եղբոր՝ նկարիչ Միքայելի նկարները։ Թվում է, թե այս տարածության մեջ ժամանակը տարրալուծված է գույնի եւ հնչյունի մեջ, ու արտաքին աշխարհի բացասական էներգիաներից պարսպապատ տարածք լինի, որը եղբայրները լցնում են ջերմությամբ ու սիրով։

Եվ պատահական չէ, որ Նորայրն իրեն համարում է «դրական մտքերի, մթնոլորտների կոլեկցիոներ»։ Նրա համար պարզ իրավիճակներն ու զրույցները կարող են դառնալ ներշնչանքի աղբյուր։

Նորայրն սկզբից հետաքրքրվում էր նկարչությամբ, չնայած նկատում է, թե հիմա էլ մտքեր ունի, կցանկանար զբաղվել նկարչությամբ, բայց այն թողնում է շատ հեռու ժամանակի։ «Երաժշտությունն ավելի էմոցիոնալ մասնագիտություն է, եւ հնարավորություն է տալիս էմոցիաները ձայնագրել եւ դարձնել շոշափելի, լսելի»,- ասում է երիտասարդ կոմպոզիտորը։

Նորայրն արդեն 12 սիմֆոնիաների եւ 60-ից ավելի երաժշտական գործերի հեղինակ է։ Նա երաժշտություն է գրել նաեւ ֆիլմերի համար։ Կոմպոզիտորի երաժշտական ընթացքի մասին երկար կարելի է գրել, բայց առանցքային կարելի է համարել այն, որ 26 տարեկանում նա հասցրել է նորարարություն մտցնել երաժշտության մեջ՝ ստեղծելով հարմոնիկ համակարգեր։

«Ի՞նչ է հարմոնիան․ այն լեզուն է, որով երաժշտությունը խոսում է։ Օրինակ՝ Կոմիտասի պատարագի լեզուն եւ Բախի պատարագների լեզուն շատ տարբեր են»,- նկատում է զրուցակիցս։ Հարմոնիկ նոր համակարգեր ստեղծելու փնտրտուքն արդյունք է տվել։ 26-ամյա Նորայրն արդեն իր հարմոնիկ համակարգերն ունի՝ երաժշտության իր լեզուն։

Նա հեռախոսով միացնում է «Ճանապարհի սլաքները» ստեղծագործությունը։ Թավջութակը, կարծես, մարդու պես խոսում է, պատմություն է պատմում։ Եվ սա էլ պատահական չէ։ Նորայրը ձայնագրել էր իր տատիկին, որը պատմում էր իր անցյալից։ Հիմա այդ պատմությունը մենք լսում ենք թավջութակի լարերից՝ առանց բառերի, կարծես, մրմնջալով, սակայն պատմություն պատմելով։

-Օրինակ, քեզ չի՞ հոգնեցնում, որ մարդիկ էդքան խոսում են, հիմա էլ երաժշտական գործիքներն են խոսում,- կատակով հարցնում եմ նրան ։

 -Չէ, դա հետաքրքիր է, բառերը չես լսում, ինտոնացիաների աշխարհ ես մտնում, որտեղ լրիվ այլ հարմոնիաներ են,- ժպտալով պատասխանում է զրուցակիցս։

Նորայրը ստեղծել է բնական խոսակցական ինտոնացիաներով համակարգ։ Դրանով գրել է այն կվարտետը, որով մասնակցել է այս աշնանը Ղազախստանում տեղի ունեցած երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին։ Այդ կվարտետն առաջին գործն էր, որտեղ բնական խոսակցական ինտոնացիաներն օգտագործվում են ոչ թե վոկալ, այլ գործիքային ձեւով։

Նորայրը մանրամասներ է ներկայացնում Ղազախստանում տեղի ունեցած մրցույթից, որին մասնակցում էր 35 պետությունների 213 ներկայացուցիչ։ Ստեղծագործությունն ուղարկելիս պարտիտուրի առաջին էջին անգլերեն մի քանի նախադասություն էր գրել իր ստեղծած համակարգի մասին։

Այս մրցույթում Նորայրն արժանացել է հատուկ մրցանակի՝ ոչ ստանդարտ մտածելակերպի եւ օրիգինալ գաղափարի համար։ «Այսինքն՝ իրենք հաստատեցին, կարծես, որ սա նորարարություն է»,- նկատում է երիտասարդ կոմպոզիտորը։

Նրա նոր համակարգերի մասին մասնագիտական կարծիքներ են հայտնել թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի կոմպոզիտորները, այդ թվում՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Յուրի Կասպարովը։

«Նորայրն իր կամերային ստեղծագործություններում կիրառում է յուրօրինակ միկրոքրոմատիկ տեխնիկա՝ հասնելով անսովոր, գրեթե բառային ռեսիտատիվության։ Երաժշտության պատմության մեջ այս երեւույթի անալոգները ես չգիտեմ: Վառ օրինակ է մենանվագ թավջութակի համար տպավորիչ ցիկլը. ստեղծագործություններից մեկում, որը կոչվում է «Նկարիչը», երիտասարդ կոմպոզիտորը ստեղծում է գծերի գրեթե տեսանելի էֆեկտ, որոնք արվել են ականավոր գծագրողի վստահ ձեռքով:

Նորայր Հարությունյանի սիմֆոնիկ կտավները բոլորովին այլ ոճ են ներկայացնում։ Սա զարմանալի կոնգլոմերատ է, որում հստակ երեւում են դադաիզմի, մինիմալիզմի եւ նեոֆոլկլորիզմի տարրեր։ Նորայրը վարպետորեն աշխատում է «դժվար» լապիդային նյութով՝ «մշակելով» իր ողջ ներուժը։ Իմիջիայլոց, ինձ զարմացնում է այն տրամաբանությունը, որով բոլոր սիմֆոնիաներում համոզիչ կերպով կառուցվում են տպավորիչ «երաժշտական ​կառույցներ»։

Շատ կարեւոր է, որ Նորայրը ինչ լեզվով էլ օգտագործի, ինչ սկզբունքներ էլ օգտագործի, նրա բոլոր ստեղծագործությունները հայ կոմպոզիտորի երաժշտություն են»։

Յուրի Կասպարով

Նորայրը սովորում է Նյու Յորքի միկրոտոնալ վիրտուալ համալսարանում։ Այս տարի նրա 10-րդ, 11-րդ եւ 12-րդ սիմֆոնիաներն ու երգչախմբային խորալները կատարվել են Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից։

Ստեղծագործական հաջողությունները ոգեւորում են, բայց չեն փոխում Նորայրին։ Իմ առջեւ նստել է չափազանց համեստ երիտասարդ՝ բարի ժպիտով ու նրբանկատ վարվեցողությամբ։ Նա երաժշտական դպրոց չի հաճախել, նոտաները սովորել է հարեւանի օգնությամբ, իսկ տարիներ անց հարմոնիայի դասեր է առել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանից։ Ավելի ուշ ընդունվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիա, սակայն այնտեղ ուսումը կիսատ է թողել։

«Եթե այս այգին չունենայի, այս տան մեջ մեծացած չլինեի, կարող է ուրիշ երաժշտություն գրեի։ Այսինքն՝ աուրան, որ շրջապատում է քեզ, անմիջական ազդեցություն ունի քո ձեռագրի վրա»,- նկատում է Նորայրը։

Նրա երազանքներից մեկն է ձայնասկավառակի թողարկումը։ Հիմա սպասում է առաջին ձայնասկավառակին, որը թողարկվելու է Ռուսաստանում։ «Երազանքներ ունեմ, որոնց մասին շատ եմ խոսում, եւ երազանքներ ունեմ, որոնք իմ սրտում են»,- ասում է Նորայրը։

Առաջիկայում նա պատրաստվում է խոսակցական ինտոնացիաներով երաժշտություն գրել փողային գործիքների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter