HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համլետից հետո մեր մեջ ապրելու ուժ ենք գտել, նա մեզ չէր ուզի կոտրված տեսնել»

«Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ին դրսում էինք, շատ պատահաբար իմացանք, որ Ստեփանակերտը ռմբակոծվում է: Ես լուռ լաց էի լինում, ամուսինս ասեց՝ ամուր եղի, ոչ մի բան չի լինի»,-պատմում է Արցախում զոհված զինծառայող Համլետ Նկրուրյանի մայրը՝ Քրիստինե Նազոյանը։ 

Համլետ Նկրուրյանը զոհվել է նոյեմբերի 7-ին Թաղավարդ-Շեխեր գյուղերի միջակայքում։

Նա բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 19-ին։ Ծառայությունն անցնում էր Ստեփանակերտի կենտրոնական պաշտպանական շրջանում՝«ՑՈՐ» զորամասում։ 

Պատերազմի առաջին օրը հարազատները Համլետի հետ կապ հաստատել չեն կարողացել։ Համլետն ինքը առավոտյան զանգահարել է հորեղբոր կնոջը, ասել, որ ամեն ինչ լավ է։

Կեսգիշերին ծառայակից ընկերներից մեկի՝ Վսեմի հեռախոսահամարով հաղորդագրություն է ուղարկել մորն ու ասել, որ լավ է։ 

Համլետը պատերազմի ամբողջ ընթացքում ծնողներին ասել է, թե զորամասում է, այնինչ եղել է առաջնագծի տարբեր հատվածներում։

«Ասում էր՝ մամ, հանգիստ եղի, ֆիզո ենք անում, ամեն ինչ լավ ա, գլխարկը գլխիս ա։ Ամուսինս ասում էր՝ ա՛յ Համլետ ջան, էս պատերազմական իրավիճակում ի՞նչ ֆիզո։ Ասում էր՝ դե ես զորամասում եմ, պատերազմի մեջ չեմ, զանգում ու մեզ ոգևորում էր, էնքան լավ էր խոսում, երբեք չէինք մտածում, որ կամ կրակահերթի տակ ա, կամ շրջափակման մեջ»,-հիշում է Քրիստինեն։

Համլետի ընկերները, որ նրա զոհվելուց հետո այցելել են ընտանիքին, պատմել են, թե միասին ինչ դժվար իրավիճակներում են հայտնվել, ծանր օրեր ունեցել, բայց նա երբեք չի տրտնջացել, ծնողներն էլ այդ մասին չեն իմացել։ 

Մայրն ասում է՝ Համլետը ծառայությունից չէր պատմում, գիտեին, որ լավ է, ուրիշ ոչինչ, միայն մի անգամ հորը հայտնել է, որ իրեն խրախուսել են։ 

Բանակում Համլետը վարորդ էր, մի անգամ պետք է զորքին մեկ այլ տեղ տեղափոխեր, բայց հրաժարվել է, հանձնարարություն տված սպան զարմացել է, քանի որ մինչ այդ երբեք չէր առարկել։ Համլետը բացատրել է, որ առաջին անգամ պետք է մարդկանց տեղափոխի, իսկ այդ մեքենան 3 անգամ է վարել ու վախեցել է, չի ցանկացել ծառայակից տղաների կյանքը վտանգել։

«Եթե 100-ից 10-ն ուժեղ էր, մեկը Համլետն էր։ Համլետը վախ չուներ, ոչնչից չէր վախենում, միակ վախը մարդկանց վնասելն էր»,- ասում է Քրիստինեն։

Ծառայության ընթացքում Համլետը ծնողներից ոչինչ չէր ուզում, բայց նրանք գիտեին՝ ինչ է սիրում, ծանրոցներում միշտ մեղր էին դնում։ Նկրուրյանների ընտանիքը մեղվապահությամբ է զբաղվում, Համլետն էլ էր սիրում այդ գործը, օգնում էր ծնողներին։  

Ծառայակից ընկերները պատմել են, որ Համլետի մոտ միշտ սնունդ ու ջուր էր լինում։ Նա ուտելիքը տոպրակով պահում էր հողի տակ, ու երբ սնունդ չէր լինում, հանում էր մաս-մաս բաժանում բոլորին։««Ինքն իր ամբողջ կյանքի ընթացքում մի անշնորհք բառ ասած չկա, մի վատ արարք արած չկա։ Հանգիստ էր ու լուռ։ Չճանաչողն էլ, որ իր նկարը տեսնում է, հասկանում է, թե ինչ տեսակ մարդ է իմ Համլետը»,-ասում է մայրը։

Քրիստինեն ու Անդրանիկը երկու որդի ունեն, Համլետն ավագն էր։ Հակոբը Համլետից փոքր է 3 տարով։

Հակոբը լուռ է, ծնողների խոսքի ընթացքում նրա դեմքին մեկ ժպիտ, մեկ թախիծ է գծագրվում։

Հարցնում եմ՝ եղբայրներով շա՞տ էիք վիճում։ Հակոբը գլխով բացասական պատասխան է տալիս։

Մայրը պատմում է, որ Համլետը եղբորը շատ էր սիրում։ Անընդհատ գրկում, համբուրում էր, Հակոբն ավելի զուսպ է զգացմունքներն արտահայտելու հարցում։

Նոյեմբերի 6-ի առավոտյան Համլետը զանգել է հորեղբորորդու՝ 4-ամյա Արմենի ծննդյան տարեդարձի առթիվ ու շնորհավորել։ Դա եղել է Համլետի վերջին հեռախոսազանգը։

«Ամբողջ ընթացքում ես եմ բոլորին մխիթարել։ Ասել եմ պատերազմն ավարտվելու է, հաղթելու ենք, մեր վիճակն էնքան էլ ծանր չի, բայց արի ու տես...»,-ասում է Քրիստինեն։

Համլետի զոհվելու մասին ընտանիքի անդամներն իմացել են զոհվելուց 3 օր անց։ Անդրանիկը որդուց մի քանի օր լուր չունենալուց հետո զանգահարել է այն բոլոր հեռախոսահամարներով, որոնցից Անդրանիկը պատերազմի ընթացքում կապ է հաստատել նրանց հետ։

Ի վերջո, Համլետի ընկերներից մեկի՝ Էդիկը հետ խոսելիս ասել է, որ հայրն է ու ուզում է ճիշտն իմանալ։ Էդիկն ասել է, որ Համլետը զոհվել է, ու նրա աճյունն ուղարկել են Հայաստան: 

«Ամսի 10-ին, էդ ամբողջ օրը կողքիցս ոչ մի քայլ չհեռացավ, ես ոչինչ չէի հասկանում, հետո մի պահ Համլետի մասին անցյալով խոսեց, ասեցի՝ ինչի՞ ես անցյալով խոսում, ասեց, թե էդպես ստացվեց, դրանից հետո էլի չէի ուզում հավատալ, փորձում էի վերլուծել, սկսեցի ավելի ուշադիր լսել իրենց ամեն ասածը»,-պատմում է մայրը։

Նոյեմեբերի 10-ի գիշերը Անդրանիկը չէր կարողանում քնել, արդեն գիտեր, որ որդին զոհվել է, բայց կնոջը դեռ չէր ասել։ Քրիստինեն աղոթում էր, հիշում է, որ Անդրանիկը ողջ գիշեր դողում էր, իսկ իրեն թվում էր, թե ամուսինն անհանգստությունից է դողում՝ մի քանի օր որդուց լուր չունեին։ Նոյեմբերի 11-ին, երբ արդեն պետք է բերեին Համլետի աճյունը, Անդրանիկը գրկել է կնոջն ու ասել, որ Համլետը հերոս է։

Քրիստինեն ասում է՝ ուզում էր, որ տղան տուն գար, բայց իրականությունն այլ էր. «Նայեցի շուրջս, Համլետին էի փնտրում, բոլոր հարազատները մեր տանն էին, բայց Համլետը չկար»։ 

Ծնողները որդու մարմինը չեն ճանաչել։ Համլետը գլխից էր վիրավորվել։

Քրիստինեն ասում է, որ իրենց մեջ ապրելու ուժ են գտել. «Տանը, դրսում, ամեն բան Համլետին է հիշեցնում, Համլետից հետո մեր մեջ ապրելու ուժ ենք գտել, նա մեզ չէր ուզի կոտրված տեսնել»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter