HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սուսաննա Արիստակեսյանն ընդդեմ Հայաստանի, Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ և «Յանս»-ի տնօրենի հայց է ներկայացրել

«Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը, ում նկատմամբ յուրացման հոդվածով իրականացվող  քրեական հետապնդումը վերջերս դադարեցվել է, երկու հայցադիմում է ներկայացրել դատարան, մեկն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, մյուսն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և նրանց ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից:

Քաղաքացիական հայցերի շրջանակներում Արիսակեսյանի ներկայացուցիչը փաստաբան Սահակ Մանուկյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ  ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցով ոչ նյութական վնասի հատուցման պահանջ է ներկայացված: Այլ կերպ ասած՝ Սուսաննա Արիստակեսյանը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում Հայաստանի Հանրապետությունից այն բանի համար, որ իրեն 4 տարի անհիմն քրեական հետապնդման են ենթարկել:

Ինչ վերաբերում է Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ և Սերգեյ Կարապետյանի դեմ ներկայացված հայցադիմումին, դրանով Արիսակեսյանը իրենից ենթադրյալ շորթված գումարն է պահանջում և դրա տոկոսները:

Նշենք, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին և վերջինիս կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող «Սելենա» ՍՊԸ-ի՝ («Յանս»-ի) տնօրեն Սերգեյ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ ՍՊԸ-ի հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանն, ով այդ ժամանակ աշխատում էր «Յանս»-ում, 25 մլն դրամի վնաս է պատճառել կազմակերպությանը։ Հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանին յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։ Արիստակեսյանը մեղադրանքը չի ընդունել, պնդել է, որ ընկերությունում ենթադրյալ չարաշահումների հայտնաբերվելուց հետո Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ զրույց է ունեցել, և վերջինս իրենից պահանջել է 40 մլն դրամ գումար։

Ամիսներ անց, երբ Արիստակեսյանը կալանավորված է եղել, վերջինիս հարազատները 40 մլն դրամ գումար են տվել «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանին՝ համապատասխան ստացականով, և նա վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ Արիստակեսյանից ֆինանսական պահանջ չունի։ Արիստակեսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերը նշված ստացականը հայտնաբերվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ Վաչագան Ղազարյանի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում։

Դրանից հետո՝ արդեն 2018 թվականին, Սուսաննա Արիստակեսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ 2012-ից 2017 թթ․ աշխատել է «Յանս»-ում` որպես հաշվապահ, և ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը Վաչագան Ղազայանի և Ռուզաննա Բեգլարյանի պահանջով իր հարազատներից շորթմամբ ստացել է 40 մլն դրամ գումար։

Այս դեպքի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն 2020 թվականի հունվարին որոշում է կայացվել քրեական գործը կարճելու, Արիստակեսյանի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Արիստակեսյանն այս որոշումը բողոքարկել էր դատարանում, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն արձանագրել է Սուսաննա Արիստակեսյանի իրավունքների խախտման փաստն ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել իրավունքի խախտումը, ինչի արդյունքում գործի վարույթը վերսկսվել է: Որոշում է կայացվել նաև Սուսաննա Արիստակեսյանի նկատմամբ յուրացման հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Դրանից հետո է, որ Աիստակեսյանը ներկայացրել է վերը նշված քաղաքացիական հայցերը:

Նշենք, որ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանվում է, որ «ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ:

Սուսաննա Արիստակեսյանը, փաստորեն, պնդում է, որ Վաչագան Ղազարյանը, Ռուզաննա Բեգլարյանն ու Սերգեյ Կարապետյանն իրենից 40 մլն դրամ գումար են շորթել, այժմ նրանցից պահանջում է 59 մլն 800 հզր դրամ, որից 40 մլն-ը, փաստորեն, ենթադրյալ շորթված գումարն է, իսկ 19 մլն 800 հզր դրամը՝ տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter