HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արմեն Գրիգորյան. «Հայ-թուրքական օրակարգ դեռեւս չկա»

Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, հայ-թուրքական օրակարգ դեռևս չկա։

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները սկսելու մասին հրապարակային գործընթաց է եղել, և երբ Անկարան հայտարարություն է տարածել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, Հայաստանն արձագանքել է դրական ազդակներին։ 

«Ինչ վերաբերում է օրակարգին, Հայաստանը բազմիցս ասել է, որ մենք գտնում ենք, որ պետք է նստել սեղանի շուրջ, խոսել և հասկանալ, թե ինչպիսի օրակարգ կարող ենք ձևավորել։ Դեռևս, ընդհանուր առմամբ, օրակարգ չկա»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման համար տարածաշրջանում կան հնարավորություններ․ «Օրինակ՝ Կարս-Գյումրի երկաթուղու բացումը Հայաստանի և Թուքիայի համար մեծ հնարավորություններ է ստեղծում, և դա նաև տնտեսապես փոխկախվածություն է ստեղծում Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչը, կարծում ենք, որ կայունության և անվտանգության համար կարևոր գործոն է»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Պատասխանելով այն հարցին, թե Էրդողանը հայտարարել էր, որ եթե ուզում ենք սահմաններ բացել, պետք է միջանցքներ տալ, Գրիգորյանն ասել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջանցքի վերաբերյալ ցանկացած քննարկում մեզ համար կարմիր գիծ է»։ Նա նշել է, որ քննարկում կամ դիրքորոշման արտահայտում այդ թեմայի շուրջ ոչ միայն Թուրքիայի հետ է եղել, այլև Ադրբեջանի հետ և եռակողմ բանակցություններում։

«Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքի վերաբերյալ որևէ հարց։ Ինչ վերաբերում է «միջանցքներ» տերմինին, ապա այն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է նաև մեր մոտեցումներին, եթե իրար ճիշտ ենք հասկանում։ Սեղանի շուջ նստենք, հասկանանք, թե իրենք ինչ նկատի ունեն։ Եթե միջանցքներ ասելով Թուրքիան նկատի ունի Հայաստանի ճանապարհները որպես ՀՀ սուվերեն տարածք օգտագործելը, ապա մեր մոտեցումները համընկնում են»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Նա հավելել է, որ Թուրքիայի հետ սեղանի շուջ հանդիպելու վերաբերյալ դեռևս հստակ ոչինչ չկա։

Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ նա ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը Հայաստանը տեսնում է երկկողմ ձևաչափով, բայց եթե առիթ լինի «3+3»- ում էլ խոսելու, ապա Հայաստանը կօգտագործի նաև այդ առիթը՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու և դիրքորոշումներն միմյանց համար ավելի պարզ և մատչելի դարձնելու։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ «3+3» ձևաչափի շրջանակներում, եթե առիթ լինի, Հայաստանը պատրաստ է գնալ Անկարա, Բաքու, նաև պատրաստ է հյուրընկալել այդ երկրներին՝ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter