HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս պատերազմում հաղթած էլ չլինեինք, գոնե էսքան չնվաստանայինք»․ զոհվածի մայր

Որդու կորուստից հետո Ստեփանակերտում Բեգլարյանների ընտանիքը փակեց արդեն երկար տարիներ աշխատող հացի արտադրամասը։ 

«Հայկն ամեն ինչում օգնում էր՝ սկսած հաց թխելուց մինչև առաքում։ Ասում էի՝ Հայկ ջան, որ դու չլինես, մենք ի՞նչ ենք անելու և, իրոք, Հայկից հետո մենք փուռը փակեցինք»,- պատմում է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Հայկ Բեգլարյանի մայրը՝ Եվա Բեգլարյանը։

Հայկը բանակ էր զորակոչվել 2020թ․-ի ձմռանը, ծառայում էր Ջրականի զորամասում՝ որպես ականանետային մարտկոցի հաշվարկի վարորդ։ Վարորդական իրավունքը ծառայության մեկնելուց մի քանի օր առաջ էր ստացել։ 

Դաշնամուրի վրա, որ ժամանակին տիկին Եվան էր նվագում, ամենուրեք Հայկի իրերն ու լուսանկարներն են շարված։ Մայրն ասում է, որ տղան լուսանկարվել շատ էր սիրում։

«Պատերազմի ժամանակ ասում էր՝ մամ, լիքը նկարներ ու վիդեոներ ունեմ, ասում էի՝ բա ինչի՞ չես ուղարկում, ասաց՝ կգամ, ցույց կտամ»,- ասում է մայրը։

Հայկը դեռ սեպտեմբերի 25-ին ընտանիքի հետ խոսելիս էր ասել, որ պատերազմ է սկսվելու։ Սեպտեմբերի 27-ին նա արդեն Ջրականի դիրքերում էր։ Նույն օրը, պատերազմի լուրն իմանալով, որդու մոտ էր գնացել նաև հայրը՝ Վահան Բեգլարյանը։ 4 օր առաջնագծի տարբեր հատվածներում լինելուց հետո հայր ու որդի վերջապես հանդիպում են։ Մի քանի օր հետո մարտկոցը Ջրականից նահանջում է դեպի «Արա Լեռ» հրետանային զորամաս, այնտեղից էլ հոկտեմբերի 7-ին՝ Հադրութ։ 

«Որ գնացինք Արա լեռ, էնտեղ էլ ոչ մեկը չկար, մենք էլ չմնացինք, գնացինք Հադրութ, երեք օր էլ էնտեղի դպրոցում մնացինք ու արդեն ամսի 10-11-ին գնացինք Սարուշեն։ Հադրութից դուրս գալիս 3 հատ նոր ԿամԱԶ թողեցինք ու մեր մինամյոտները»,- պատմում է Վահան Բեգլարյանը։ 

Մարտունու շրջանի Սարուշեն գյուղից հետո զորքը շարժվել է նույն շրջանի Ակնաղբյուր գյուղ, որից հետո էլ հոկտեմբերի 21-22-ին տեղակայվել Շեխեր գյուղի վերևի մասում՝ դեպի Կարմիր Շուկա տանող խաչմերուկի մոտակաքում։ Հենց այս հատվածում էլ հոկտեմբերի 28-ի առավոտյան արկի հարվածից զոհվել են Հայկը և կամավոր Միքայել Բեգլարյանը։ 

«Երկուսին միասին վերցրի ու շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք Շոշ գյուղ, բայց էդ ընթացում արդեն պարզ էր, որ երեխեքը էլ չկան,- պատմում է Վահան Բեգլարյանը, որ պատերազմի ողջ ընթացքում որդու կողքին է եղել,- էդ օրն էդ հատվածում շատ ուժեղ հրթիռակոծություն էր, հետո իմացա, որ մեր գնալուց հետո նույն հատվածում էլի շատ զոհեր են եղել, մեզ բերած շտապօգնության մեքենային էլ հետ գնալիս խփել էին»։ 

2020թ․-ի 44-օրյա պատերազմը Վահան Բեգլարյանի մասնակցած երրորդ պատերազմն էր։ 2016թ․-ի քառօրյա պատերազմի ժամանակ էլ Վահանի ավագ որդին՝ Հարությունն էր ծառայության մեջ Թալիշում, այդ անգամ նույնպես Վահանը որդու հետ էր։ Այս պատերազմի ժամանակ Հարությունը վերահսկում էր զորքին ուղարկվող սննդի պաշարները։ Նա հորը և եղբորը կռվի ընթացքում երկու անգամ է հանդիպել․ առաջին անգամ Հադրութում, հետո՝ Սարուշենում, դա նրանց վերջին հանդիպումն էր։

Շոշում, երբ հաստատվում է Հայկի մահը, նրան հուղարկավորելու համար ընտրվում է Արմավիրի մարզի Նորապատ գյուղը․ սա Հայկի մոր հայրական և իր սիրելի գյուղն էր։

«Հայկը Արցախը շատ էր սիրում, բայց միշտ ասում էր, որ ուզում է գնա մերոնց մոտ՝ Արմավիրում, ապրի, ու քանի որ իր զոհվելու ժամանակ իրավիճակը Ստեփանակերտում շատ անկայուն էր, որոշեցինք Հայկիս էնտեղ հուղարկավորել»,-պատմում է մայրը՝ Եվան։ Նրա խոսքով՝ տղայի զոհվելուց հետո իրենց ողջ թաղը կոտրվել է, Հայկին բոլորը սիրում էին, ինքն էլ իր հերթին օգնում էր բոլորին։

«Հուղարկավորության օրը, որ Հայկին տնից դուրս հանեցինք, տպավորություն էր, թե Ստեփանակերտում եմ, բոլորը, կապ չունի՝ ով որտեղ էր, եկել էին, ու դա, ոչ թե ինձ, ամուսնուս կամ ընտանիքին հարգելով, այլ հենց Հայկին,- պատմում է Եվան,- Հայկը, որ տանում էր հացերը առաքելու, միշտ գումարը քիչ էր բերում, սկեսուրս, որ հարցնում էր պակասող գումարի մասին, ամեն անգամ մի բան հորինում էր։ Իր հուղարկավորության օրը մեզ շատ մարդիկ էին մոտենում ու ասում, որ Հայկը ամեն օր իրենց հաց էր տանում։ Դա էլ պակասող հացերի պատմությունը»։

Հայկին ընտանիքը վերջին անգամ հանդիպել է սեպտեմբերի 10-ին՝ նրա 19 ամյակի ժամանակ։ Հայկն ինքն էր խնդրել, որ ծննդյան տարեդարձը միասին անցկացնեն, դրանից առաջ համավարակի պատճառով երկար ժամանակ հարազատներին չէր տեսել։ 

«Հայկի զոհվելուց հետո ինձ շատերն են ցավակցում, բարեկամներ ունենք, որոնց տղաները 90-ականներին են զոհվել, ինձ ասում են՝ հիմա մեր վիշտը նույնն է, ասում եմ՝ չէ, էդպես մի ասեք, նույնը չի, էս պատերազմում մենք նվաստացանք, հաղթած էլ չլինեինք, գոնե էսքան չպիտի նվաստանայինք»,-ասում է Եվան։

Հայկին ընտանիքում հիշում և կարոտում են բոլորը, բայց այն, որ փոքրիկ Եվան նույնպես հիշում է հորեղբորը, ընտանիքի անդամներին զարմացրել է։ Հայկի ծառայության մեկնելու ժամանակ Եվան երեք տարեկան էր, բայց զարմանալիորեն նրա հետ կապված դրվագներ է հիշում ու պատմում։ Ամանորին ընդառաջ, երբ հարցրել են՝ Ձմեռ պապից ինչ է ուզում,  Եվան պատասխանել է, որ ուզում է Հայկը տուն գա։ 

«2022-ի հունվարի ութին Հայկը պիտի զորացրվեր, ու մենք ամեն օր էդ օրվան ենք սպասում, չգիտեմ՝ որ էդ օրն անցնի, էդ ժամանակ էլ ինչի՞ն ենք սպասելու»,-ասում է մայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter