HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էկոնոմիկայի նախարարություն. թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի երկարաձգվի

Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական թեժ գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով դեկտեմբերի 31-ից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։ 

Հայաստանում նման որոշում ընդունվեց, երբ ակնհայտ դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան։ Այդ ժամանակ մեկնաբանվեց, որ սա առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում է։ 

Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը 

 երկարաձգվեց ևս վեց ամսով։

Այդպիսով, թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում «պաշտոնապես» գործեց մեկ տարի և վաղն արդեն ավարտվում է դրա ժամկետը։ 

Էկոնոմիկայի նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելու նախագիծ է մշակում։

Իսկ թե 2021 թվականին ինչ արդյունքներ է տվել արգելքը, ինչ բացթողումներ և ձեռքբերումներ են եղել այս ուղղությամբ, որևէ թվային և փաստային վերլուծություն նախարարությունը չի հրապարակել։ 

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել արգելքը չերկարաձգելու մասին, որտեղ նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։

«Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։ 

Նախարարությունից հայտարարում են, որ այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ 

Միևնույն ժամանակ, նախարարության հայտարարության մեջ նշված է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։

Թուրքական ապրանքների ներկրման արգելքի երակարձգման ու դրա արդյունքների վերաբերյալ թե՛ բիզնես, թե՛ փորձագիտական հանրությունը տարատեսակ կարծիքների են։ Ոմանք կարծում են, որ արգեքը դրական ազդեցություն է ունեցել տեղական արտադրողների համար, ոմանք էլ՝ որ վերահսկողությունն այնքան թույլ է եղել, որ թուրական ապրանքները զարտուղի ճանապարհներով հայտնվել են հայկական շուկայում։ 

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի տարածվել հումքի ներկրման վրա։ Նման որոշում էր ընդունվել, որ հայաստանյան տեղական արտադրության համար հարվածը մեծ չլինի։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ մինչև 2021 թվականի արգելքը, Հայաստանը Թուրքիայից ներմուծել է հիմնականում վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքներ, որոնք կազմել են ներմուծման մոտ 80%-ը, իսկ մնացած 20%-ը միջանկյալ սպառման ապրանքներն են՝ հումքը։

Մինչև արգելքը Հայաստանը տարեկան կտրվածքով  մինչև 270 մլն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից: Փոխարենը Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ չկա: Հայ-թուրքական առևտրում Հայաստանը հիմնականում ներմուծողի դերում է: Իսկ արտահանումը չնչին է:

2020 թվականին, երբ դեռևս չէր գործում արգելքը, Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 231 մլն դոլարի ապրանք։ Իսկ 2021 թվականի առաջին 10 ամիսներին՝ 57 մլն դոլարի։

Մինչև արգելքը Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների առաջատար հնգյակում են եղել տրիկոտաժե հագուստը, ցիտրուսային պտուղները, տրիկոտաժե պաստառները,  բամբակե գործվածքն ու նավթ-նավթամթերքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter