HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թուրքականը ներմուծելու չվերահսկվող արգե՞լք, թե՞ անհրաժեշտություն. էկոնոմիկայի նախարարությունը փաստերով «չի խոսում»

Թուրքական ապրանքների Հայաստան ներկրումն արգելելու թեման կրկին օրակարգում է. մինչև տարեվերջ լրանում է արգելքի երկրորդ վեցամսյա ժամկետը։ Փորձագետները բանավիճում են՝ երկարաձգե՞լ արգելքը, թե՞ ոչ։ Յուրաքանչյուր կողմ իր փաստարկներն է ներկայացնում, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, որը նախագիծ է մշակել արգելքը երկարացնելու վերաբերյալ, մինչև այժմ չի հրապարակել որևէ վերլուծություն, թե վերջին մեկ տարում գործող արգելքը ինչ ազդեցություն է թողել հայկական շուկայի վրա։

Հետահայաց. արգելք՝ պատերազմից հետո

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական թեժ գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով դեկտեմբերի 31-ից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։

Հայաստանում նման որոշում ընդունվեց, երբ ակնհայտ դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան։ Այդ ժամանակ մեկնաբանվեց, որ սա առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում է։ 

Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով։

Հայաստանի կառավարությունը չի կարող 6 ամսից ավել երկար ժամանակով արգելք սահմանել, քանի որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և ԵԱՏՄ կարգավորումների, այս որոշումը ուժի մեջ է լինելու 6 ամիս։ Ամեն անգամ ժամկետը լրանալուն պես որոշումը հնարավոր է լինում երկարացնել ևս վեց ամսով։

Այժմ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնելու շուրջ բանավիճում են ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությունն ու որոշ պատգամավորներ, այլև՝ փորձագիտական ու բիզնես հանրությունը։ Ոմանք արձանագրում են, որ այս մեկ տարում արգելքը ձևական բնույթ է կրել և ոչ մի էական օգուտ չի տվել։ Ոմանք էլ համարում են, որ տեսանելի օրինակներ կան, թե ինչպես է տեղական այս կամ այն արտադրությունը որոշ առաջընթաց գրանցել թուրքականն արգելելու արդյունքում։

Բոլոր դեպքերում, շատերի համար է ակնհայտ, որ ներմուծողները հաճախ շրջանցել են օրենքը՝ զարտուղի ճանապարհներով թուրքական ապրանքը Հայաստան հասցնելով։

«Ջայլամի մոտեցում չցուցաբերել. պետք է արգելել ոչ միայն ներմուծումը, այլև վաճառքը»

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը կարծում է, որ պետք է երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, բայց միևնույն ժամանակ՝ խստացնել վերահսկողությունը։ 

Նա նկատում է, որ հայաստանյան խանութներում ու շուկաներում թուրքականի ապրանքների քանակը պակասել է, բայց չի վերացել։ Կան թուրքական ապրանքներ, որոնք արտադրված են 2021 թվականին և դրված են վաճառքի։

«Դա նշանակում է, որ գործում են կոռուպցիոն սխեմաներ, որոնց միջոցով թուրքական ապրանքն արգելքի պայմաններում մտնում է հայկական շուկա։ Այստեղ ջայլամի մոտեցում չպետք է ցուցաբերել՝ ներմուծումն արգելելով, բայց թույլ տալով, որ վաճառքը հանգիստ կատարվի։ Ելքը մեկն է՝ արգելել ոչ միայն թուրքական ապրանքների ներկրումը, այլև վաճառքը»,- «Հետքի» հետ զրույցում նշում է Ստեփանյանը։

Ըստ նրա՝ ամեն վեց ամիսը մեկ անգամ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի թեման բարձրացնելը վատ է ազդում ներդրողների ու գործող բիզնեսների աշխատանքների պլանավորման վրա։ «Պետք է այս հարցը ոչ թե վեց ամիսը մեկ անգամ բարձրացնել, այլ ստեղծել հայրենականի զարգացման 3 տարվա ծրագիր՝ 6 ամիսը մեկ հետևելով, թե որքանով է այդ ծրագիրը շեղվել պլանավորածից և ինչու: 6 ամիսը մեկ հայրենական ներդրողին սթրեսի ենթարկելը ամենալավ լուծումը չէ: Ներդրման պլանավորման համար գոնե 3 տարվա կայուն իրավիճակ պետք է լինի: Ուստի թուրքականը պետք է մնա արգելված առնվազն 3 տարի և ոչ պակաս»,- կարծում է փորձագետը։

Էմիլ Ստեփանյանը համոզված է, որ հայկական արտադրության ապրանքները չեն կարող գին-որակ համադրությամբ 100%-ով փոխարինել թուրքական ապրանքներին և եթե արգելքի պայմաններում թուրքականն իսկապես չմտնի հայկական շուկա, ապա պահանջարկի մի զգալի հատված պետք է լրացվի այլ երկրների արտադրանքով։

«Այնուամենայնիվ, եթե մենք ուզում ենք, որ թուրքական էժան ապրանքները, որոնք հիմա ավելի են էժանացել, չմտնեն հայկական շուկա և չվնասեն տեղական արտադրությանը, պետք է երկարացնենք ներկրման արգելքի ժամկետն ու խստացնենք վերահսկողությունը»,- նշում է Ստեփանյանը։

Նա օրինակ է բերում, որ տնտեսական խանութներում թուրքական ապրանքների քանակը պակասել է. «Քանի որ արգելվել է շուրջ 700 անուն ապրանքի ներմուծում, չենք կարող բոլորի մասով ասել՝ դրանց ներմուծումը ամբողջությամբ վերացե՞լ է, թե՞ շարունակվում է ներմուծվել։ Մի մասի դեպքում վիճակը շատ վատ է և շարունակվում է ներմուծվել նախկին ծավալներով, իսկ կան ապրանքներ, օրինակ՝ տնտեսական ապրանքները, որոնց շարքերում թուրքականի քանակը պակասել է և ավելացել է տեղականը»։

Փորձագետը նաև շեշտում է, որ օրենքն այսօր թույլ է տալիս թուրքական ապրանք ներմուծել, եթե դրա մատակարարման պայմանագիրը կնքվել է մինչև արգելքը սահմանելը։ Գործարարները, ըստ նրա, դրա ելքը ևս գտել են՝ պայմանագրեր են կնքում հետին ամսաթվով։ «Ներմուծման արգելքը արդեն մեկ տարի է՝ գործում է, և այս կետը ևս պետք է հանվի»,- նկատում է Էմիլ Ստեփանյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010-2020 թվականներին Հայաստանը տարեկան կտրվածքով 137-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից: Փոխարենը Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ չկա: Բացի այդ՝ թուրքական կառավարությունը մաքսային տարբեր լծակներով փաստացի արգելել է հայկական ծագման ապրանքների մուտքը թուրքական շուկա: Արդյունքում, հայ-թուրքական առևտրում Հայաստանը հիմնականում ներմուծողի դերում է:

Չնայած, որ Հայաստան ներմուծման կազմում Թուրքիան զբաղեցրել է մոտ 5%, սակայն կան ներմուծվող որոշ ապրանքներ, որոնց դեպքում Թուրքիայի կշիռը մինչև 90%-ի է հասնում: Օրինակ՝ տրիկոտաժե պաստառները, բամբակե գործվածքները, ցիտրուսային պտուղները, ալյումինե ձողերը և այլն:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի տարածվում հումքի ներկրման վրա։ Նման որոշում էր ընդունվել, որ հայաստանյան տեղական արտադրության համար հարվածը մեծ չլինի։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ մինչև 2021 թվականի արգելքը, Հայաստանը Թուրքիայից ներմուծել է հիմնականում վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքներ, որոնք կազմել են ներմուծման մոտ 80%-ը, իսկ մնացած 20%-ը միջանկյալ սպառման ապրանքներն են՝ հումքը։

Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը նաև մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն է ներմուծել Թուրքիայից՝ ցիտրուսային մրգեր, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ և այլն։ 

«Արգելքը ոչ մի ազդեցություն չի թողել հայկական գյուղմթերքի ոլորտում»

Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը նկատում է, որ այս մոտ մեկ տարում թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ոչ մի դրական ազդեցություն չի թողել հայկական գյուղմթերքի շուկայի վրա։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ թուրքական միրգն ու բանջարեղենը Հայաստան են ներկրվում այլ երկրի ծագման հավաստագրով։

«Օրինակ՝ այսօր թուրքական մանդարինը Իրանով ու Վրաստանով մտնում է Հայաստան, քանի որ ծագման երկիրը փոխված է լինում։ Ամենավառ օրինակներից է նաև Թուրքիայում արտադրվող «Naz» մարգարինը։ Արգելել են, բայց ուղիղ մեկ ամիս առաջ այս մարգարինը սկսեց Հայաստան մտնել ուկրաինական ծագման սերտիֆիկատով և գինը բարձրացավ։ Բայց դա Թուրքիայից դուրս եկած ապրանք է»,- նշում է Մնացականյանը։

Ըստ նրա՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե անգամ դրական ազդեցություն թողնի գյուղմթերքի շուկայի վրա, ապա այդ ազդեցությունը միայն կարճաժամկետ է լինելու։ Բացի այդ, այս մեկ տարին ցույց է տվել, որ վերահսկողությունն է թույլ։

Եթե արգելվում է, ապա պետք է մինչև վերջ հետևողական լինել, այլապես՝ ամեն ինչ դառնում է ձևական բնույթի։ «Մնացածը կարճաժամկետ, կեղծ կատեգորիաներ են։ Անիմաստ գին է ավելանում, որովհետև ծագման հավաստագիրն է ավելանում»,- ասում է գործարարը։

Նա շեշտում է, որ այստեղ խնդիրը ոչ թե թուրքական ապրանքի մուտքը արգելելը կամ թույլատրելն է, այլ՝ հայկական գյուղմթերքը մրցունակ դարձնելն է։ Եթե հայկական միրգն ու բանջարեղենը գնով ու որակով մրցունակ լինեն թուրքականի հետ, ապա առանց արգելքի էլ թուրքականի ներմուծումը կկրճատվի։

Հակառակ պարագայում, թուրքական լոլիկն, օրինակ, նույնիսկ երրորդ երկրով Հայաստան հասնելու պարագայում՝ ավելի էժան է լինում, քան հայ գյուղացու արտադրածը։ 

 

 «Խնդիրը ճիշտ քաղաքականություն վարելն է։  Արհեստական արգելքի դեպքում ներմուծողները միշտ էլ զարտուղի ճանապարհներ գտնում են։ Եթե քո օրենքում կան բացեր, բիզնեսը միշտ էլ ելքեր գտնում է»,- ասում է Հարություն Մնացականյանը։

Հայաստանում գյուղամթերքի դեֆիցիտ կա գրեթե բոլոր մթերքների մասով։ Նույնիսկ, կարտոֆիլի դեֆիցիտ է սպասվում։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ տեղական արտադրությունը չի բավարարում պահանջարկը, թուրքականը ներմուծելու արգելքն էլ էապես չի խթանել տեղական արտադրությունը։ Եվ նորից պետք է ներմուծել ու ավելի թանկ գնով, քան ներմուծվում էր Թուրքիայից։

2020 թվականի արցախյան պատերազմից հետո ամենաբուռն քննարկվող թեմաներից է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Ճանապարհների բացումը կարող է հանգեցնել Թուրքիայի ու Հայաստանի մինջև առևտրի ծավալների աճին և այստեղ արդեն մեծ հարցականի տակ է դրվում ներմուծման արգելքի թեման։

Հարություն Մնացականյանը կանխատեսում է, որ եթե ճանապարհները ապաշրջափակվեն, թուրքական էժան գյուղամթերքը ողողելու է հայկական շուկան ու պարալիզացնելու է հայկական արտադրանքը։ Ըստ նրա՝ պետք է համախմբել կոմպետենտ մարդկանց, հասկանալ՝ ինչու է, օրինակ, ջերմատնային լոլիկի ինքնարժեքը այդքան բարձր և գտնել դրա համար լուծումներ։ Ինքնարժեքը իջեցնելու բազմաթիվ լուծումներ կան։ Պետք է ուշադրություն դարձնել ինտենսիվ այգեգործությանը, հիմնել բարձր բերքատվությամբ այգիներ։

«Եթե այս ամենը չկա, մնացածը պարզապես իմիտացիա է»,- ասում է գյուղատնտեսը։

Կա ևս մեկ այլ խնդիր, որին հիմա պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Հայաստանը առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, և չի բացառվում, որ կազմակերպությունը որոշ ժամանակ հետո թուրքական ապրանքների ներմուծման այս արգելքը հակասական համարի իրենց կանոնակարգերին։ Այդ ժամանակ, Հայաստանը կրկին փաստի առաջ է կանգնելու։

Այս ամենի հետ մեկտեղ կան նաև օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, այնուամենայնիվ, որոշ արտադրողների համար օգտակար է եղել։ Սակայն, շեշտում են՝ եթե Կառավարությունը որոշի արգելել նաև հումքի ներկրումը, հարվածը մեծ կլինի հայաստանյան տեղական արտադրողների համար։ 

«Արտադրանքի ծավալները գրեթե կրկնապատկվել են»

Մաքրող և ախտահանող միջոցների, խոնավ անձեռոցիկի արտադրությամբ և վաճառքով զբաղվող  «Սոֆթ Պապիրուս» ընկերության հիմնադիր տնօրեն՝ Տիգրան Կարապետյանը նկատում է, որ պատրաստի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում տեղական որոշ արտադրություններ կարողացել են «շնչել»։ Իրենց ընկերության օրինակն է ներկայացնում՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո ընկերության արտադրանքի ծավալները գրեթե կրկնապատկվել են։ «Դա մեզ բավականին օգնել է, որ արտադրությունը զարգացնենք, նոր հոսքագծեր տեղադրենք։ Անցյալ տարվա համեմատ՝ կրկնակի հարկ ենք վճարում, նոր աշխատատեղեր ենք ավելացրել»,- նշում է ընկերության հիմնադիրը։

Ըստ նրա՝ եթե առաջիկայում Կառավարությունը որոշի ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, միևնույն է, դա քիչ ժամանակ է լինելու բիզնեսը պլանավորելու համար։ Նոր նախագծեր իրականացնելու համար տնտեսվարողներին ավելի երկար և կանխատեսելի ժամանակահատվածի երաշխիք է պետք։

«Մենք դեռևս չենք կարող թուրքական մեծ ընկերությունների հետ մրցակցել։ Որոշ ժամանակ դեռ պետք է կարգավորելու համար` առնվազն 1-2 տարի։ Միայն այդ դեպքում, եթե անգամ թուրքականի արգելքը վերացվի, մենք կկարողանանք պայքարել»,- ասում է Տիգրան Կարապետյանը։

Հումքի շուկան, եթե արգելվի, բոլոր հայկական ընկերությունները, ըստ նրա, հումքի հետ կապված մեծ խնդիրների առաջ են կանգնելու։ Ապրանքը կթանկանա։ «Ես փորձել եմ այս տարվա ընթացքում 4-5 երկրից ներկրել հումք, բայց ԱՄԷ-ից, բայց այն թուրքական հումքից մոտ 12% թանկ է։ Որակի առումով համադրելի է և փոխարինում է։ Ճանապարհների՝ լոգիստիկ առումով նպատակահարմար չէ։ Չինաստանից փորձել ենք հումք ներկրել, որը բավականին թանկ է արժենում»,- շեշտում է գործարարը։

Էկոնոմիկայի նախարարությունը փաստերով «չի խոսում»

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որը ենթադրում է թուրքական ապրանքները ներմուծելու արգելքի երկարացում ևս վեց ամսով։ Սակայն, թե ինչ հաշվարկներ ու վերլուծություններ են ընկած այդ նախագծի հիմքում, հայտնի չէ։

Նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ նախագիծը դեռևս փակ քննարկումների փուլում է և որևէ տեղ հրապարակված չէ։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը արդեն մոտ մեկ տարի է, ինչ գործում է։ Սակայն, Էկոնոմիկայի նախարարությունը, որը այս գաղափարի հեղինակն ու մշակողն է, դեռևս որևէ վերլուծություն չի ներկայացրել հանրությանը այն մասին, թե ինչպես է այս արգելքն ազդել հայկական շուկայի վրա։

Փորձագիտական հանրությունն այստեղ ավելի ակտիվ ու պատասխանատու է և ակնկալում է, որ պաշտոնական կողմը ևս կսկսի «փաստերով խոսել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter