HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ՝ Վեդի համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ

Կառավարությունը որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները:
  2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:
  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։

«Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,- գրել էր նա։

Հիշեցնենք, որ Վեդիում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ էին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ Կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանն էր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։ Ընտրական ցուցակում առաջին համարը Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն էր։ 

«Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 596 ձայն։ Ընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Հակոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter