HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիսված Թաղավարդը․ «Չորս եղբայր էինք, հիմա նրանցից միայն ես եմ մնացել»

«Կամո, Կարմեն, Կառլեն, Կարո․ չորս եղբայր էինք, հիմա նրանցից միայն ես եմ մնացել»,- ասում է Կարո Ալավերդյանը։ 

Թաղավարդցի չորս եղբայրներից Կարոն ավագն է, չորսն էլ Արցախյան պատերազմների մասնակից են։ Կամոն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել՝ 1992 թվականին։ Կարմենը նույն պատերազմում վիրավորվել էր, հաշմանդամության կարգ ուներ, 2018 թվականին մահացել է։ 47-ամյա Կառլենն էլ՝ փոքր եղբայրը, 44-օրյա պատերազմում՝ 2020թ․ հոկտեմբերի 27-ին է զոհվել՝ Թաղավարդի պաշտպանական մարտերում։

2020-ի պատերազմի ժամանակ, երբ թշնամին արդեն հասել էր Թաղավարդ, Կառլենը ակտիվ մասնակցում էր գյուղում ընթացող մարտերին, մի քանի անգամ վիրավորներ էր հանել վտանգավոր տեղանքներից, շատ դեպքերում հենց իրեն էին դիմում վտանգավոր հատվածներից վիրավորներ հանելու համար։ 

Հերթական բարդ խնդիրը պետք է կատարեր, երկու վիրավոր էր մնացել Թաղավարդի գերեզմանոցի հատվածում։ Կառլենին տեղյակ են պահում՝ զգուշացնելով, որ հնարավոր է՝ հակառակորդը դիտարկում է տարածքը։ 

Վիրավորներին հանելու համար գյուղի գերեզմանոց մտած Կառլենը չի վերադառնում․ մահացու վիրավորվում է մոտակայքում դարանակալած թշնամու դիպուկահարի կրակոցից։ 

«Էդ պահին ես գյուղից կարճ ժամանակով դուրս էի եկել, բայց անընդհատ Կառլենի հետ կապի մեջ էի։ Դեպքից առաջ էլ հեռախոսով խոսում էինք, թե գյուղում դրությունը ոնց է զարգանում։ Դրանից հետո, որ նորից զանգեցի իրեն, արդեն անհասանելի էր, կապվեցի նույն դիրքի մեր գյուղացիներից մեկի հետ, ինքն ասաց, որ Կառլենին խփել են, բայց հանել չեն կարողանում»,- պատմում է Կարո Ալավերդյանը։

Դրանից հետո Կարոն մի քանի անգամ փորձել է դուրս բերել եղբոր աճյունը, բայց չի հաջողվել։

«Որոշել էի պարան կապել գոտկատեղիցս, մտնեի գերեզմանոցի տարածք, եղբորս մարմինն էլ կապեի, որ եթե հանկարծ ինձ էլ խփեին, էդ պարանով մեզ քաշելով՝ հանեին մերոնք»,- ասում է Կարոն։

Կառլենի և մյուս երկու վիրավորների աճյունները հնարավոր եղավ հանել միայն պատերազմից հետո։  

Կարոն միացնում է պատերազմի օրերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որտեղ Կառլենին համոզում են թողնել գյուղը:

-Ձեր մոտ ո՞նց ա։

-Շրջանաձև կանգնած ենք, համարյա տուպիկի մեջ,-ասում է Կառլենը։

-Ինչի՞դուրս չեք գալիս, թողե՛ք, դուրս եկեք։

-Ո՞նց, ու՞ր թողնեմ, մեզնից առաջ 18 տարեկաններ են կանգնած դիրքերում,- պատասխանում է Կառլենը։

2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, երբ ստորագրվեց հրադադարի մասին հայտարարությունը, Թաղավարդում մարտերը դեռ չէին դադարել։ Գրավելով գյուղի կեսը՝ թշնամին փորձում էր վերցնել նաև մյուս կեսը։

Թաղավարդն, ի վերջո, կիսվեց երկու մասի։ Գյուղի վերին հատվածը՝ մոտ 130 տուն, անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Նույնքան տուն էլ գյուղի ներքևի հատվածում՝ Կալերում, մնաց հայկական վերահսկողության տակ։

Կարո Ալավերդյանի տունը Թաղավարդը արդեն երկու մասի բաժանող սահմանի մոտ է։ Տնից երևում են հայկական դիրքերը, քիչ հեռու ադրբեջանական դրոշն է՝ նրանց դիրքերը։ 

Մեր հանդիպման ժամանակ Կարոն տան տանիքն էր փոխում․ «Տունը կառուցել եմ 1988թ․, առաջին անգամ 90-ականներին էր վնասվել՝ պատերազմի ժամանակ, հիմա նորից ենք փոխում՝ արդեն այս պատերազմից հետո»,- պատմում է Կարոն՝ ցույց տալով հրետակոծությունից վնասված տան հատվածները։

Վերջերս տան ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին արձակվել։ Հարցին, թե չե՞ն վախենում տանիքում աշխատողները, Կարոն պատասխանում է․ «Մի պահ իջան աշխատողները, բայց հետո բարձրացան, շարունակեցին աշխատանքները։ Մենք Թաղավարդում ենք ապրել ու ապրում, չենք գնալու էստեղից, ինչքան էլ իրենք ուզեն»։ 

Կարոն ասում է, որ Թաղավարդում խորհրդային ժամանակներում ոչ մի ադրբեջանցի չի ապրել։ Նա հույս ունի, որ հակառակորդին անցած գյուղի կեսը, որտեղ նաև գյուղի գերեզմանոցն է, իրենց նախնիների շիրիմները, նորից կվերադարձվի։

Քնարը՝ Կարոյի կինը, թեյ է պատրաստում դեկտեմբերյան սառնոտ օրը տանիքում աշխատողների համար։ Քնարը աստիճաններով թեյը տանիք է բարձացնում, իջնելիս հարցնում ենք՝ վտանգավոր չէ՞ այստեղ ապրելը, երբ ադրբեջանական դիրքերն այսքան մոտ են։ Պատասխանում է, որ զինադադարից հետո, երբ վերադարձան, տունը տակնուվրա էր արված։ Գյուղի կեսը թշնամուն էր անցել, անորոշ վիճակ էր, շատերը չէին կողմնորշվում՝ մնա՞լ, թե՞ գնալ։ Իրենք եկան ու մնացին։

«Եկանք տուն, ամբողջը խառնաշփոթ էր, իջանք ներքևի նկուղային սենյակը, վառարանը վառեցինք ու նստեցինք։ Ինչքան էլ ապահով ու բարեկարգ տուն լինի հեռվում, Թաղավարդից՝ մեր տնից, լավ տեղ չկա»,- ասում է Քնար Ալավերդյանը։

Գլխավոր լուսանկարում՝ ձախից առաջինը Կառլեն Ալավերդյանն է

Մեկնաբանություններ (3)

koko Warian
God bless you &your family
Garo Sevag
Unfortunately Mr Pashinyan has a personal hatred towards Armenians from Artsakh.
Zevart Melkonyan
Let the parliament leader Alen donate his new BMW to Karo. There is no legit government in Armenia. They are all thieves. And stupid Pashinyan busy loving himself only.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter