HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նազարբաևը պաշտոնանկ է արվել Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կզբաղեցնի երկրի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Այդ մասին Տոկաևը հայտարարել է քաղաքացիներին ուղղված իր ուղերձում։ 

Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնին Նազարբաևը նշանակվել էր 2019 թվականի մարտին, երբ հրաժարական էր տվել Ղազախստանի նախագահի պաշտոնից։ 

Իր տեսաուղերձում Տոկաևը խոստացել է առավելագույնս կոշտ գործել այն ցուցարարների նկատմամբ, որոնք բախումների մեջ են մտնում ոստիկանության հետ։ Փողոցային ակցիաների մասնակիցներին նա անվանել է դավադիրներ, որոնք ունեն գործողությունների ծրագրված պլան և «ֆինանսապես մոտիվացված են»։ 

Տոկաևը վստահեցրել է, որ գտնվում է մայրաքաղաք Նուր-Սուլթանում և չի պատրաստվում լքել այն։ Նա խոստացել է առաջիկայում հանդես գալ Ղազախստանում «քաղաքական տրանսֆորմացիայի» առաջարկով։ 

Նուրսուլթան Նազարբաևը անկախ Ղազախստանի առաջին նախագահն էր, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 1991-2019 թվականներին։ Մինչ այդ նա եղել է Ղազախստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար։ 

Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Նազարբաևը պահպանել էր Ղազախստանում իր էական ազդեցությունը։ Նա ոչ միայն Անվտանգության խորհրդի ղեկավարն էր, այլև իշխող «Նուր Օթան» կուսակցության առաջնորդը։ Նրան տրվել էր նաև «ժողովրդի առաջնորդ» կոչումը։  

Բողոքի ցույցերի վերաբերյալ, որոնք Ղազախստանում սկսվել էին հունվարի 2-ից, Նազարբաևը որևէ մեկնաբանություն չի արել։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև հայտարարել է, որ բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել են իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց թիվը նա չի նշել։ Ղազախստանի նախագահի խոսքերով՝ այդ երկրում իրականացվում են զանգվածային հարձակումներ ուժայինների վրա։ 

Ալմաթիի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքում հրկիզվել է ավելի քան 120 մեքենա, ներառյալ 33 ոստիկանական։ Ավերվել է 120 խանութ, հանրային սննդի 180 ձեռնարկություն, մոտ 100 գրասենյակ։ Ծեծի է ենթարկվել ավելի քան 500 մարդ։ 

Ցուցարարները գրավել են կառավարական մի քանի շենքեր, այդ թվում Ալմաթիում նախագահի նստավայրը և քաղաքապետարանը։ Երկու շենքերում էլ սկսվել են հրդեհներ։ Ղազախստանում ամբողջությամբ անջատված է ինտերնետը։

Լուսանկարը՝ akorda.kz-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter