HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբրեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ (Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը 2021 թ. Սեպտեմբերին) հայտնել է, որ սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով։

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Օգնության խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա ասել էր, թե օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։

«Ես այսօր դիմել եմ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին՝ օգնություն տրամադրելու Ղազախստանին, որպեսզի հաղթահարենք այս ահաբեկչական սպառնալիքը։ Իրականում, սա արդեն սպառնալիք չէ, այլ՝ պետականության սասանում, և հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք դիմում են ինձ՝ երկրի ղեկավարիս, օգնության խնդրանքով»,-հայտարարել է Ղազախստանի առաջնորդը։

Հունվարի 2-ից Ղազախստանում զանգվածային ցույցեր են։ Առիթը հեղուկ գազի գնի աճն էր։ Շուտով, սակայն, ցուցարարները քաղաքական պահանջներ ներկայացրին՝ գործող իշխանությունների հրաժարականը։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Ալմաթիում բախումներ եղան ցուցարարների ու ուժայինների միջև։

Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական տվեց Ղազախստանի կառավարությունը, ապա Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից՝ Նուրսուլթան Նազարբաեւը, իսկ երեք մարզերում հայտարարվեց արտակարգ դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է՝ «հանրային կարգի խախտման պատճառով», կան զոհեր եւ վիրավորներ։ Երկրում գրեթե ամբողջությամբ անջատվել է համացանցը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter