
100 հայ խաղաղապահ մեկնել է Ղազախստան
Հայաստանի զինված ուժերի 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գործուղվել է Ղազախստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գործուղումը կազմակերպվել է՝ «հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հայաստանի կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշումը կայացրել էր երեկ՝ հունվարի 6-ին։
«Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել