HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«IDEX-2021»-ի հայկական ցուցանմուշները գրեթե մեկ տարի «փորձաքննվում են» Ռուսաստանում առանց պատճառաբանության

Անցյալ տարվա փետրվարի 21-25-ն Աբու Դաբիում կայացած «IDEX-2021» միջազգային ռազմական ցուցահանդեսի համար Հայաստանից ուղարկված նմուշները շուրջ մեկ տարի արգելափակվել են Մոսկվայում, ու անհայտ է, թե երբ դրանք կվերադարձվեն իրենց տերերին՝ հայ արտադրողներին։

Հիշեցնենք, որ երկու տարին մեկ անցկացվող այս հեղինակավոր ցուցահանդեսին հայկական ձեռնարկությունները նախորդ տարի մասնակցում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) հովանու ներքո (2019-ին ՊՆ հովանու ներքո էին մեկնել Աբու Դաբու)։

Մեր երկիրը 2021 թ․ ԱՄԷ-ում ներկայացրել էր 14 ընկերություն, իսկ պետությունը, ԲՏԱՆ-ի ներկայացրած տվյալների համաձայն, ծախսել էր շուրջ 144 մլն դրամ, բայց հայկական տաղավարն այդպես էլ դատարկ էր մնացել, քանի որ բոլոր 23 նմուշները տեղ չէին հասել։ Դրանք ուղարկվել էին ռուսական «Աէրոֆլոտի» կողմից իրականացվող Երեւան-Մոսկվա-Աբու Դաբի չվերթով, բայց Ռուսաստանի մայրաքաղաքում «խցանվել էին», քանի որ ռուսաստանցի մաքսավորները փաստաթղթային խնդիրներ էին տեսել։

Ընդհարապես, ռազմարդյունաբերական ցուցահանդեսներին ներկայացվող նմուշները ռազմական կամ երկակի (այսինքն՝ կարող են կիրառվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով) նշանակության արտադրանք են: Նման բեռ տեղափոխելու համար անհրաժեշտ են համապատասխան ուղեկցող փաստաթղթեր:

Մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիայի համաձայն՝ ցուցանմուշներն ու կից փաստաթղթերը ստուգող ՌԴ մաքսային ծառայողները պարզել էին, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են, ինչն էլ պատճառ է դարձել, որ մինչ օրս հայկական ցուցանմուշները դուրս չեն գալիս Ռուսաստանի տարածքից:

2021-ի ապրիլին ԲՏԱ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը «Հետքի» հարցին, թե արդյոք նախարարությունը հաստատում է, որ նմուշների արգելափակման պատճառը փաստաթղթային խնդիրներն են, պատասխանել էր․ «Դեռեւս ՌԴ մաքսային մարմնից պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել. այս կետին կարող ենք անդրադառնալ միայն պաշտոնական տեղեկատվությունը ստանալուց հետո»: Հուլիսին էլ նախարարության պատասխանը նույնն էր, իմացել էինք նաեւ, որ ռուսական կողմը մեր ցուցանմուշների փորձաքննություն է նշանակել։ «ԲՏԱ նախարարության կողմից պարբերաբար հարցումներ են ուղարկվում փորձաքննության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ քայլեր են ձեռնարկվում ցուցանմուշները հնարավորինս շուտ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնել էր Մելքումյանը։  

Այս պատմությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԲՏԱ նախարարը Հակոբ Արշակյանն էր, որին քիչ ուշ փոխարինեց Հայկ Չոբանյանը, նրան էլ՝ Վահագն Խաչատուրյանը։

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ հայկական ցուցանմուշները գտնվում են Ռուսաստանում, սակայն մինչ օրս դրանց ճակատագրի վերաբերյալ որեւէ հստակություն չկա։   

Դեկտեմբերին նախարար Խաչատուրյանին նոր հարցում էինք ուղարկել, բայց պարզվում է՝ ոչինչ չի փոխվել․ ցուցանմուշներն ամբողջությամբ մնում են Մոսկվայում, քանի որ ՌԴ մաքսային մարմնի կողմից դեռեւս 2021 թ․փետրվարի 21-ին կայացված որոշմամբ դրանք ներկայացվել են փորձաքննության։ «ԲՏԱ նախարարությունն, այլ գերատեսչությունների հետ համագործակցելով, բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ՝ ցուցանմուշների վերադարձը կազմակերպելու համար»,- այս անգամ հայտնել է նախարարության գլխավոր քարտուղարը։

Մեր հարցին, թե արդյոք հայկական կողմն ի վերջո ստացել է պարզաբանում այն մասին, թե ռուսական կողմն ինչու է արգելակել նմուշների տեղափոխումը դեպի ԱՄԷ, նախարարության ներկայացուցիչը նշել է․ «Ցուցանմուշները դեպի ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի բաց չթողնելու եւ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ հայկական կողմը ռուսական կողմից դեռեւս պարզաբանում չի ստացել»:

Եթե Նարեկ Մելքումյանի հայտնածն իսկապես ճիշտ է, ապա առկա իրավիճակն առնվազն մտահոգվելու տեղիք է տալիս, քանզի շուրջ մեկ տարի անց հայկական կողմը պաշտոնապես չի ծանուցվում մեր ցուցանմուշների արգելափակման պատճառների մասին։ Ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող երկրի կողմից նման վարվելակերպը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նկատենք նաեւ, որ ցուցանմուշները (չենք պնդում, թե բոլորը) պատրաստվել են պետության հետ համագործակցությամբ, եւ արտադրողները դրանցով նաեւ պետք է հաշվետու լինեն պետությանը իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ:  

Առաջին լուսանկարում՝ հայկական դատարկ տաղավարը Աբու Դաբիի ցուցասրահում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter