Լիբանանը դարձյալ մնացել է առանց էլեկտրականության
Ամբողջ Լիբանանը դարձյալ մնացել է առանց էլեկտրականության։ Այդ մասին հայտարարել է այդ երկրում էլեկտրաէներգիայի մատակարար Electricite du Liban (EDL) պետական ընկերությունը։ Վերջինս ստիպված է եղել դադարեցնել հոսանքի մատակարարումը, երբ Բեյրութից հյուսիս Արամունում գտնվող բաշխիչ կայանի տարածք են փորձել ներթափանցել ցուցարարները, որ վնասեն այնտեղ առկա տեխնիկան։ Բողոքի ակցիան իրականացվել է ընդդեմ էլեկտրամատակարարման մեջ առկա պարբերական անջատումների։
Ինչպես նշում է Deutsche Welle-ն, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները կապված են այդ երկրում առկա ֆինանսական ճգնաժամի և էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ նավթի ներկրման բարդությունների հետ։
Դեռ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Լիբանանի ամենախոշոր Ալ Զահրանի և Դեյր Ամար էլեկտրակակայանները, վառելիքի անբավարարության պատճառով, դադարեցրել էին իրենց աշխատանքը, որի արդյունքում երկրի ողջ տարածքում անջատվել էր էլեկտրականությունը։ Այն վերականգնվել էր միայն մեկ օր անց։
Ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին՝ Լիբանանն ավելի քան 6 ամիս չի կարողանում ապահովել էլեկտրակայանների վառելիքով ապահովումը, որի պատճառով փաստացի բոլոր բնակիչները օրական 20-22 ժամ մնում են առանց էլեկտրականության։
Երկրում զգացվում է նաև բենզինի, դեղամիջոցների և նույնիսկ խմելու ջրի պակաս։
Լուսանկարը՝ AP Photo/Hassan Ammar
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել