HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագետ․ «Ռուսաստանը նաեւ Կենտրոնական Ասիայում է Թուրքիայի ապագա գերակայության հիմքերը ստեղծում»

3 հարց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին

-Պարոն Մելիքյան, ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան միանշանակ չընդունվեց թե՛ ՀԱՊԿ անդամ երկրների հասարակությունների որոշ շերտերի, թե՛ Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից։ Ի վերջո, ՀԱՊԿ զորքերի մուտքը Ղազախստան կարելի՞ է արդարացված համարել միջազգային իրավունքի եւ, մասնավորապես, ՀՀ արտաքին շահերի տեսանկյունից։

-ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մուտքը Ղազախստան չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի ցանկության ու համաձայնության, թեեւ, որքան հասկանում եմ, այդ կարգի որոշումները կարող են կայացվել միայն կոնսենսուսի հիման վրա: Այսինքն՝ ՀԱՊԿ անդամ որեւէ պետության կողմից այդ որոշման մերժումն ընդհանուր խաղաղապահ ուժերի մուտքը Ղազախստան անհնար կդարձներ: Այլ հարց է, թե ինչ գին ստիպված կլիներ վճարել այդ որոշումը մերժող պետությունը, եթե դրա հիմնական պատվիրատուն ու նախաձեռնողը հանդիսանում է Ռուսաստանը:

Խաղաղապահ ուժերի մուտքը Ղազախստան չի կարող անօրինական համարվել, եթե առկա է Ղազախստանի օրինական իշխանությունների դիմումը ՀԱՊԿ-ին կամ որեւէ այլ միջազգային կազմակերպության, եւ այդ կազմակերպության կողմից դիմումը բավարարելու համաձայնություն է տրվել: Առավել եւս, եթե, ինչպես դա տվյալ դեպքում է, դիմումատու պետությունը հենց ՀԱՊԿ-ի անդամ է:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա ես չգիտեմ, թե դրանք ինչպես են հաշվարկվել ՀՀ գործող իշխանությունների կողմից, սակայն բոլոր դեպքերում բնական եմ համարում, որ նրանք պարտավոր էին հաշվարկել առաջին հերթին այն հնարավոր գինը, որ ստիպված էր տալու մեր երկիրը Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահների մուտքն արգելափակելու դեպքում:

-Ի՞նչ ռիսկեր եք տեսնում մեր զորախմբի ուղարկման ֆոնին Հայաստանի միջազգային վարկանիշի եւ Ղազախստանում գտնվող հայերի անվտանգության վերաբերյալ։ Արդեն իսկ սպառնալիքներ կան ՌԴ-ում ՀՀ-ի եւ Բելառուսի դեսպանատների նկատմամբ։

-Հայաստանի միջազգային վարկանիշը դժվար թե լուրջ վնասներ կրի՝ ՀԱՊԿ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում կարճաժամկետ է լինելու, եւ ակնկալվում է, որ դրանք իրենց մշտական տեղակայման վայրեր են վերադառնալու ամենաուշը հունվարի 19-ին: Իրականում այդ խաղաղապահ ուժերի կարճատեւ այցը Ղազախստան, հավանաբար, երկարաժամկետ հեռանկարում բացասական եւ ապակայունացնող ազդեցություն է ունենալու Ղազախստանի հետագա ներքին զարգացումների վրա՝ կխթանի ազգայնական տրամադրությունների ալիքի աստիճանական աճը եւ կարող է հանգեցնել նաեւ երկրի այլազգի քաղաքացիների հանդեպ խտրականության խորացման եւ անգամ ֆիզիկական բռնությունների:

-Համոզմունք կա, որ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետը գործել է առաջին հերթին ՀԱՊԿ գործընկերների, մասնավորապես, ՌԴ նախագահի «խթանմամբ», չնայած Հայաստանի ԱԽՔ-ն այլ պնդում է անում։ Համամի՞տ եք, որ Փաշինյանը հապճեպություն է դրսեւորել ոչ սեփական նախաձեռնությամբ, եւ դա չի բխել մեր շահերից։

-Այս հարցին պատասխանը չի կարող հիմնվել ինչ-որ համոզմունքների վրա, առավել եւս, որ տարբեր մարդկանց մոտ դրանք տրամագծորեն տարբեր կարող են լինել: Ես կոնկրետ հավաստի տեղեկություններ չունեմ այն մասին, թե վարչապետ Փաշինյանն ինչ գործոններով է առաջնորդվել այս հարցում իր որոշումները կայացնելիս, թեեւ, ամեն դեպքում, վստահ եմ, որ նա ազատ մանեւրելու հնարավորություն չէր էլ կարող ունենալ:

Ինձ համար տեսանելի է, որ 44-օրյա պատերազմի արդյունքներից մեկն այն էր, որ Ռուսաստանը կամավոր կերպով արտոնեց Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, իսկ այժմ էլ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների կարճատեւ մուտքն իրականացնելով եւ ազգայնական տրամադրությունների ալիքը խթանելով՝ նաեւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում է Թուրքիայի ապագա գերակայության հիմքերը ստեղծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter