HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քննարկում ԱԺ-ում՝ դատական գործերը ձեռքով մակագրելու վերաբերյալ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հանձնաժողովում հունվարի 13-ին հրավիրվել էր «կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկում:

Քննարկմանը ներկա էին փաստաբաններ, նախկին ու ներկա դատավորներ, ներկայացուցիչներ դատախազությունից, դատական դեպարտամենտից, պատգամավորներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ ընդդիմության ստորագրահավաքի հիման վրա օրենքի ուժով ձևավորվել է այս խնդիրներն ոսումնասիրող քննիչ հանձնաժողով, սակայն քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկել հանձնաժողովի կազմի հաստատմանը: Վարդևանյանը հայտնեց, որ դիմել է թե՛ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, թե՛ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որ մասնակցեն  քննիչ հանձնաժողովի նիստերին, սակայն այդպես էլ դրական պատասխան չի ստացել:

«Ուզում էինք հասկանալ՝ ինչպե՞ս է լինում, որ դատական գործերի մակագրման համակարգը «ժողովրդավարության բաստիոն Հայաստանում» կարելի է գալ ու խլել, բայց ո'չ պարոն Ջհանգիրյանը, ո'չ էլ պարոն Անդրեասյանը չներկայացան հանձնաժողովի աշխատանքներին»,-ասաց նա: Պատգամավորը հայտնեց, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու չարաշահումների վերաբերյալ դիմել է ՍԴ:

Փաստաբան Արմինե Ֆանյանի գնահատմամբ՝ խնդիրը բազմաշերտ է։ Նախ՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ սխալ ընկալում կա հասարակությունում, շատերի մոտ որևէ անձի անազատության մեջ տեսնելու ցանկությունը կաշկանդում է դատավորներին: Ըստ նրա՝ կա նաև խնդիր ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու տեսանկյունից:

Փաստաբանի ուսումնասիրություններով՝ կարծես թե դատավորները հետապնդման են ենթարկվում  իրենց որոշումների համար, մասնավորապես՝ կալանքը որպես խափանման միջոց չկիրառած դատավորները: Ըստ Ֆանյանի՝ գործերի քննության վրա մեծ ազդեցություն են ունենում նաև քաղաքական գործիչների հրապարակային ելույթներն այդ գործերի վերաբերյալ, ըստ նրա՝ պետք է օրենսդրորեն արգելվի քաղաքական գործիչներին մինչդատական վարույթում գտնվող քրգործերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնել: Նրա խոսքով՝ հրապարակային կարծիքը կարող է ազդել գործի ընթացքի վրա:

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանն, արձագանքելով ներկաների դիտարկումներին, բացառեց քաղաքական ազդեցությամբ կալանավորումների առկայությունը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ կոնկրետ հսկողություն իրականացնող դատախազի տեսակետը կամ ներքին համոզմունքն է հիմքը, այլ հարց է՝ դա որքանով է իրավաչափ կամ ոչ իրավաչափ, որն արդեն կգնահատի դատարանը»,-ասաց նա:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը համոզմունք հայտնեց, թե ընդդիմախոսների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և կալանքի կիրառումը գործող իշխանությունների ձեռքին դարձել է քաղաքական հետապնդման միջոց:

«Իմ խորին համոզմամբ, դա արվում է գլխավոր դատախազության ու ԲԴԽ-ի ձեռքերով: Կարգապահական վարույթներ են հարուցվում բացառապես այն դատավորների նկատմամբ, ովքեր ըստ հանրային տարածված կարծիքի՝ դրսևորում են ինքնուրույնություն, չեն կատարում իշխանությունների հրահանգները, և չեն հարուցվում կամակատար դատավորների նկատմամբ, օրինակ՝ Արմեն Դանիելյան, Մնացական Մարտիրոսյան»,-ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 21-ից ԱԱԾ-ն առգրավել է դատական համակարգի համակարգչային ծրագրի կառավարման սերվերները, ինչի հետևանքով դատական գործերը մակագրվում են ձեռքով: Այս երևույթը ընդդիմադիրներն ու մի շարք փաստաբաններ դատապարտում են՝ վստահեցնելով, որ առկա է սուբյեկտիվիզմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter