HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղջիկն ու ձին

Աղջնակը խոշոր, շփոթված աչքերով նայում է իր առջեւ կանգնած ձիուն: Նա ունակ չէ ինքնուրույն քայլելու, պահպանելու հավասարակշռությունը: Մանկական ուղեղային կաթված, թույլ մկաններ, ինքնուրույն չես կարող, սպասիր օգնեմ… Այս բառերն` ուղղված իրեն, նա լսում է անընդհատ…

Իսկ հիմա իրեն առաջարկում են բարձրանալ այս մեծ, հիասքանչ ու միեւույն ժամանակ վախ ներշնչող ձիու վրա: Նա շատ է վախենում: Բայց կամքի ուժով փորձում է հաղթահարել իր վախը, ժպտում է եւ կամաց մեկնում ձեռքը դեպի ձիու տաք քիթը:

Երկչոտ դիպչում է ձիու քթին: Ձին շարժում է գլուխը. ճանճ է քշում: Երեխան վեր է թռչում, ետ է քաշում ձեռքը, նրա խոշոր, սեւ աչքերը կրկին լցվում են երկյուղով:

Ձին, կարծես իրեն մեղավոր զգալով, որ վախեցրեց երեխային, զգուշորեն մռութով ձգվում է դեպի աղջկա ձեռքը ու լեզվի ծայրով լպստում նրա մատները: Աղջնակը կրկին ժպտում է, կրկին ձեռքը մեկնում դեպի ձիու գլուխը: Ձին այս անգամ հանգիստ է կանգնում: Աղջիկը շոյում է ձիու փափուկ մորթին: Ձեռքը տանում է դեպի վիզը, փորը:

Նրան նստեցնում են ձիու տաք մեջքին: Ձին քայլ է անում: Հետո մյուսը: Գետինը, ծառերը սկսում են պտտվել: Աղջնակին թվում է, թե ինքն ընկնում է: Դողդողացող ձեռքը գցում է ձիու բաշի կոշտ մազերին: Մտածում է, թե ցավեցնում է ձիուն ու բաց թողնում մազերը: Նա դեռ չգիտի, որ ձին բաշի եւ պոչի մասում նյարդեր չունի: Նրա ճանապարհը դեպի Ձի դեռ նոր է սկսվում:

Նրան կրկին թվում է, թե ընկնում է: Ձեռքը ահաբեկված գցում է սեփական տաբատին: Ամուր սեղմում է մատները: Լարում է բոլոր մկանները, որ չընկնի:
Ձիավարժարանում մի շրջանից հետո ավելի հեշտ է դառնում:

Դեռ շարունակում է սղալ, բայց արդեն կարողանում է պահել իրեն ձեռքերով: Եվ թեպետ ոտքերը լարված են, իսկ ձեռքերը ցավում են, այնքան ուժեղ է դրանք սեղմել, սակայն երեխան ծիծաղում է:

Բարձր ու լիաթոք: Նրա 8-ամյա փոքրիկ հոգին ունակ չէ բառերով բացատրել, թե ինչու է այդքան ուրախ, թե ինչու է ուզում ողջ աշխարհը գրկել ու պատմել իր երջանկության մասին:

Տասը րոպե անց նրան իջեցնում են ձիուց, եւ ինքը պետք է ինքնուրույն, առանց բռնվելու կանգնի, իսկ հիպոթերապիստը պիտի հաշվի: Մեկ, երկու, երեք… ութ, ու աղջնակն ընկնում է մոր ձեռքերին:

Սակայն նրա թուլությունն այլեւս չի առաջացնում զայրույթ, այլ միայն ծիծաղ, կրկին փորձելու ցանկություն: Բայց հիմա նրան այլ փորձություն է սպասվում: Ութ շուն վազում են դեպի աղջիկը, որպեսզի ծանոթանան, շփվեն, սիրվեն: Շներից աղջնակն ավելի է վախենում, քան ձիուց:

Կպչում է մորը, խնդրում գրկել իրեն, նստեցնել սեղանին, որեւէ տեղ, ուր շները չեն հասնի իրեն: Հիպոթերապիստն ու մարզիչը ետ են կանչում շներին: Յոթը ենթարկվում են:

Սակայն ամենափոքրիկը` սեւուսպիտակ Մաշան, չի հավատում, որ այս աշխարհում գտնվել է մեկը, ով իրեն տեսնելիս չի ցանկանում միանգամից գրկել, շոյել ու խաղալ իր հետ:

Նա նորից մոտենում է երեխային եւ, ուշադրություն չդարձնելով նրա ճիչերին, համառորեն քսվում ոտքերին: Վերջապես աղջնակը որոշում է շոյել նրան:

Վախվորելով, զգուշորեն, ընդամենը երկու մատով: Բոլորը գովում են նրան, ասում, թե ինչ համարձակն է: Դա նրան դուր է գալիս: Վերադառնում է զգացողությունը, թե ինքն ուժեղ է:

- Մենք կգա՞նք այստեղ վաղը,- պսպղացող աչքերով հարցնում է մորը:
Մայրը գլխով է անում: Նրա աչքերը թաց են:

Հաջորդ օրը սկսվում են վարժությունները քայլող ձիու վրա: Անօգնականության զգացումը վերադառնում է: Ոչինչ չի ստացվում: Նա չի կարողանում ձեռքերը վեր եւ կողք բարձրացնել, միանգամից ընկնում է ձիու վզին: Երկյուղով նայում է հիպոթերապիստին ու մարզչին. մի՞թե իրեն կրկին թույլ կանվանեն:

-Չեմ կարող,- շշնջում է հազիվ լսելի:

-Կարող ես,- լսում է հանգիստ պատասխանը:- Միայն պիտի շատ աշխատես:
Ու նա աշխատում է: Ու ստացվում է: Միանգամից չէ, ոչ մեկ օրվա, այլ ամիսների քրտնաջան աշխատանքի ընթացքում…

Մի քանի ամիս անց հավասարակշռության եւ կոորդինացիայի լավացմանն ուղղված վարժությունները, որոնք դժվար են նույնիսկ շատ մեծահասակ հեծյալների համար, աղջիկը կատարում է հեշտությամբ, նույնիսկ փակ աչքերով: Նա այլեւս չի կանգնում հաշվելով, նա արդեն փորձում է ինքնուրույն քայլեր անել: Մեկ, երկու, երեք… այսօր ինը ինքնուրույն քայլ:

Ձի նստելուց առաջ աղջնակը ծիսակարգ ունի: Նա վերցնում է Մաշային ծնկներին, Մաշան պառկում է մեջքի վրա եւ երանության մեջ փակում աչքերը, երբ երեխան շոյում է իր սպիտակասեւ փորիկը: Հետո հասնում է մյուս շների հերթը: Նա գիտի բոլորի պատմություններն ու խնդիրները:

Հոգատար հարցնում է` ինչպե՞ս է Դորայի ոտքը, լավանու՞մ է (Դորային գտել էինք փողոցում վրաերթ եղած ու վիրահատել): Իսկ Բիմի ստամոքսն ինչպե՞ս է, երեկ ցավում էր: Բիմն ու Ասլանը դեռ կռվու՞մ են իրար հետ, թե՞ ընկերացել են: Իսկ Արջուկն ու Դոդոն դեռ պայքարու՞մ են տարածքի համար:

Հետո կերակրում է ձիերին խնձորով ու շաքարով: Եվ տրտնջում, որ այ Խարունժին միանգամից վրա է տալիս շաքարին, իսկ Սալման կտրականապես հրաժարվում է անգամ փորձելուց:

Եվ հարյուրերորդ անգամ հարցնում է, թե երբ է կարելի լինելու հեծնել Ժեֆային: Ու հարյուրերորդ անգամ լսում, որ Ժեֆան դժվար ու նյարդային ձի է, որ դեռ վաղ է, բայց մի օր հերթն անպայման կհասնի եւ Ժեֆային:

Իսկ Սալմային երեխան արդեն ինքն է կառավարում: Սալման մի առանձնահատկություն ունի. նա տարբեր է վերաբերվում հիպոթերապիայի պարապմունքներին հաճախող երեխաներին եւ մեծահասակ հեծյալներին:

Երեխաների հետ նա լսող է եւ հնազանդ: Իսկ հեծյալները բավական է շեղվեն մի պահ, ու Սալման սկսում է այսուայն կողմ տանել, ընդ որում` այնպիսի անմեղ տեսքով, ասես ընդամենը նրանց հրամանն է կատարում: Աղջնակին ձին ընդունում է որպես «երեխա»:

Բայց այսօր, երբ աղջկան թողնում են լրիվ մենակ ձիու հետ, Սալման հասնում է շրջադարձին, մի պահ կանգ առնում ու ձախ շրջադարձ վերցնելու փոխարեն տանում ձիավարժարանից դուրս: Աղջնակը քարանում է հրճվանքից: Նա գիտի Սալմայի այս առանձնահատկությունը:

Եվ մինչ մյուս «առողջ եւ ուժեղ» հեծյալները բղավում էին Սալմայի վրա նրա այդ հնարքի համար, «հիվանդ եւ թույլ» աղջիկը ծածուկ երազում էր, որ Սալման իրեն էլ նույն կերպ վերաբերվի, ոչ որպես երեխայի, այլ որպես հեծյալի: Եվ հրաշքը տեղի է ունենում. Սալման ճանաչում է իրեն որպես հեծյալի:

Աղջիկն իրեն աշխարհի տիրակալ է զգում է: Ուժեղ, մեծ, ամենակարող: Էյֆորիայի այդ զգացողությունը… Ապրելու, շարունակելու, ուրախանալու անզուսպ ցանկությունը… Նրա մայրը հենց դրա համար է սիրում ձիուն, որ նա իր երեխայի մեջ արթնացնում է այս զգացմունքները:

Իր դուստրը շատ բուժումներ ու թերապիաներ է ստացել, բայց հիպոթերապիան միակն է դրանցից, որի ժամանակ երեխան չի զգում, որ բուժում է ստանում, միակը, որի ժամանակ մայրը տեսնում է ոչ թե ձանձրույթով լի աչքեր, երբ երեխային ստիպում են բազմիցս կրկնել միեւնույն վարժությունները, այլ երջանկություն: Անսահման, անհուն երջանկություն:

Աղջնակն արդեն սովորում է վարգել: Երբ կենտրոն նոր աշակերտ է գալիս, հենց իրեն են խնդրում զբաղվել նրա հետ: Եվ նա` «թույլ, անկարող» աղջնակը, բացատրում է «մեծ, ուժեղ» մարդուն, որ ձիավարել սովորելը հեշտ չէ, պետք է երկար ու համառ աշխատել, բայց ինքն անպայման կկարողանա, եթե շատ ուզենա:

Նաեւ պատմում է, թե ձիու մեջքի տատանումների ռիթմն ինչպես է ազդում հեծյալի մկանների վրա, եւ ինչպես են ձիու վրա անհետանում բոլոր վատ մտքերն ու տխրությունը: Նա ուզում է մարզիչ դառնալ, երբ մեծանա:

Ու նաեւ… Աղջնակն արդեն ինը տարեկան էր, բայց չէր հաճախում դպրոց: Չէր ուզում: Վախենում էր: Գիտեր, որ նման չէ մյուսներին: Վախենում էր, որ այնտեղ էլ չի կարողանա, կլինի «թույլ»:

Հիմա նա էլ չի վախենում: Եթե ինքը կարող է ձեռքի թեթեւ շարժումով կառավարել այս մեծ նժույգին, ապա կարող է հաղթահարել ամեն ինչ: Ու հայտնում է մորը, որ կուզենար դպրոց գնալ: Բայց այնպիսի դպրոց, որտեղ անպայման նկարչության դաս լինի: Որովհետեւ, բացի մարզչից, նա նաեւ ուզում է նկարչուհի դառնալ եւ ձի նկարել:

Հ.Գ. Սա մեկն է այն պատմություններից, որոնք ամեն օր տեղի են ունենում հիպոթերապիայի կենտրոնում (www.centaur.am): Այս աղջնակն ու նրա նման շատերը ամեն օր ապացուցում են, որ չկան սահմանափակ հնարավորություններ, կա միայն սահմանափակ հայացք հնարավորություններին: Եվ եթե շատ ուզես, անկարելին դառնում է կարելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter