
Եվրամիությունն ու Ռուսաստանը ողջունում են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման անցկացումը
Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման անցկացումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Welcome news about meeting in Moscow between ??and??representatives. Normalisation of relations and opening of communications is an important objective that the ??fully supports.
— Toivo Klaar (@ToivoKlaar) January 14, 2022
«Մենք ողջունում ենք Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման անցկացումը։ Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին հասնելուն Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է»,- նշել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Մոսկվան օգնում է Երևանին ու Անկարային՝ հարթելու ուղիղ երկխոսություն՝ հուսալով, որ այն կհաջողի։
«Թուրքիան և Հայաստանը իրավամբ նշանակել են հատուկ ներկայացուցիչներ։ Ռուսաստանն օգնել է դրանում, որպեսզի հասնեն այդպիսի պայմանավորվածության, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումը կայանում է Մոսկվայում։ Մեր դերը կայանում է նրանում, որ օգնենք հարթել ուղիղ երկխոսություն։ Հուսամ, որ դա կհաջողի»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայանում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Անկարան ներկայացնում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Երևանը՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմերի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարում՝ հայ-թուրքական սահմանը, Hansm/Wikimedia Commons
Մեկնաբանել