HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

ՀԷՑ-ն անջատել է քաշաթաղցի տեղահանվածների էլեկտրաէներգիան. մի քանի բնակիչ բերման է ենթարկվել

Նորքի այգիներ 180 հասցեում բնակվող քաշաթաղցիների ժամանակավոր կացարանը հոսանքազրկվել է։ ՀԷՑ-ի աշխատակիցները պատճառաբանել են, որ կացարանին էլեկտրաէներգիայի մատակարարումն ապօրինի է։ Բնակիչները բազմիցս դիմել են ՀԷՑ՝ բաժանորդ դառնալու համար, սակայն մերժվել են, քանի որ այնտեղ ապօրինի են բնակվում։ Շենքը պետական է, 2002 թվականից ամրացված է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից ու հարակից գյուղերից արցախյան 44-օրյա պատերազմից հետո տեղահանված 15 ընտանիք 2020 թվականի դեկտեմբերից բնակվում է Նորք-Մարաշում գտնվող Նորքի այգիներ 180 հասցեի կիսավեր շենքում։ Նախորդ տարի ընտանիքների թիվը 11 էր, հիմա այնտեղ բնակվում է 15 ընտանիք։ 

«Հետքը» 2021 թվականի հոկտեմբերի 21-ին գրել էր, որ Պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակիցները փորձում են քաշաթաղցիներին հանել շենքից՝ պատճառաբանելով, թե այն աճուրդի է դրվել ու բնակության համար պիտանի չէ։

Քաշաթաղցիները շենքի պայմանները բարելավել էին, բայց նախապես չէին տեղեկացրել այնտեղ բնակություն հաստատելու մասին։

Քաշաթաղից տեղահանվածները շենքում տեղավորվելուց հետո ՀԷՑ-ի բաժանորդ չեն եղել։ Չնայած բազմիցս դիմել են, սակայն նրանց պատասխանել են, որ այդ հասցեում ապօրինի են բնակվում, չունեն գրանցում, ուստի չեն կարող բաժանորդ դառնալ։ Քաշաթաղցիները էլեկտրաէներգիա ստացել են էլեկտրամատակարարման սարքի (դվիժոկի) միջոցով, հիմա սարքը վառվել է, ու բնակիչները ստիպված ապօրինի էլեկտրաէներգիա են ստանում հարակից «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից։ 

«Բազմիցս դիմել ենք, որ բաժանորդ դառնանք, ասել են՝ մոռանանք դրա մասին, ապօրինի ենք ապրում, չենք կարող, հիմա էլ հա՛մ ասել են՝ կարող եք, դիմում գրեք, հա՛մ էլ եկել, նորից անջատում են»,- պատմում է բնակիչներից Անահիտ Գրիգորյանը։

Հունվարի 12-ին և այսօր՝ հունվարի 14-ին, ոստիկանների հետ նրանց են այցելել ՀԷՑ-ի աշխատակիցները ու կտրել հոսանքի լարերը։

Նախորդ այցելության ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել բնակիչներից Ռոման Հակոբյանին ու Ջիվան Ծատրյանին։ Սերոբ Ծատրյանին փորձել են բերման ենթարկել այսօր, բայց հարևանները թույլ չեն տվել։ 

Մեր այցելության պահին ոստիկաններն ու ՀԷՑ-ի աշխատակիցներն արդեն հեռացել էին։

Բերձորից տեղահանված Սերոբ Ծատրյանն ասում է, որ հունվարի 12-ին բաժանորդագրության համար դիմում են գրել, բայց այսօր դադարեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարումը։ 

«Մենք միացնելու ենք նորից, էդքան էրեխա էս ցրտին ո՞նց առանց հոսանքի ապրի, մեզ ասում են՝ հոսանք եք գողացել, իսկ մեզնից մեր տունն ու տեղն են գողացել, բա եթե բաժանորդ չեք դարձնում, ի՞նչ անենք, ո՞նց լույս ունենանք»,- ասում է Սերոբը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հայտնեց, որ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«ՀԷՑ-ի ներկայացուցիչը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ Նորքի այգիներ հասցեում բնակիչներն ապօրինի լարանցում են կատարել, այս պահին նյութեր են նախապատրաստվում»,- նշեց նա։

Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև ՀԷՑ-ի լրատվական բաժնի աշխատակցի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր։

Մոնտաժը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter