HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գարիկ Սարգսյանը Վեդիում վարչական ղեկավարներ է նշանակել` այդպիսի իրավասություն չունենալով

Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը հունվարի 13-ին Վեդի միավորված համայնքի 17 բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել: Օրենսդրական հղումները, որոնցով համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ցանկացել է հիմնավորել իր որոշումները, չեն կարգավորում այս հարցը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ վարչական ղեկավարներ կարող է նշանակել համայնքի ընտրված ղեկավարը: Վեդիում համայնքի ղեկավար չի ընտրվել, իսկ «ՏԻՄ օրենքի» 27-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ»:

2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի միավորված համայնքում տեղի ունեցան ավագանու համամասնական կարգով ընտրություններ, որից հետո ավագանին պետք է համայնքի ղեկավար ընտրեր: Ընտրությանը մասնակցած երեք քաղաքական կուսակցություններից ոչ մեկը բավարար քվե չհավաքեց, որպեսզի ստանձներ համայնքի ղեկավարի պաշտոնը: Ընտրողների ամենամեծ քվեն ստացավ «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը՝ 44.08%, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 39.12% և «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16.78% քվե:

2021թ. դեկտեմբերի 17-ին նախատեսված էր ավագանու առաջին նիստը, սակայն դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։

Դրան նախորդող օրերին մամուլը գրեց, որ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գագիկ Հակոբյանը հրաժարվել է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու հետ և Վեդի համայնքի ղեկավար առաջադրել Գարիկ Սարգսյանին:

Կառավարությունը 2022թ. հունվարի 4-ի որոշումով վաղաժամկետ դադարեցրեց Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկեց՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օր նշանակել: Հունվարի 10-ին գումարված արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունները նշանակեց 2022 թ. մարտի 27-ին:

Այսպիսով՝ Վեդի համայնքում դեկտեմբերի 5-ի ընտրություններով չհաջողվեց տեղական իշխանություն ձևավորել՝ ավագանի, որն էլ պետք է ընտրեր համայնքի ղեկավար: Վարչապետի հունվարի 5-ի որոշումով ՔՊ կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Քանի որ Վեդին ավագանի չունի, նրա կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում կառավարումը պետք է շարունակեն մինչ այդ պահը գործող, ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները՝ մինչև նոր ընտրություններով տեղական իշխանություն ձևավորելը:

Սակայն, Գարիկ Սարգսյանը որոշել է կառավարման նոր համակարգը հարմարեցնել նախորդին: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող դադարեցնել միավորված բնակավայրերի ղեկավարների լիազորությունները և նրանց փոխարինել վարչական ղեկավարներով այն պարզ պատճառով, որ վարչական ղեկավարի հաստիք Վեդիում դեռևս գոյություն չունի:

«ՏԻՄ» օրենքում տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանի և համայնքի ղեկավար, լիազորությունները շարադրվել են գերադասության սկզբունքով՝ սկզբում համայնքի ավագանու իրավասություններն են շարադրված, որից հետո՝ համայնքի ղեկավարինը: Ըստ այդմ՝ համամասնական կարգով ընտրություններ անցկացնելու ժամանակ ավագանի պետք է ընտրվի, որն էլ համայնքի ղեկավար կընտրի:

«ՏԻՄ մասին» օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է ավագանու լիազորությունները, ըստ այդմ՝ ավագանին ընտրում է համայնքի ղեկավարին, այնուհետև նույն հոդվածի 28-րդ կետով՝ ընտրված համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի, համայնքային հիմնարկների, համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ:

Վեդի համայնքի դեպքում չկա ավագանի, հետևաբար հաստիքացուցակ ու պաշտոնային դրույքաչափեր չեն հաստատվել: Գարիկ Սարգսյանն իր որոշման մեջ հղում է կատարել «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածին և որոշել, որ վարչական ղեկավարներն առայժմ նախկին համայնքների ղեկավարների աշխատավարձի համամասնությամբ կվարձատրվեն: Սույն օրենքի 10-րդ կետը սահմանում է. «Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով»:

Իսկ Վեդի համայնքում միավորված 17 բնակավայրերի համայնքապետարանների աշխատակազմերն ինչպե՞ս են վարձատրվելու: Չէ՞ որ յուրաքանչյուր համայնքում մի քանի տասնյակ հաստիքացուցակ կա, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատողներ, իսկ վարչական ղեկավարի հետ միայն մեկ օպերատոր է աշխատում:

Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն այս ընթացքում չի կարող ազատել աշխատակազմերին: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ: Եթե հաստիքացուցակում փոփոփություններն անթույլատրելի են, ուրեմն վարչական ղեկավարի հաստիք չի կարող գոյություն ուենալ, և նրա վարձատրությունն անօրինական է:

Ի դեպ, համայնքներում կառավարման ճգնաժամն այսքան չէր խորանա, սխալները չէին հաջորդի իրար, եթե ժամանակին Սահմանադրական դատարանը լուծեր այս թնջուկը: Դեռևս 2021թ. փետրվարին համայնքների նախկին ղեկավարներից մի քանիսը դիմել էին ՍԴ՝ խնդրելով քննության առնել իրենց այն դիրքորոշումը, որ համայնքի ընտրված ղեկավարի պաշտոնավարումը պետք է երկարաձգել մինչև ընտրություններով նոր համայնքապետի ընտրվելը, և ոչ թե կառավարությունը նոր պաշտնակատարներ նշանակի:

Դիմումի քննությունը չորս անգամ հետաձգելուց հետո, անցած տարվա նոյեմբերի 16-ին ՍԴ-ն հայտարարեց, որ նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի, դիմումը համարվում է մերժված։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս հայտարարեց, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու սույն օրենքը, որի կիրառման դեպքում համակարգային խնդիրները չեն լուծվում, իրավունքների խախտումները չեն վերանում՝ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter