HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Կորոնավիրուսից մահվան դեպքերի տարբերությունը վերացվել է միայն 2020թ․-ի համար. 2021-ը դեռևս ճշտված չէ

Այն, որ 2020թ.-ից մինչև օրս կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի մասին Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամսական տվյալները երբևէ չեն համընկել, Կառավարությանը հայտնի դարձավ վերջերս։

2021թ․-ի նոյեմբերի 25-ի Կառավարության նիստի ժամանակ եղած տարբերությունը քննելու նպատակով վարչապետը հայտարարեց, որ նշանակված է քննություն։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ տեղեկանալու նշանակված քննության արդյունքների մասին։

Նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի մահվան դեպքերի թվային տարբերությունն ամբողջությամբ վերացված է, մասնավորապես՝ մահվան պետական գրանցման համակարգում առկա անհատական տվյալները համադրվել և մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ։

Այսօր ԱՆ-ն ֆեյսբուքյան իր էջով ևս հայտնեց, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և Առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը:

Հիմնվելով հարցման պատասխանի և հավելյալ ճշտող հեռախոսազրույցի վրա՝ մահերի տարբերությունը վերացվել է միայն 2020թ․-ի համար (տարբերությունը՝ 582), իսկ 2021թ․-ի հունվարից նոյեմբեր ամիսների տարբերությունը՝ 292, դեռևս քննված չէ։

Նոյեմբեր ամսվա ընթացքում, ըստ Առողջապահության նախարարության, մահերի թիվը 1231 է, ըստ Վիճկոմիտեի՝ 1324, տարբերությունը՝ 93։

2021թ. նոյեմբեր ամսվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը ռեկորդային է։ 2020թ․-ից սկսած՝ սա ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ տարվա ընթացքում միակ ամիսն է, երբ քովիդի հետևանքով մահերի թիվը հատել է հազարի շեմը։ Նման բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 2020-ի նոյեմբերին՝ 1174 մահ։

Հարցման պատասխանում նշված է նաև, որ այսուհետ անճշտություններից խուսափելու նպատակով էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգն ինտեգրվել է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգին, ըստ որի՝ մահվան մասին բժշկական վկայականները ձևակերպվելու են էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռելու վարել միասնական և ճշգրիտ վիճակագրություն։

 

 


Infogram

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter