HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց Դավիթ Տոնոյանի և մյուսների ինքնաբացարկի միջնորդությունը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի և մյուսների գործով դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը փորձել է պարզել ՊՆ-ից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվելու հանգամանքները՝ կասկածի տակ դնելով դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելը: Երեկ նիստը հետաձգվել էր, որ Երևանի ընդհանուր իրավասությունից տեղեկություն պահանջվի՝ գործը Շահվերդյանին օրենքով սահմանված կարգով մակագրվելու վերաբերյալ:

Ավետիկ Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանի նախագահը պարզապես գրություն է ուղարկել այն մասին, որ այն օրը, երբ գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին, 18 գործ է մուտք եղել դատարան, որոնք ըստ դատավորների՝ ազգանունների այբբենական հաջորդականության մակագրվել են: Ասվածի վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել, իսկ դրանք ստուգելու հնավորություն պաշտպանական կողմ այս պահին չունի: Հաշվի առնելով վերը նշվածը՝ պաշտպանները որոշել են Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

«Պարզ է՝ դատարանի նախագահը տվյալներ չի տվել, որպեսզի չերևա, որ մակագրումը խախտումներով է կատարվել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք դատարանին ներկայացրել են գործերի մակագրման հետ կապված խնդրի առնչությամբ դատավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև իրավական ոլորտի այլ ներկայացուցիչների հայտնած մտահոգությունները:  Ինքնաբացարկի միջնորդություն հիմքում դրվել է նաև այն հանգամանքը, որ դատարանը միանձնյա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումը լսելու դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Բացի այդ՝ դատարանը հայտնել է, որ գործն իրեն տրամադրվել է հունվարի 11-ին: Երեկ՝ հունվարի 19-ին, արդեն նիստ է նշանակվել:

Պաշտպանական կողմն, ըստ էության, կասկածի տակ է դրել այն հանգամանքը, որ հնարավոր էր այս գործի 16 հատորներին 8 օրում ծանոթնաալ: Սերգեյ Հովհաննիսյանն այս պնդումն անում է, քանի որ իրենց՝ պաշտպաններին ևս նախաքննության ավարտից հետո նյութերին ծանոթանալու համար 8 օր ժամանակ է տրամադրված եղել, ըստ որում՝ իրենք գործի նյութերին նախաքննության ընթացքում այնքանով, որքանով դրանք իրենց տրամադրված են եղել, ծանոթացել են:

«Մենք, բնականաբար, չունենք այն ծանրաբեռնվածությունն, ինչ դատարանը, մենք 8 օրվա  ընթացքում հասցրինք ծանոթանալ նյութերին, բայց ողջամիտ հարց է առաջանում, թե արդյոք դատարանը քրեական գործի, այն էլ այս բարդ գործի 16  հատորներին հասցրել է ծանոթանալ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ մեկ անգամ գործն ընթերցելով՝ դրան ընդհանրապես չառնված անձին դժվար կլինի հետևություններ անել:

Պաշտպանը նաև ասաց, որ Դավիթ Տոնոյանը նիստի ընթացքում խոսել է նիստը դռնփակ քննելու մասին, հայտնել,  որ իր բարի համբավի խնդիրն է դրված ու ինքը հրապարակային քննություն է պահանջել, որ գործընթացը հանրության աչքի առաջ տեղի ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter