HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

99 համարի ավտոբուսը Քանաքեռ-Զեյթունում 3 փողոց է շրջանցում

Ջուլիետա Կոսոյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ է։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Երևանի քաղաքապետարանի 99 համարի  երթուղային միկրոավտոբուսները փոխարինվեցին նոր ավտոբուսներով Ջուլիետայի համար աշխատավայր հասնելը բարդացել է։ Նա բնակվում է Ֆանարջյան փողոցում, որտեղ գտնվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, աշխատում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում (Է. Հասրաթյան փողոց)։

Կինն ամեն օր աշխատանքի է հասնում տաքսիով, նոր ավտոբուսները շրջանցում են Ֆանարջյան, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցները։ Ջուլիետան ոտքով այդքան քայլել չի կարող, իսկ այդ տարածքով այլ տրանսպորտ չի անցնում։

«Ժամանակ կար, որ էդ ճանապարհով՝ հիվանդանոցների մոտով դեպի Ուռուցքաբանական, 3 տրանսպորտ էր անցնում։ Ժամանակի ընթացքում բոլորը հանեցին, թողեցին միայն 99-ը, բայց հիմա դա էլ չի անցնում, ամեն օր տաքսիով աշխատավայր հասնելն անհնար է, 100 000 դրամ աշխատավարձ եմ ստանում, իմ խնամքի տակ ծեր մայր ունեմ, ինքս էլ արդեն երիտասարդ չեմ, չեմ կարող օրվա մեջ այդքան քայլել»,- նշում է կինը։

Ջուլիետայի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ 99 համարի ավտոբուսները նորից փոխարինվեին միկրոավտոբուսներով, քանի որ այդ երթուղուց, բացի բնակիչներից, ուսանողներից, օգտվում են նաև հիվանդանոցների հիվանդները, այցելուները, հիվանդապահները։

«Շատ լավ էր, երբ հին գազելները փոխարինվեցին միկրոավտոբուսներով, լավ էր ամեն ինչ, գոհ էինք, ոչ մի խցանում, ոչ մի անանցանելի փողոց չկար, հիմա անտանելի է դարձել»,- ասում է Ջուլիետան։

 

Ֆեյսբուքյան «Քանաքեռի բնակիչներ» խմբում քաղաքացիները հայտարարություններ են տեղադրել, որտեղ նշում են՝ պահանջում են, որ հարցը լուծում ստանա, 99 երթուղին նորից միկրոավտոբուսներով սպասարկվի, կամ վերականգնվեն նախկինում գործող 40, 96, 45 երթուղայինները և 32 համարի ավտոբուսը։ Քաղաքացիներից ոմանք առաջարկում են ստորագրահավաք անել։

«Քանաքեռի գերեզմանատան» մոտ՝ Ֆանարջյան փողոցի սկզբնամասում, 99 համարի ավտոբուսը մի քանի րոպե կանգնում է, որ Ֆանարջյան փողոցից մարդիկ հավաքվեն, հետո շրջանցելով փողոցը՝ շարունակում է երթուղին։

99 համարի ավտոբուսի վարորդ Արտակ Նալբանդյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, նա այնտեղ է բնակվել, մեկ ամսից ավել է, որ 99 համարի ավտոբուսն է վարում։ Արտակն ասում է, որ փողոցը շրջանցելը բարդացրել է քաղաքացիների գործը, նրանք ստիպված են երկար քայլել, քաղաքացիները հաճախ են բողոքում, բայց ինքը ոչինչ անել չի կարող։

Ֆանարջյան փողոցը նեղ փողոց է, ավտոբուսի՝ այնտեղ մտնելու դեպքում խցանում կառաջանա, դրա համար էլ շրջանցում են այն, փողոցի սկզբնամասում սպասում են մի քանի րոպե, մինչև ուղևորները հասնեն, հետո շարունակում են ճանապարհը «Քանաքեռի գերեզմանատան» կողքով։

Երթուղու մեկ այլ վարորդի՝ Վիլեն Մելքոնյանի խոսքով բնակիչները հրաժարվել են կտրել ծառերի՝ դեպի փողոց աճած ճյուղերը, որոնք խանգարում են ավտոբուսին, բնակիչների մեքենաները կանգնած են փողոցում, իսկ ավտոբուսի փողոց մտնելուն պես խցանում է առաջանում։ Վարորդը նշեց նաև, որ երթուղայինի՝ փողոցներ շրջանցելու համար քաղաքապետարան դիմել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, քանի որ ավտոբուսները խանգարում են Շտապ օգնության մեքենաներին։ 

Երևանի Քաղաքապետարանից հայտնեցին, որ Ֆանարջյան փողոց ավտոբուսի մուտքը դադարեցնելու պահանջ ներկայացրել են փողոցի բնակիչները, քանի որ փողոցը նեղ է ու ավտոբուսի այնտեղ մտնելու դեպքում երթևեկությունը խաթարվում է, առաջանում են խցանումներ։

Նախկինում երթուղին սպասարկվում էր նոր միկրոավտոբուսներով, բայց քանի որ երթուղին ամենածանրաբեռնվածներից էր, քաղաքացիների կողմից պահանջ կար՝ միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու։

Մեկնաբանություններ (4)

Տաթևիկ Առաքելյան
Բարև ձեզ, նոր ավտոբուսները ողջունելի են, շնորհակալություն, բայց երթուղին փոխելով ստեղծում եք բազում անհարմարություններ։ Օրինակ 10 համարի երթուղայինը փոխվեց 16 ավտոբուսով, ուրախացանք, բայց պարզվեց Ծարավ Աղբյուր փողոց այլևս չի մտնելու, մաշտոցի պողոտայից գալիս է միայն 38, որը շատ վատ է աշխատում ՛20-30 րոպե ինտերվալով է գալիս՛ և հատկապես պիկ ժամերին կանգնելու տեղ էլ չի լինում, խնդրում եմ վերանայեք և ի նկատի ունեցեք, որ Ծարավ Աղբյուր փողոցում կա մեծ թվով նորակառույց շենքեր, հետևաբար և բնակիչներ , շատ ցանկալի է , որ 16 համարի ավտոբուսը կրկին անցնի Ծարավ Աղբյուրով կամ գոնե 99 ավտոբուսը անցնի պրոսպեկտով։
Կարինե
Քաղաքապետարանը լավ բան արեց, երբ նոր ավտոբուսներ բերեց, բայց սխալ ձևով է օգտագործվում, կարելի էր մեծ ավտոբուսները օգտագործել մեծ փողոցների վրա, իսկ նոր միկրոավտոբուսները նեղ փողոցների։ Ասեմ նաև, որ շատ տրանսպորտային գծեր անգամ հանվել են, դրա պատճառով մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ կամ ոտքով քայլել, կամ էլ երկու տրանսպորտ փոխել։ Կարծում եմ քաղաքապետարանում կգտնվեն խելացի մարդիկ, որ լուրջ կմոտենան իրենց աշխատանքին, և կկարգավորեն Երևան քաղաքի տրանսպորտային վիճակը
Մարիամ
Ես նույնպես շատ դժգոհ եմ այդ երթուղուց, ամեն օր Զեյթունից Քանաքեռ հասնելու համար անհրաժեշտ է երկու կանգառից ավելի բարձրանալ մինչև ՀԱՅՔ խանութից վերև այդ ճանապարհով անցնող տրանսպորտից օգտվելու, սակայն լինում են դեպքեր, որ վարորդները չեն կանգնում և ստիպված եմ լինում ոտքով հասնել Քանաքեռ ։Եվ նույն ձևով էլ Քանաքեռից հետ վերադառնալ։Ուշադրություն դարձրեք այս հարցին, որ ձգվում է արդեն բավականին ժամանակ ։Լուծում տվեք այնքան կարևոր այս հարցին ։
Ջոլետա
Ուռքւցքաբանության կենտրոնի տնօրենը ստում է շտապ օգնություն կամ մեկ մեկ կամէլ ընդհանրապես չի գնում,իսկ իր հիվանդանոցի աշխատողները օգտվում են իրենց հատկացված ավտոբուսներից,իսկ մնացած ժողովրդի հերն էլ անիծած,թե ոնց կգնան կգան։Իսկ ինչ վերաբերվում է փողոցի ծառերի ճյուղերին այդ հարցով արդեն պետք է զբաղվեն քաղաքապետարանն ու թաղապետարանը ,փողոցի ծառերը բնակիչների սեփականությունը չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter