HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Սարգսյանը, ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը անձնական երաշխավորություն են տվել Դավիթ Տոնոյանի համար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինեն Պողոսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորություն են տվել՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար: Վերջինիս պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Տոնոյանի խափանման միջոցի գործով դատական նիստն այսօր ընդմիջվել է և շարունակվելու է վաղը՝ հունվարի 21-ին:

Նշենք, որ Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պողոսյանը իրենց աջակցությունը Պաշտպանության նախկին նախարարին ցույց են տվել նաև ամիսներ առաջ, երբ Տոնոյանին ձերբակալել էին: Գաբրիելյանն ու Պողոսյանը, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի բակում էին, երբ դատարանը քննում էր Տոնոյանին կալանավորելու հարցը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը, բացի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, բացարկի միջնորդություն է ներկայացրել նաև դատախազին, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել է:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ դատարանը, նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննում է ՊՆ-ից խոշոր չափի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալների  խափանման միջոցի հիմնավորվածության հարցը:

Ըստ գործի վերաբերյալ Դատախազության հայտնած տեղեկության՝  ԶՈւ և ՊՆ- ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամին համարժեք, 4.655.200 դոլար գումարի հափշտակություն։

Ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ  Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Նրանց  պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ գործում առկա տվյալները հերքում են իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքները, նրանց պահանջել են  հրթիռների որակի ստուգման համար նշանակել փորձաքննություն, ինչը չի արվել:

Լուսանկարում՝ Վիլեն Գաբրիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter