
Արարատ Միրզոյանի ու Ռուբեն Ռուբինյանի`Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը կայացված չէ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան-Թուրքիա երկխոսության շրջանակում բանագնաց Ռուբեն Ռուբինյանի` Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ հայկական կողմը դեռ որոշում չունի:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին:
Դիտարկմանը, թե ինչու է Հայաստանի հանրությունն այդ մասին տեղեկանում թուրքական կողմից, Էդուարդ Աղաջանյանն արձագանքեց` կհայտարարվեր այն ժամանակ, երբ կոնկրետ դիրքորոշում և որոշում լիներ մասնակցության վերաբերյալ:
«Որևէ ինֆորմացիա թաքցնելու միտում չկա»,-ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի նոր հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իշխող ուժն արդեն կայացրել է Հանրապետության նախագահի պաշտոնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին առաջադրելու որոշում, Աղաջանյանն ասաց` դեռ հստակ որոշում չկա:
«Այս պահի դրությամբ որևէ կայացված որոշում չկա, քննարկվում են տարբեր թեկնածուներ, դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կայացված որոշում չկա»,-ասաց պատգամավորը:
Մեկնաբանել