
Ռուբեն Ռուբինյանը ևս հնարավոր է մասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից բացի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ հունվարի 27-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մեր հատուկ ներկայացուցիչները հանդիպել են։ Եթե գործընթացը շարունակվի այսպես, շատ հավանական է, որ Հայաստանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Հանդիպման շարունակման շանսը բաց թողնելը անտրամաբանական կլիներ»,- հայտարարել է Չավուշօղլուն։
[Paşinyan’ın Türkiye açıklaması]
— TRT Haber Canlı (@trthabercanli) January 27, 2022
Dışişleri Bakanı Mevlüt Çavuşoğlu: Antalya Diplomasi Forumu’na biz herkesi davet ettik. Paşinyan en son, davet ettiğimiz kişilerin katılabileceğini söyledi. Memnun oluruz. Güven artırıcı adımların bir parçası olmuş olur.https://t.co/Y4e9CvUf0T pic.twitter.com/s0UYK4LsCg
«Փաշինյանը հայտարարեց, որ մեր կողմից հրավիրված անձինք կարող է մասնակցեն ֆորումի աշխատանքներին։ Մենք ուրախ կլինենք։ Դա քայլ կլինի դեպի վստահության ամրապնդում»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է TRT Haber-ը։
Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմին ուղարկված հրավերի մասին հայտնի էր դարձել այս տարվա հունվարի 20-ին։ Մևլյութ Չավուշօղլուն, Անկարայի համալսարանում ելույթ ունենալով Լատինական Ամերիկայի երկրների դեսպանների և Թուրքիայի խորհրդարանի բարեկամական խմբերի ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, նշել էր, որ ի թիվս այլ երկրների ֆորումին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստանին։ «Մենք հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին և Եգիպտոսին։ Յուրաքանչյուրի ձայնն այստեղ լսելի կլինի։ Այն դարձել է ազատ հարթակ»,- հայտարարել էր Չավուշօղլուն։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությանը։ «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան, արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։
Հունվարի 14-ին էլ Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Մեկնաբանել