HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշոտ Մինասյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Աշոտ Մինասյանին, Մենուա Հովսեփյանին, Մանվել Փարամազյանին ազատ արձակած դատավոր Բորիս Բախշիյանի (Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելությունից, այդ թվում՝ ազատությունից զրկելու գործընթաց է սկսվել: Այս մասին հայտնում է «Դատավորների ընդհանուր միությունը»: Քիչ առաջ միությունը հայտարարություն է տարածվել:

«Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում` անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Բորիս Բախշիյանը օրեր առաջ` հունվարի 26-ին, քննել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցն ու որոշել նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրել:

Բախշիյանի վարույթում է նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի վերաբերյալ գործը: Դատավորը նախորդ տարեվերջին  գրավի դիմաց ազատ է  արձակել նաև Փարամազյանին: Այս դատավորի վարույթում են նաև Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի վերաբերյալ գործերը: Վերջինս նույնպես Բախշիյանի որոշմամբ է ազատ արձակվել կալանքից:

Դատախազությունից  Բախշիյանին առնչվող գործի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում: Հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան  միայն հետևյալ պատասխանն ենք ստացել.

«ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով կոնկրետ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բ. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ: 

Ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված այն դրույթից, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել: 

Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար ընդամենը կարող եմ նշել, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են նշված դատավորի գործունեության հետ կապված՝ շատ ավելի վաղ կատարված դեպքին և շատ ավելի վաղ արված բացահայտումներին»:

Կապ հաստատեցինք նաև դատավորի աշխատակազմի հետ, որտեղից հայտնեցին, որ դատավորն այս պահին Երևանում է, ժամը 17:00-ին մեկնարկել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննությունը:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է դատավորի նկատմամբ տեղի ունեցած գործընթացը և այն կապել նրա  մասնագիտական գործունեության հետ: Ալեքսայնանը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում պաշտպանել դատավորի շահերը: 

«Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով ներկայում քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի և Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն այն բանից հետո, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին, հետևաբար պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ։

ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են Դատական իշխանությունը և առհասարակ քանդում են ողջ դատաիրավական համակարգը։ Հասկանալի է, որ սույն նախադեպով փորձ է կատարվում վախի մթնոլորտ մտցնել դատավորների մեջ, որպեսզի նրանք չհամարձակվեն այն քրեական գործերով, որոնցով հետաքրքրրված է քաղաքական իշխանությունը, լինել անկաշկանդ և կայացնել օրինական որոշումներ, այլ պարզապես կատարեն իշխանության կամքը, այն է՝ բոլորին անխտիր պահել փակի տակ։

Ես՝ որպես փաստաբան, իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին և պատրաստ եմ հարկ եղած դեպքում ստանձնել նրա պաշտպանությունը։

Կոչ եմ անում իմ բոլոր փաստաբան գործընկերներին չլռել և միանալ հայտարարությանս, քանզի յուրաքանչյուրս նման տեմպերով շատ շուտով զրկվելու ենք անկախ Դատական համակարգ ունենալու մեր կարծես թե վերջին հույսից»,-գրել  է Ալեքսանյանը, որին միացել են տասնյակ փաստաբաններ։  

Լուսանկարում՝ Բորիս Բախշիյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter