HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

Պաշտպանի խոսքով՝ դատական նիստի մեկնարկին իրենք մի քանի պարզաբանում են խնդրել դատավորից, մասնավորապես՝ թե ինչո՞ւ է դատավորին կալանավորելու միջնորդությունն անհապաղ քննվելու փոխարեն քննվել միջնորդությունից մի քանի օր անց:

Դատավոր Արղամանյանը պարզաբանել է, որ դատական նիստի ուշ նշանակելու պատճառը եղել է ծանրաբեռնվածությունը: Սա այն դեպքում, երբ Սարգսյանի խոսքով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը գործը Արղամանյանին մակագրելու որոշումը պարզաբանել է նրանով, որ հաշվի է առել դատավորների ծանրաբեռնվածությունը:

«Այսինքն՝ ենթադրվում է, որ դատարանի նախագահն, իբր, ստուգել է և տեսել, որ Արղամանյանը ծանրաբեռված չէ, դրա համար է գործը նրան մակագրել, բայց պարզվեց՝ լավ էլ ծանրաբեռնված է»,- ասաց Սարգսյանը՝ կասկած  հայտնելով, որ միտում է եղել գործը հենց Արղամանյանին մակագրելու: Ըստ պաշտպանի՝ ցանկացած գործ որևէ դատավորի մակագրելիս պետք է պահպանվի այնպիսի կարգ, որպեսզի ընտրությունը պատահական լինի, այլ ոչ թե դատարանի նախագահը կոնկրետ դատավորներից ընտրի մեկին, որովհետև այս կամ այն գործի դեպքում վստահ է, որ միջնորդությունը կբավարարվի: Պաշտպանը երկու օր է՝ հարցումներ է ուղարկում դատարանի նախագահին և ստացած պատասխաններից նրա համար ակնհայտ է, որ դատարանի նախագահը չի պահպանել գործերի մակագրման պատահականության սկզբունքը, ինչը նշանակում է, որ դատարանը օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ:

«Օրենքի հիման վրա ստեղծված դատարանը արդար դատաքննության սկզբունքի պահպանման համար կարևորագույն կետն է, և եթե սա չկա, մնացած ամեն ինչ անօրինական է լինելու, հետևաբար մենք դատավորին ինքնաբացարկ հայտնեցինք»,- ասաց Երեմ Սարգսյանը: Վերջինս մեջբերեց Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որում նշվում է, որ ուսումնասիրություններով ևս պարզվել է, որ որոշակի հնչեղություն, կարևորություն ունեցող գործեր քննում են կոնկրետ դատավորներ, և կան դատավորներ, որոնք մեկուսացված են, իրենց նմանատիպ գործեր չեն մակագրվում:

Սարգսյանի խոսքով՝ իրենց դատարանում հարց են բարձրացրել, թե այս դատավորներից ո՞ր մասի մեջ է գտնում դատավոր Արղամանյանը:  Պաշտպանն  ասում է, որ իրենք առնվազն այս պահին կասկած ունեն, որ Արղամանյանին հատուկ է տրվել այս գործը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավական դիրքորոշում ունի, համաձայն որի՝ եթե առկա է օբյեկտիվ կասկած, որ գործը դատավորին հատուկ է տրվել, կարգը չի պահպանվել, ուրեմն դա օրենքի խախտում է, և տվյալ դատավորը չի կարող գործը քննել:

Պաշտպանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ այն ժամանակ, երբ դեռևս ինքը Բախշիյանի պաշտպանը չի եղել, կանխատեսել ու գրառում է կատարել այն մասին, որ գործը մակագրվելու է Դավիթ Արղամանյանին: Պաշտպանը հարցնում է՝  եթե գործը դեռևս մակագրված չէր, ինչպե՞ս է ինքը կռահել, որ այն մակագրվելու է Արղամանյանին ու ինքն իր հարցին պատասխանում, որ նման բնույթի գործերը Արղամանյանին են մակագրվում, այդ պատճառով  է կռահել:

Դատավոր Արղամանյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 4-ին: Պաշտպան Սարգսյանն ասաց, որ իրենց ինքնաբացարկի այլ հիմքեր ևս ունեն, որոնք կներկայացնեն հաջորդ նիստերի ընթացքում:

Սարգսյանը նշեց, որ Բարձրագույն դատական  խորհուրդը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունների արդյունքում կայացրած որոշումներից մեկի մեջ արտատպել է դատախազության միջնորդության որոշակի հատված, որում դատավորին անուղղակիորեն մեղադրում են առավել ծանր հետևանքներ առաջացնող հանցագործության մեջ: Այս անուղղակի մեղադրանքի վերաբերյալ ԲԴԽ-ին տվյալներ չեն տրամադրվել, բայց, փաստորեն, միջնորդության այս հատվածը ԲԴԽ-ն արտատպել է որոշման մեջ:

Նշենք, որ Բորիս Բախշիյանին այլ մեղադրանք, քան անձին ակնհայտ ապօրինի կալանավորելն է, առաջադրված չէ, իսկ թե ինչ անուղղակի մեղադրանքի մասին է խոսքը, մեզ հայտնի չէ, իսկ պաշտպանը նպատակահարմար չի համարում այս պահին այլ մանրամասներ հայտնել:

Նշենք, որ Բորիս Բախշիյանը կալանավորել է անձի, ով Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալներից է: Այս անձի՝ Նվեր Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը, սակայն նշանակված դատական նիստին չի ներկայացել,  նրա պաշտպանը գրություն է ուղարկել դատարան՝ հայտնելով, որ ինքն այլ ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով չի ներկայանալու, պաշտպանյալն էլ առանց իրեն չի ցանկանում ներկայանալ: Նիստին ներկայանալը, սակայն, ամբաստանյալի պարտականությունն է, իսկ չներկայանալը կարող է առաջացնել երկու հետևանք՝ նրան բերման ենթարկելը կամ առավել խիստ խափանման միջոց ընտրելը:

Հարցին՝ ինչո՞ւ է դատավոր Բախշիյանը որոշել ոչ թե բերման ենթարկել ամբաստանյալին, այլ կալանավորել, Սարգսյանը նշեց, որ դատավորը ներքին  համոզմամբ է որոշել:

«Այժմ քննիչն ու դատախազն ասում են՝ դու ունեիր այլընտրանք, բայց ընտրել ես կալանավորումը: Այլընտրանքը նշանակում է երկուսից մեկը: Իսկ դատավորի ազատությունը, անկախությունը, ներքին համոզմունքը որևէ կապ չունե՞ն: Այսինքն՝ դատավորները նստեն, սպասեն, տեսնեն, թե ի՞նչ է ասում դատախազը կամ ոնց կգնահատի քննիչը, որ անեն՞»- ասաց Երեմ Սարգսյանը՝ բացատրելով, որ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցի պայմանը խախտվել է, և դատավորը որոշել է ամբաստանյալին կալանավորել՝  գնահատելով փաստերը և գործի հանգամանքները:

Պաշտպանն ասում է, որ առկա է դատախազության  կոլեգիայի դիրքորոշում, որտեղ իրենք ցուցում են տալիս, որ  յուրաքանչյուր դեպքում, երբ խափանման միջոցի պայմանը խախտվում է, պետք է խիստ արձագանքի արժանանա այս հանգամանքը:

Հարցի՞ն՝ բացի Դատախազությունից ո՞վ է դժգոհ Բախշիյանի որոշումից, Սարգսյանն ասաց, որ իրենց ունեցած տվյալներով՝ բացի պետական շահագրգիռ մարմիններից այլ անձ դժգոհություն չի հայտնել Բախշիյանի որոշումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter