
ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին թվիթերյան գրառում է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
It is indeed good news. @NATO values our partnership with both Armenia 🇦🇲 and Azerbaijan 🇦🇿, and supports the normalisation of their relations, which will contribute to increase stability and prosperity in the region https://t.co/dltzQaBx3m
— Javier Colomina (@JavierColominaP) February 7, 2022
«Դա, իրոք, լավ նորություն է։ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում գործընկերությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին։ Դա կնպաստի տարածաշրջանում կայունության բարելավմանն ու բարգավաճմանը»,- գրել է իսպանացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 հայ գերիների։ Փոխարենը Հայաստանը պարտավորություն է ստանձնել ադրբեջանական կողմին տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված և զանգվածային գերեզմաններում թաղված Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Գերիների վերադարձը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, որոնց հետ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում էին ունեցել փետրվարի 4-ին։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր նաև վերադարձած հայ ռազմագերիների անունները. Սարգիս Թարզյան, Վարդգես Բալայան, Արմեն Պետրոսյան, Արթուր Բաբայան, Հմայակ Սարգսյան, Գուրգեն Գալոյան, Գրիգոր Կյուրեղյան և Վաղարշակ Մալոյան։
Գերիների հայրենադարձման առնչությամբ գրառումներ էին արել նաև Մակրոնն ու Միշելը։ Մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահը նշել էր, որ «Ադրբեջանի կողմից 8 հայ պահվող անձանց ազատումն ու նրանց հայրենադարձումը Հայաստան դրական զարգացումների մեկ այլ նշան է», իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ընդգծել էր, որ ամիսներ շարունակ իրենց հարազատներից կտրվածները կվերագտնեն իրենց ընտանիքներին։ «Մենք առաջ ենք շարժվում»,- եզրափակել էր Էմանուել Մակրոնը։
Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել