HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը ժամանել է Կիև. ընթանում է Մակրոն-Զելենսկի հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայից ժամանել է Կիև, որտեղ մեկնարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունները։ Մակրոնը մինչ այդ Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակը։

Բորիսպոլ օդանավակայանից Մակրոնը մեկնել է Մարինյան պալատ։ Սա 1998 թվականից ի վեր Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է այդ երկիր։ Այն ժամանակ Ուկրաինա էր այցելել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։ Մակրոնի հետ միասին Կիև է ժամանել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

Կիևի Մարինյան պալատում Ֆրանսիայի նախագահին դիմավորել է Վլադիմիր Զելենսկին, որից հետո մեկնարկել են նեղ կազմով բանակցությունները։ Հանդիպումից հետո նախատեսվում է երկու երկրի նախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս։

Մինչ Մակրոն-Զելենսկի հանդիպումը, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը հետաքրքրությամբ սպասում է այն ազդակներին, որոնք Մակրոնը բերել է Մոսկվայից՝ Պուտինի հետ բանակցություններից հետո։

Նախօրեին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել են իրավիճակի լարման թուլացման և շփման որոշ կոնկրետ տեսակետներ: Թե ինչ տեսակետների ու միջոցների մասին է խոսքը, Ֆրանսիայի նախագահը չէր մանրամասնել և միայն նշել, որ այդ առաջարկների ճակատագիրը, հավանաբար, կորոշվի առաջիկա ժամանակահատվածում։ «Հաջորդ մի քանի օրերը կլինեն որոշիչ և կպահանջեն ինտենսիվ քննարկումներ, որոնք մենք միասին կանցկացնենք»,- հայտարարել էր Էմանուել Մակրոնը։

Ռուսաստանի առաջնորդը ևս չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, սակայն Մակրոնի որոշ առաջարկներ նա համարել էր հեռանկարային։ «Նրա մի շարք գաղափարներ, առաջարկություններ, հավանաբար, որոնց մասին դեռ շուտ է խոսելը, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ լրիվ հնարավոր են, որպեսզի դրվեն մեր հետագա համատեղ քայլերի հիմքում»,- հայտարարել էր Պուտինը։

Արևմտյան քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները մի քանի ամիս հայտնում են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման մասին, որը, նրանց կարծիքով, կարող է վկայել ներխուժման նախապատրաստության մասին։ Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։

Կրեմլը պնդում է, որ ինքը նման մտադրություններ չունի։ Այդուհանդերձ, Մոսկվան Արևմուտքից պահանջում է, որ իրեն տրամադրվեն «անվտանգության երաշխիքներ»։

Լուսանկարը՝  արխիվային/Kremlin.ru/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter