
Բայդենն ու Պուտինն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց կունենան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Երևանի ժամանակով շաբաթ օրն օրվա երկրորդ կեսին)։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Նախագահ Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,- տեղեկացրել է նա։ Հանդիպման թեման կլինի Ուկրաինան։
Ամերիկյան կողմի պնդմամբ՝ Ռուսաստանն առաջարկել էր հեռախոսազրույցն անցկացնել առաջիկա երկուշաբթի օրը։ «Սպիտակ տունն արեց հակընդդեմ առաջարկ շաբաթ օրվա մասով, նրանք համաձայնվեցին»,- հավելել է պաշտոնյան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նախատեսում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։
Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել նախորդ տարվա վերջին։ Մինչ այդ, դեկտեմբերի 7-ին նրանք տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ էին վարել։ Բայդենի ու Պուտինի առաջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել էր 2021 թվականի հունիսին, Ժնևում։
Լուսանկարը՝ Sputnik / Mikhail Metzel
Մեկնաբանել