
17 երկիր իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան
Մեկ օրվա ընթացքում առնվազն 17 երկիր իր քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան, ինչը պայմանավորված է այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ։ Հայտարարությունները տարածվել են Սպիտակ տան այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող ներխուժումը սկսել ցանկացած ժամանակ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հավանական ամսաթիվ է նշում փետրվարի 16-ը։
Այդ երկրների թվում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Բելգիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Մոնտենեգրոն, Էստոնիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։
Ամերիկյան հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիներն Ուկրաինան լքեն 24-48 ժամվա ընթացքում։ Associated Press գործակալությունը, հղում անելով ամերիկյան բարձրաստիճան իր աղբյուրներին, գրում է, որ Պետքարտուղարությունը շուտով մտադիր է հայտարարել Կիևից իր դիվանագետների տարհանման մեկնարկի մասին։
«Մենք շարունակում ենք հետևել նշաններին, որոնք կապված են Ռուսաստանի կողմից էսկալացիայի հետ, ներառյալ զինված ուժերը, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին։ Ներխուժումը կարող է սկսվել ցանկացած ժամանակ, եթե նախագահ Պուտինը համապատասխան հանձնարարական տա։ Ես մանրամասն չեմ մեկնաբանի մեր հետախուզության տեղեկատվությունը, բայց դա կարող է տեղի ունենալ Օլիմպիական խաղերի ժամանակ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Պաշտոնական Մոսկվան արձագանքել է այս հրապարակումներին։ Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում ամերիկյան իշխանությունների հայտարարությունն անվանել է «հիստերիա»։ «Անգլոսաքսերին պատերազմ է պետք»,- գրել է Զախարովան։
Նախօրեին գերմանական Der Spiegel-ը, հղում անելով բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։
Նախագահ Ջո Բայդենի օգնականները պաշտոնապես չէին հաստատել այս տեղեկատվությունը, բայց և չէին բացառել հավանականությունը, որ «ներխուժումը կարող է սկսվել մինչև Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը՝ փետրվարի 20-ը»։
Լուսանկարը՝ արխիվային/ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել