HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ԿՀՎ-ի պնդմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի վրա կարող է հարձակվել փետրվարի 16-ին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։ Այդ մասին գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով բարձրաստիճան իր աղբյուրներին։ Ամերիկյան Politico-ն էլ գրել էր, որ նման պնդում արել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ՆԱՏՕ-ի անդամն մի քանի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ։

Քննարկմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ֆրանսիայի առաջնորդները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ինչպես գրում է պարբերականը, Վաշինգտոնը դաշնակիցներին հայտնել է, որ ԱՄՆ-ն ենթադրում է, որ ներխուժմանը կարող են նախորդել հրթիռային հարվածներն ու կիբերհարձակումները։ Պարբերականի աղբյուրներից մեկը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցած խոսակցության բովանդակությունը ցույց է տվել կիբերհարձակումների անխուսափելիությունը, իսկ մեկ այլ աղբյուր էլ հետախուզական տվյալներն անվանել է «կոնկրետ և մտահոգիչ»։ 

Իր հերթին պարբերականի բրիտանացի աղբյուրը նշել է, որ փետրվարի 16-ի վերաբերյալ Լոնդոնն այլ հետախուզական տվյալների է տիրապետում։ TACC գործակալությունը, հղում անելով Politico-ին, գրում է, որ եվրոպական աղբյուրները առավել թերահավատությամբ են վերաբերում այդ տվյալներին։ Այսպես, ԵՄ մի դիվանագետ հայտնել է, որ ԵՄ-ն «նախկինի պես հրաժարվում է հավատալ դրան»։ «Դա այնպիսի սխալ կլինի<...>. Պատերազմը թանկ կնստի»,- նշել է նա։ Ընդորում, եվրոպական երկրներից մեկի պաշտոնյան նշել է, որ «դժվար է ասել, թե որքան անխուսափելի է ներխուժումը»։ Այդուհանդերձ, Politico-ն նշում է, որ հետախուզության տվյալները դեռ կարող են «հում լինեն» և չներկայացնել իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների ընդհանուր գնահատականը։ 

Հնարավոր ներխուժման ժամկետների մասին ավելի վաղ խոսել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բլինքենը հայտարարել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կարող է սկսվել ցանկացած պահի, այդ թվում Պեկինում Օլիմպիական խաղերի ավարտից՝ փետրվարի 20-ից հետո։ 

Նման հայտարարություն էր արել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա պատմել է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով Ռուսաստանը կարող է ներխուժումն սկսել օդային հարձակումից, իսկ հակամարտության ժամանակ հարձակվել Կիևի վրա։  

Պաշտոնական Մոսկվան արձագանքել է այս հրապարակումներին։ Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում ամերիկյան իշխանությունների հայտարարությունն անվանել է «հիստերիա»։ «Անգլոսաքսերին պատերազմ է պետք»,- գրել է Զախարովան։ 

Փետրվարի 12-ի գիշերը հայտնի դարձավ, որ Վաշինգտոնի ժամանակով փետրվարի 12-ի առավոտյան հեռախոսազրույց կունենան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ, Միացյալ Նահանգներն ու 15 այլ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ էին արել չմեկնել Ուկրաինա կամ էլ լքել այդ երկրի տարածքը։

2021 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայողների՝ դա պայմանավորելով ռազմական զորավարժություններով։ Արևմտյան երկրների առաջնորդները մտահոգություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։ 

Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունները և Արևմուտքին մեղադրում այդ երկրին զինելու ու ռուսական սահմանին զորավարժություններ անելու մեջ։ Հունվարին տեղի ունեցած երկկողմ բանակցություններն ապարդյուն են անցել։ Արևմտյան գերտերությունները Ռուսաստանին կոչ են անում Ուկրաինայի հետ սահմանից հեռացնել զորքերը և սպառնում կոշտ պատժամիջոցներով։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter