HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն տարհանում է Կիևի իր դեսպանության աշխատակիցների մեծամասնությանը

ԱՄՆ իշխանությունները հանձնարարել են Կիևում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մեծամասնությանն անմիջապես լքել այդ երկիրը։ Այդ մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձր կարգի ներկայացուցիչը։

«Մենք հանձնարարել ենք, որպեսզի դեսպանության աշխատակիցների մեծամասնությունը, որոնք մինչև հիմա գտնվում են Ուկրաինայում, անմիջապես լքեն այդ երկիրը։ Մենք չենք փակում դեսպանությունը և չենք դադարեցնում դրա աշխատանք»,- նշել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ դեսպանության հետ կանչված աշխատակիցների մեծ մասը կվերադառնան Միացյալ Նահանգեր, «որտեղից կշարունակեն ուկրաինական թեմատիկայով աշխատանքը»։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «մեծանում է այն հավանականությունը, որ իրավիճակը այս կամ այն ձևով կվերածվի ակտիվ հակամարտության»։ «Այդ իսկ պատճառով մենք նվազագույնի ենք հասցնում մեր անձնակազմը, քանի դեռ պահպանվում են մեր պաշտոնական դեմքերի դուրսբերման անվտանգ և կանխատեսելի պայմանները»,- նշել է նա։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Կիևում ԱՄՆ դեսպանությունը դադարեցնում է հյուպատոսական ծառայությունների մեծամասնության տրամադրումը, ընդորում ԱՄՆ-ն «Լվովից սահմանափակ ծավալով արտակարգ հյուպատոսական ծառայություներ կմատուցի»։ Ուկրաինայի տարածքում գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացիները կանոնավոր հյուպատոսական ծառայություններ կարող են ստանալ հարևան երկրներում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում։ 

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նաև նշել է, որ Պետքարտուղարությունը իրավիճակի անկանխատեսելիության պայմաններում Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունում կրճատում է գաղտնի սարքավորումների և փաստաթղթաշրջանառության ծավալները։ Նա բացատրել է, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունները, համաձայն ցուցումների, ապահովում են սարքավորումների և փաստաթղթերի նվազագույն անհրաժեշտ ծավալները՝ բնականոն աշխատանքի իրականացման համար։

Հիշեցնենք, որ նախօրեին գերմանական Der Spiegel-ը, հղում անելով բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։

Նախագահ Ջո Բայդենի օգնականները պաշտոնապես չէին հաստատել այս տեղեկատվությունը, բայց և չէին բացառել հավանականությունը, որ «ներխուժումը կարող է սկսվել մինչև Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը՝ փետրվարի 20-ը»։ 

Մեկ օրվա ընթացքում առնվազն 17 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան, ինչը պայմանավորված է այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ։ Հայտարարությունները տարածվել են Սպիտակ տան այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող ներխուժումը սկսել ցանկացած ժամանակ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հավանական ամսաթիվ է նշում փետրվարի 16-ը։ 

Լուսանկարը՝ blharbert.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter