HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բերդիմուհամեդովի որդին առաջադրվել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնում

Թուրքմենստանի ժողովրդավարական կուսակցության համագումարը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին առաջադրել է նախագահի թեկնածու՝ մարտի 12-ին այդ երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին գրում է Новая газета-ն՝ հղում անելով Salam news-ի ինստագրամյան էջին։

Հրապարակման համաձայն՝ համագումարի ժամանակ հայտարարվել է Սերդար Բերդիմուհամեդովի առաջադրման մտադրության մասին։ Դրա մասնակիցները լսել են նրա ելույթը և իրենց աջակցությունը հայտնել թեկնածուին։ 

40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի կառավարությունում զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը և 2021 թվականի հուլիսից համակարգում ֆինանսատնտեսական համալիրը։ Բացի այդ, դեռ նախորդ տարվա փետրվարին նա նշանակվել էր Թուրքմենստանի անվտանգության խորհրդի անդամ։ 

Շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ այդ երկրի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է իր հրաժարականի և նշել «երիտասարդ կառավարիչներին ճանապարհ տալու մտադրության մասին»: Բերդիմուհամեդովը Թուրքմենստանը նախագահում է արդեն 15 տարի՝ 2007 թվականի փետրվարից։ 

Երկու օր առաջ Fergana պարբերականը հայտնել էր, որ փորձագետների կարծիքով, առաջիկա ընտրությունների ժամանակ նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը կհաղթի ընտրություններում։ «Коммерсант»-ը գրել էր, որ Բերդիմուհամեդով կրտսերը «մոտ մեկ ամիս առաջ շրջագայություն էր արել երկրի շրջաններում»։

«Կարելի է ակնկալել, որ նախագահի առաջիկա ընտրություններում կհաղթի Սերդար Բերդիմուհամեդովը։ Ոչ ֆորմալ առումով իշխանության բոլոր լծակները կպահպանվեն գործող նախագահի ձեռքում, որը իրականում դեռ այնքան էլ ծեր չէ և կարող է վերահսկել իշխանությանը ղեկին իր որդու աստիճանական ամրապնդման գործընթացը»,- հայտարարել է Ալմաթիի Ղազախ-գերմանական համալսարանի պրոֆեսոր Ռուստամ Բուրնաշևը։ 

Սերդար Բերդիմուհամեդովի 40 տարեկանը լրացել է 2021 թվականի սեպտեմբերին, որով հաղթահարել է այդ երկրի սահմանադրությամբ ամրագրված նախագահի նվազագույն տարիքային շեմը։ Փորձագետների կարծիքով՝ Բերդիմուհամեդով ավագից կրտսերին իշխանության փոխանցումն իրականացվում է մի քանի տարի շարունակ և «եզրափակիչ փուլ» է դուրս եկել դեռ մեկ տարի առաջ, իսկ դրան կարող է խանգարել միայն վատթարացող տնտեսական իրավիճակն ու երկրի բնակչության դժգոհության աճը։

Ինչպես նշել է «Хроника Туркменистана»-ն, մինչև 2016 թվականի աշուն, Բերդիմուհամեդովի որդու մասին գրեթե ոչինչ հայտնի չէր։ Առաջին անգամ լրատվամիջոցները նրա մասին պատմել էին 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հոր հետ միասին ժամանել էր ընտրատեղամաս։ 

Բերդիմուհամեդով կրտսերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն սկսեց հայտնվել այն բանից հետո, երբ 2016 թվականին նա առաջին անգամ ընտրվեց Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավոր, իսկ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պետական լրատվամիջոցները հրապարակեցին նրա ամբողջական կեսագրությունը։

Այդտեղից պարզ է դառնում, որ Բերդիմուհամեդովը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 22-ին, ամուսնացած է և ունի 4 երեխա։ Առաջին մասնագիտությամբ ինժենետ-տեխնոլոգ է։ Մի քանի տարի աշխատել է սննդի արդյունաբերության և նավթագազային ոլորտներում։

Քաղաքական կարիերայից առաջ սովորել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում, իսկ Քաղաքականության և անվտանգության Ժնևի կենտրոնում ստացել եվրոպական և միջազգային անվտանգության մագիստրոսի աստիճան։ Սովորելը համատեղել է Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանի խորհրդականի և Ժնևում ՄԱԿ-ի կառույցներում Թուրքմենստանի մշտական ներկայացուցչի պաշտոնների հետ։

Պետական ծառայության ժամանակ Բերդիմուհամեդով կրտսերը հասցրել է աշխատել Թուրքմենստանի ԱԳՆ-ում, գլխավորել արդյունաբերության նախարարությունը, ինչպես նաև եղել Ահալի վիլայաթի (մարզ) նահանգապետ, որտեղ, իր նախկին աշխատակիցների խոսքով, ենթակաների հետ նրա խոսակցության ժամանակ սիրելի արտահայտությունը եղել է «Վիզդ կոլորեմ»-ը։ Բացի այդ, նրանց արգելվում էր առանց անհրաժեշտության դուրս գալ աշխատասենյակներից, իսկ եթե դուրս էին եկել, չաղմկել, քանի դեռ Բերդիմուհամեդով կրտսերը գտնվում էր շենքում։

2021 թվականի փետրվարին նա նշանակվել էր Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնում։ Այդ ժամանակ Բերդիմուհամեդով կրտսերը փաստացի դարձել էր հոր տեղակալը, քանի որ այդ երկրում չկա վարչապետի պաշտոն, իսկ կառավարությունը գլխավորում է նախագահը։

Լուսանկարը՝ Թուրքմենստանի կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter