Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բնակելի համալիրի կառուցումն անընդունելի է. գիտնականներն ահազանգում են
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեում՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվելու։ Ինստիտուտի գիտաշխատողները կարծում են, որ նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքն անհամատեղելի են: Իրենց մտահոգությունը հայտնելու համար նրանք այսօր՝ փետրվարի 15-ին, «ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը՝ վտանգի տակ. ահազանգում են գիտնականները» թեմայով քննարկում-ասուլիս էին հրավիրել։
«Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանն ասաց, որ ինստիտուտը գտնվում է հինգ գործող մասնաշենքերի սրտում, իսկ ջրավազանի հեռավորությունը մասնաշենքերից 30 մետր է:
«Եթե այնտեղ կառուցվում է բնակելի շենք, այդ շենքի բնակիչները միանշանակ բողոքելու են, որովհետև դու բնակչին չես կարող բացատրել, որ դա անվտանգ է. նա զգալու է քիմիական նյութերի հոտ, բողոքելու է, ու այդ ժամանակ ինստիտուտն է փակվելու՞, թե՞ բնակելին են քանդելու»,- ասաց նա:
Արդեն երկու օր է՝ հորատման աշխատանքներ եւ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում շենքը նախագծելու համար: Վտանգ կա, որ հետագա շինաշխատանքների դեպքում կարող են վնասվել ինստիտուտի սարքերը, որոնք բավականին գերզգայուն են: Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը մոտ 1 մլն դոլար է, ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլևս չաշխատել: Սարքերից ամենանորը 600 հազար եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկամագնիսկան ռեզոնանսի սարք է: Այն տարածաշրջանում նմանատիպ միակ սարքն է, առանց որի Հայաստանում քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել: Ֆիզիկոսները եւ կենսաբանները նույնպես օգտվում են այդ սարքից, քանի որ փորձարարական բազմաթիվ աշխատանքներ անմիջապես դրանց հետ են կապված:
Ինստիտուտի ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին ասաց, որ ինստիտուտի ամենօրյա աշխատանքները նույնպես վտանգված են, իսկ գերզգայուն սարքերը հատուկ սենյակներում են պահում, որպեսզի շարժից հեռու գտնվեն:
«Մեզ ասում են՝ բան չի լինի, եթե լինի էլ, նորը կգնենք: Հազիվ ենք կարողացել այնպես անել, որ պետությունը մեզ աջակցի, եւ սարքեր գնենք, եւս մեկ եզակի սարք շուտով ձեռք կբերենք: Այդ փոքր ներդրումները, որ վերջապես պետությունը սկսել է անել, ուզում է մի հարվածով վերացնել: Գիտությունը հայտարարվել է որպես գերակա ուղղություն, մի ձեռքով փորձում է կառավարությունը աջակցել, մյուս ձեռքով էլ անիմաստ քայլեր են արվում: Այս խնդիրը պետք է լավ քննարկվի բոլոր գերատեսչությունների կողմից, հետո նոր վերջնական որոշում կայացվի, ոչ թե դեռ նույնիսկ շինթույլտվություն չի ստացել կառուցապատողը, բայց արդեն աշխատանքներ են սկսվել»,-ասաց Աստղիկ Շահխաթունին:
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները գիտնականների հետ ընդամենը մեկ անգամ են հանդիպել: Ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանի խոսքով՝հանդիպման ժամանակ նորմալ քննարկում տեղի չի ունեցել:
«Ասում են՝ այդ շենքերը ձեր ինչին են պետք, տվեք վարձակալության, ավելի շատ գումար կստանաք: Ասում են՝ երիտասարդներին բնակարան կտան, իսկ դա դիտարկվում է որպես կաշառք, քան համագործակցության եզրեր: Ճաղավանդակ են կտրում, բայց ասում են՝ սուտ է, եթե սուտ է, ինչու՞ է արվում գիշերով, ինչու՞ է արվում գաղտնի, առանց համաձայնության»,-ասաց ավագ գիտաշխատողը եւ հավելեց՝ նոր հանդիպումներ, քննարկումներ գերատեսչություններից չեն առաջարկել:
«Քաղաքաշինության կոմիտեն 2021 թվականին մեզ տվել էր համապատասխան փաստաթղթեր, ըստ որի՝ թույլտվության իրավունք չէր կարող լինել, քանի որ 30 մետր հեռավորությունը չէր պահպանվում: Մշակութային կառույցի մասին մենք ինքներս ենք առանձին թղթաբանությամբ ներկայացրել, դրանից հետո նոր սկսվել է դիտարկվել: Երբ խոսեցինք Աբուհայաթ ջրանցքի մասին, որն էլ առանձին պատմաշակութային արժեք է, նոր դրանից հետո քաղաքապետարանը ինչ-ինչ պայմաններով որոշեց միայն այդ հատվածը հանել պատմամշակութային արժեքների ցանկից, որպեսզի թույլատրվի այնտեղ շինարարական աշխատանքներ սկսել»,-նշեց Արփինե Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ գիտական հանրության համար հասկանալի եւ ընդունելի միակ տարբերակն այն է, որ կառուցապատողն ընտրի այլ տարածք:
«Սա նաեւ ԳԱԱ-ի դիրքորոշումն է, պետք է հեռու մնան գիտական տարածքներից, քանի որ, եթե հնարավորություն չկա նման կառույցի ստեղծման, ուրեմն եղածն էլ չպետք է քանդվի»:
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն այս պահին բնակելի շենքերից ամենաքիչը 400-500 մետր հեռավորության վրա է: Արտանետումներ կան, սակայն այդ հեռավորության վրա դրանք զրոյանում են: Ինստիտուտում 14 անուն դեղամիջոց է հայտնաբերվել եւ արտադրվել, որոնցից չորսը հիմա արտադրվում են, իսկ նախակլինիկայում նյութեր կան, որոնք համապատասխան ներդրումների են սպասում:
«Հայաստանում կիրառական արդյունք տալու տեսանկյունից մեր մասնագետները ներգրավված են նույնիսկ ռազմական գործում արտադրանքներին, որոնք բացահայտելի չեն: Մենք համագործակցություններ ունենք Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի ընկերությունների հետ, որոնց համար կիրառական արդյունք ենք տալիս: Մեր կենտրոնը ունակ է նաեւ Հայաստանում առկա բոլոր փոքր եւ միջին քիմիայի խնդիրները լուծել»,-եզրափակեց Ռոբերտ Հակոբյանը:
Թե ով է գնել ինստիտուտի տարածքի հողը եւ ցանկանում կառուցապատում անել, տես այս հղումով՝
Անի Թամրազյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
Լուսանկարում՝ (ձախից աջ) Ռոբերտ Հակոբյանը, Աստղիկ Շահխաթունին, Արփինե Հարությունյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել