
Բելառուսի ԱԳ նախարար. «Հայաստանի հետ դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա»
Միութենական պետությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
«Այս հարցին հիպերտրոֆիկ ուշադրություն է դարձվել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի շրջանում: Պետք է նախագահի հարցազրույցն ամբողջությամբ դիտել։ Այնտեղ չի եղել որևէ հիշատակում այն մասին, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ստիպում է մտնել ինչ-որ ինտեգրացիոն միավորում<...>Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է խոսքը գնում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- նշել է բելառուսցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ խոսելով Միութենական պետության կազմում նոր երկրների հնարավոր միավորման մասին, ակնարկել էր, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կմիանա դրան, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին քննարկման թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից դրդված, առաջին հերթին տնտեսական, նույնպես կմիանան»,- հայտարարել էր Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել հայաստանյան ներքաղաքական օրակարգում։ Նախ, խորհրդարանում պատգամավորները կոշտ արձագանքել էին Բելառուսի նախագահին՝ հայտարարելով «իսկ ո՞ւմ է պետք Լուկաշենկոն»։
Այնուհետ հայտարարություն էր տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվել ԱԳՆ։
«Մեր խորին համոզմամբ` այս ձևակերպումներն ուղղված են սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, արտաքին քաղաքական օրակարգի հետ որևէ առնչություն չունեն: Այո՛, երեկ դեսպանը կանչվել է նախարարարություն, որտեղ դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները, որ միմյանց մասին հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և հաշվի առնեն միմյանց շահերը»,- Ազգային ժողովում հայտարարել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկնաբանել էր Լուկաշենկոյի խոսքերը։ «Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին՝ անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում»,- ՌԴ ԱԳՆ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Զախարովան։ Նրա խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է։
Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, փակ միավորում չէ, ենթադրում է մասնակից մյուս երկրների միավորման հնարավորություն։ «Այդ տեղեկատվությունը վաղուց հայտնի է, որևէ գաղտնիք չկա»,- եզրափակել էր Զախարովան։
Լուսանկարը՝ Алексей Витвицкий / РИА Новости
Մեկնաբանել