HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակության գործով մեղադրյալներ Հրայր Գյոնջյանն ու Կարեն Արզումանյանը չեն հայտնաբերվել. վարույթը կասեցվել է

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող երկու անձանց` Հրայր Գյոնջյանին և Կարեն Արզումանյանին, հայտնաբերել չի հաջողվել: Քննչական կոմիտեն կասեցրել է գործի վարույթը: Այս մասին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Քննչական կոմիտեից:

2015 թվականի հոկտեմբերին Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ դրամաշնորհային ծրագերից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, և  ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը ճանաչվել է տուժող: Դրամաշնորհային ծրագերից հափշտակության ընդհանուր գումարը  830.573.125 դրամ է: Գործով 19 անձ ներգրավվել է՝ որպես մեղադրյալ: Այս 19 անձանց վերաբերյալ վարույթները կարելի է բաժանել երեք խմբի՝ նրանք, որոնց գործը դեռևս դատարանում է, նրանք, որոնց գործով քննությունն ավարտվել է և նրանք, որոնց հայտնաբերել չի հաջողվում:

Այսպես՝ Քրեական գործի հարուցումից  շուրջ երեք տարի անց՝ 2018 թվականին,  գործից անջատվել է 14 մեղադրյալի, որոնց թվում՝ ԵՄ դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանի վերաբերյալ գործն ու ուղարկվել դատարան: Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին այս գործը դեռևս դատաքննության փուլում է: Նշենք, որ այս պահին դատարանում քննվող քրեական գործը Մարինե Պապյանի, Տիգրան Սուքիասյանի, Գարիկ Չիլինգարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի, Գևորգ Ղազարյանի, Արմեն Բարեղամյանի, Դինա Մանուկյանի, Սերգեյ Բալասանյանի, Կարեն Ստեփանյանի, Ալեքսանդր Պողոսյանի, Անահիտ Ավագյանի, Արման Մկրտչյանի, Արմեն Միքայելյանի, Նելլի Սեդրակյանի վերաբերյալ է: Նրանց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ մանրամասներ կարող եք կարդալ՝ այստեղ:

Կոմիտեից նաև հայտնում են, որ ևս 3 անձի վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթում և 2019 թվականի մայիս ամսին ուղարկվել դատարան: 2019 թվականի հոկտեմբերին այս երեք անձանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Խոսքը Թերեզա Դիլանյանի, Անժելա Ավետիսյանի և Գեղամ Պետրոսյանի մասին է:

Նախաքննության ընթացքում՝ դեռևս 2016  թվականի սեպտեմբերին, Քննչական կոմիտեն այժմ հետախուզման մեջ գտնվող անձանցից  Հրայր Գյոնջյանին որպես մեղադրյալ է ներգրավել առանձնապես խոշոր չափի խարդախության և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթուղթ կեղծելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հետագայում՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, որոշում է կայացվել նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա  Հրայր Գյոնջյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխել, լրացնել և նրան որպես մեղադրյալ ներգրավել նույն հոդվածներով, բայց բազմաթիվ դրվագներով: Նկատի ունենալով, որ Գյոնջյանը թաքնվում է քննությունից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզման մեջ գտնվող մյուս անձը՝ Կարեն Արզումանյանը, մեղադրվում է երկու դրվագ խարդախությամբ առանձնապես խոշոր չափի հափշտակության և փաստաթղթերի կեղծիք կատարելու մեջ: Վերջինիս նկատմամբ  խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

«Նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են անհրաժեշտ  հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները, որի արդյունքում հնարավոր չի եղել պարզել Հրայր Գյոնջյանի և Կարեն Արզումանյանի թաքնվելու վայրը՝ 2020 թվականի հունվարի 15-ին որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնելու մասին»,- հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշենք, որ «Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քրեական գործի վարույթը կարող է հասեցվել, եթե մեղադրյալը թաքնվում է քննությունից կամ դատից կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ: Օրենսգրքի 258-րդ հոդվածը  սահմանում է, որ քրեական գործի վարույթը կասեցնելուց հետո քննիչն ինչպես անձամբ,  այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու կամ քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում, դրա համար կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ:

Ավարտված գործով մեղադրյալներն ընդունել են մեղադրանքն ու արագացված դատաքննություն պահանջել

Ինչպես արդեն վերը նշեցինք, ավարտված գործով ամբաստանյալի աթոռին են եղել  Թերեզա Դիլանյանը, Անժելա Ավետիսյանը և Գեղամ Պետրոսյանը: Վերջինս նույնպես գործի նախաքննության սկզբնական փուլում գտնվելիս է եղել հետախուզման մեջ:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա է Դիլանյանի, Ավետիսյանի, Պետրոսյանի գործի վերաբերյալ մանրամասներ: Վերջիններս, ինչպես պարզվում է, ընդունել են իրենց վերագրվող արարքներն ու արագացված դատաքննություն պահանջել:

Դեռևս  2018  թվականի հոկտեմբեր ամսին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու և փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 33.000.000 դրամ գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Նույն թվականի դեկտեմբեր ամսին Գեղամ Պետրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դեկտեմբերի 27-ին Գեղամ Պետրոսյանի կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել նաև 27.000.000 դրամ գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Եւս 6.038.571,9 դրամ գումար Գեղամ Պետրոսյանի կողմից փոխանցվել է 2019 թվականի մայիսի 13-ին:

Նույն օրը Գեղամ  Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է նոր դրվագներով: Մասնավորապես՝ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի հետ, Թերեզա Դիլանյանի և Անժելա Ավետիսյանի օժանդակությամբ 2011-2014 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով միասնական դիտավորությամբ խաբեությամբ հափշտակել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից «Հանրային առողջապահական ուսուցման և հետազոտությունների կենտրոն», «Էկոսոցիում», «Սոցիալ-առողջապահական զարգացման ակադեմիա», «Բիոէթիկա» և «Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտ» հասարակական կազմակերպություններին հատկացված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 381.598 եվրոյին համարժեք 206.589.171,9 դրամը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը դեռևս 2010 թվականին նախնական համաձայնության են եկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներով մշակել իրականության չհամապատասխանող տեղեկություններով ընդհանուր թվով 5 դրամաշնորհային ծրագրեր և հափշտակել ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները։

«Համայնքի առողջապահական և սոցիալական կարիքների բավարարման համապարփակ մոդելի ստեղծումը՝ որպես աղքատության նվազեցման արդյունավետ միջոց»

Այսպես, ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2011 թվականին Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ մշակել են «Համայնքի առողջապահական և սոցիալական կարիքների բավարարման համապարփակ մոդելի ստեղծումը՝ որպես աղքատության նվազեցման արդյունավետ միջոց» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր, որից հետո Հրայր Գյոնջյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը:

Ծրագիրը Հրայր Գյոնջյանի և Գեղամ Պետրոսյանի կողմից մշակվելուց հետո 2011 թվականին Գեղամ Պետրոսյանի կնոջ մորեղբոր դստեր՝ «Հանրային առողջապահական ուսուցման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աղավնի Դիլանյանի և Եղվարդի համայնքապետարանի անունից ներկայացվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ։ 2011 թվականի դեկտեմբերին ԵՄ պատվիրակության գրասենյակի գնահատող հանձնաժողովի կողմից ծրագիրը հաստատվել է, նույն թվականի դեկտեմբերին 21-ին կողմերի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման վերաբերյալ պայմանագիր, որի շրջանակներում 2012 թվականի հունվարի 31-ից մինչև 2013 թվականի ապրիլի 22-ը ԵՄ պատվիրակության կողմից «Հանրային առողջապահական ուսուցման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության հաշվարկային հաշվեհամարին փոխանցվել է 99.693 եվրոյին համարժեք 51.432.932.6 դրամ։

Ծրագրի հաշվապահ Անժելա Ավետիսյանը 2012 թվականի հունվարի 31-ից մինչև 2013 թվականի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից կանխիկացրել է 41.327.500 դրամը և տվել Գեղամ Պետրոսյանին, ով նշված գումարից 40.000 եվրոյին համարժեք շուրջ 20.935.200 դրամը, համաձայն նախնական պայմանավորվածության, որպես մասնաբաժին առձեռն տվել է Հրայր Գյոնջյանին և վերջինիս հետ հափշտակել այն։

Ըստ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ հափշտակված գումարը ծախսագրելու նպատակով Գեղամ Պետրոսյանը և Անժելա Ավետիսյանը Արտակ Սաքապետոյանի, Դավիթ Քոթանյանի, Նարինե Ամիրխանյանի, Հարություն Ավետիսյանի, Ռուզաննա Պապոյանի, Գոհար Ղամբարյանի, Նելլի Անդիկյանի, Սյուզաննա Մխիթարյանի, Աղավնի Դիլանյանի, «Վան Արյան», «Ալինա և Աննա», «Բաղդար», «Լալազարյան և ընկերներ», «Մարիամ», «Նոր Հաստոցներ», «Ռան-Օյլ», «Սիթի Պետրոլ Գրուպ», «Ֆլեշ» ՍՊ ընկերությունների, Ա/Ձ Գ.Երանոսյանի, Ա/Ձ Դ.Հովսեփյանի, Ա/Ձ Կ.Մախշիկյանի անուններով կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման ՀԴՄ կտրոններ, դրամարկղային ելքի կեղծ օրդերներ, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա 2012 թվականի հունվարի 31-ից մինչև 2013 թվականի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից փոխանցումների և դրամարկղային ելքի օրդերներով ելքագրումների եղանակով Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը հափշտակել են ընդհանուր 6.076.343 դրամին համարժեք շուրջ 11.609 եվրո, որը, ըստ Հրայր Գյոնջյանի հետ ունեցած նախնական համաձայնության, հանդիսացել է Գեղամ Պետրոսյանի մասնաբաժինը։

Արդյունքում Հրայր Գյոնջյանի ու Գեղամ Պետրոսյանի կողմից Անժելա Ավետիսյանի օժանդակությամբ հափշտակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից «Համայնքի առողջապահական և սոցիալական կարիքների բավարարման համապարփակ մոդելի ստեղծումը որպես աղքատության նվազեցման արդյունավետ միջոց» դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 27.011.543 դրամին համարժեք շուրջ 51.609 եվրո։

«Համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Աչաջրի տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացում»

Բացի այդ՝ Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը 2011 թվականին մշակել են «Համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Աչաջրի տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացում» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր, որից հետո Հրայր Գյոնջյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը:

Ծրագիրը Հրայր Գյոնջյանի և Գեղամ Պետրոսյանի կողմից մշակվելուց հետո 2011 թվականին Գեղամ Պետրոսյանի ընկերոջ՝ «Էկոսոցիում» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Մնացականյանի անունից ներկայացվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ։ 2011 թվականի դեկտեմբերին ԵՄ պատվիրակության գրասենյակի գնահատող հանձնաժողովի կողմից ծրագիրը հաստատվել է, նույն թվականի դեկտեմբերի 23-ին կողմերի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման վերաբերյալ պայմանագիր, որի շրջանակներում ԵՄ պատվիրակության կողմից 2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2013 թվականի մայիսի 16-ը «Էկոսոցիում» ՀԿ-ի «Յունիբանկ» ԲԲ ընկերության հաշվարկային հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր 98,878.00 եվրոյին համարժեք 51.234.403,5 դրամ։

Ծրագրի հաշվապահ Անժելա Ավետիսյանը 2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2013 թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից կանխիկացրել է 40.737.780 դրամը և տվել Գեղամ Պետրոսյանին, ով նշված գումարից 40.000 եվրոյին համարժեք շուրջ 20.976.000 դրամը, համաձայն նախնական պայմանավորվածության, որպես մասնաբաժին առձեռն տվել է Հրայր Գյոնջյանին և վերջինիս հետ հափշտակել այն։

Գեղամ Պետրոսյանը և Անժելա Ավետիսյանը Արման Մնացականյանի, Լիլիթ Մամիկոնյանի, Նելլի Անդիկյանի, Սուսաննա Մովսիսյանի, Տիգրան Շահնազարյանի, Անահիտ Ավետիսյանի, Արթուր Կոշեցյանի, Վիկտոր Միքայելյանի, «Ալինա և Աննա», «Բաղդար», «Գուրզ», «Լալազարյան ընկերներ», «Մարիամ», «Նոր Հաստոցներ», «Ռան Օյլ», «Սիթ Պետրոլ Գրուպ», «Ֆլեշ», «Բայ Դը Բեսթ» ՍՊ ընկերությունների, Ա/Ձ Ա.Հարությունյանի, Ա/Ձ Դ.Հովսեփյանի, Ա/Ձ Գ.Երանոսյանի, Ա/Ձ Կ.Մախշիկյանի անուններով կազմել է կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման ՀԴՄ կտրոններ, դրամարկղային ելքի կեղծ օրդերներ, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա 2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2013 թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից փոխանցումների և դրամարկղային ելքի օրդերներով ելքագրումների եղանակով Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը հափշտակել են ընդհանուր 7.142.597.2 դրամին համարժեք շուրջ 13.620 եվրո, որը, ըստ Հրայր Գյոնջյանի հետ ունեցած նախնական համաձայնության, հանդիսացել է Գեղամ Պետրոսյանի մասնաբաժինը։

Արդյունքում՝ Հրայր Գյոնջյանի ու Գեղամ Պետրոսյանի կողմից Անժելա Ավետիսյանի օժանդակությամբ հափշտակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից «Համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Աչաջրի տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 28.118.597.2 դրամին համարժեք շուրջ 53.620 եվրո։

 «Երեխաների սնուցման բարելավումը՝ որպես նրանց իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ռազմավարություններից մեկը»

Ըստ մեկ այլ դրվագի՝ Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը  2012 թվականին մշակել են «Երեխաների սնուցման բարելավումը՝ որպես նրանց իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ռազմավարություններից մեկը» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր, որից հետո Հրայր Գյոնջյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը:

Ծրագիրը Հրայր Գյոնջյանի և Գեղամ Պետրոսյանի կողմից մշակվելուց հետո 2012 թվականին Գեղամ Պետրոսյանի ընկերոջ՝ «Սոցիալ-առողջապահական զարգացման ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Ավետիսյանի անունից ներկայացվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ։ 2012 թվականի դեկտեմբերին ԵՄ պատվիրակության գրասենյակի գնահատող հանձնաժողովի կողմից ծրագիրը հաստատվել է, նույն թվականի դեկտեմբերի 13-ին կողմերի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման վերաբերյալ պայմանագիր, որի շրջանակներում ԵՄ պատվիրակության կողմից 2013 թվականի փետրվարի 6-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 22-ը «Սոցիալ-առողջապահական զարգացման ակադեմիա» հասարակական կազմակերպության «Զարգացման Հայկական Բանկ» ՓԲ ընկերության հաշվարկային հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր 149.284,08 եվրոյին համարժեք 81.996.288,50 դրամ։

2013 թվականի փետրվարի 6-ից մինչև փետրվարի 27-ը ՀԿ-ի նախագահ հանդիսացող Լուսինե Ավետիսյանը, իսկ 2013 թվականի մարտի 11-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 22-ը՝ ՀԿ-ի նախագահ հանդիսացած Նելլի Անդիկյանը Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից կանխիկացրել են ընդհանուր 52.312.000 դրամը և տվել Գեղամ Պետրոսյանին, ով նշված գումարից 60.000 եվրոյին համարժեք շուրջ 32.916.000 դրամը, համաձայն նախնական պայմանավորվածության, որպես մասնաբաժին առձեռն տվել է Հրայր Գյոնջյանին և վերջինիս հետ հափշտակել այն։  Գեղամ Պետրոսյանը Նելլի Անդիկյանի, Գոհար Ղամբարյանի, Արտավազդ Ամիրյանի, Մարինե Զատիկյանի, Դիանա Կարապետյանի, Մարիաննա Ասլանյանի, Մարինե Գևորգյանի, Հասմիկ Աբրահամյանի, Արփինե Մարջանյանի, Սոնա Սեդրակյանի, Արշավիր Մնացականյանի, «Գրանդ Պետրոլիում», «Թաբե», «Կիա Մոթորս Արմենիա», «Հակոբ և Անի», «Մեգամոթորս», «Ուրբանիզմ-Պետրոլ», «Ռան-Օյլ», «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ Քորփորեյշն», «Սիթի Պետրոլ Գրուպ», «Վիկան», «Տորնադո», «Ֆլեշ», «Բայ Դը Բեսթ», «Ստեփան և կոմպանիա» ՍՊ ընկերությունների, «Միկա Քերփորեյշն» ՓԲ ընկերության, Ա/Ձ Գագիկ Երանոսյանի, Ա/Ձ Մկրտիչ Մկրտչյանի, Ա/Ձ Ռաֆայել Պողոսյանի, «ԷՀՄ» արտադրական կոոպերատիվի անուններով կազմել է կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման ՀԴՄ կտրոններ, դրամարկղային ելքի կեղծ օրդերներ, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա 2013 թվականի փետրվարի 6-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից փոխանցումների և դրամարկղային ելքի օրդերներով ելքագրումների եղանակով Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը հափշտակել են ընդհանուր 17.442.934,8 դրամին համարժեք 31.795 եվրո, որը, ըստ Հրայր Գյոնջյանի հետ ունեցած նախնական համաձայնության, հանդիսացել է Գեղամ Պետրոսյանի մասնաբաժինը։

Արդյունքում՝ Հրայր Գյոնջյանի ու Գեղամ Պետրոսյանի կողմից հափշտակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից «Երեխաների սնուցման բարելավումը՝ որպես նրանց իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ռազմավարություններից մեկը» դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 50.358.934.8 դրամին համարժեք շուրջ 91.795 եվրո։

Իջևանի քաղաքապետարանի, առողջապահական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների միջև արդյունավետ համագործակցության ապահովումը

Ըստ հաջորդ դրվագի՝ Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը, մշակել են «Իջևանի քաղաքապետարանի, առողջապահական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների միջև արդյունավետ համագործակցության ապահովումը՝ համայնքի բնակչության առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման համար» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր, որից հետո Հրայր Գյոնջյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը:

Ծրագիրը  մշակվելուց հետո 2012 թվականին Գեղամ Պետրոսյանի ազգական՝ «Բիոէթիկա» հասարակական կազմակերպության նախագահ Անժելա Ավետիսյանի և Իջևանի համայնքապետարանի՝ ի դեմս «Իջևանի առողջության պահպանման կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Նազինյանի անունից համատեղ ներկայացվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ։ 2012 թվականի դեկտեմբերին ԵՄ պատվիրակության գրասենյակի գնահատող հանձնաժողովի կողմից ծրագիրը հաստատվել է, նույն թվականի դեկտեմբերի 13-ին կողմերի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման վերաբերյալ պայմանագիր, որի շրջանակներում ԵՄ պատվիրակության կողմից 2013 թվականի փետրվարի 6-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 28-ը «Բիոէթիկա» հասարակական կազմակերպության «Զարգացման Հայկական Բանկ» ՓԲ ընկերության հաշվարկային հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր 144.993,47 եվրոյին համարժեք 79.619.297,9 դրամ։

ՀԿ-ի նախագահ Անժելա Ավետիսյանը, ով միաժամանակ նաև վարել է ծրագրի հաշվապահությունը, Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից կանխիկացրել է ընդհանուր 40.528.000 դրամը և տվել Գեղամ Պետրոսյանին, ով նշված գումարից 60.000 եվրոյին համարժեք շուրջ 32.898.000 դրամը, համաձայն նախնական պայմանավորվածության, որպես մասնաբաժին առձեռն տվել է Հրայր Գյոնջյանին և վերջինիս հետ հափշտակել այն։ Գեղամ Պետրոսյանը Կարեն Ունուսյանի, Արման Դավթյանի, Նունե Հովհաննիսյանի, Էլանիտա Շիրակունու, Ռազմիկ Սահակյանի, Արտյոմ Չախալյանի, Արտակ Սաքապետոյանի, «Լոնգ Ուեյ», «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն», «Ալինա և Աննա», «Զմրուխտե Լագունա» , «Լաստ-3», «Կարկոմավտո», «Գրանդ Մոթորս», «Հակոբ և Անի», «Սիթի Պետրոլ Գրուպ», «Վյուրտ» ՍՊ ընկերությունների, Ա/Ձ Խաչատուր Համզյանի, Ա/Ձ Արթուր Ղազարյանի, Ա/Ձ Արսեն Հակոբյանի, Ա/Ձ Գագիկ Երանոսյանի, Ա/Ձ Գևորգ Միքայելյանի, Ա/Ձ Եսայի Խաչատրյանի անուններով կազմել է կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման ՀԴՄ կտրոններ, դրամարկղային ելքի կեղծ օրդերներ, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա 2013 թվականի փետրվարի 6-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից փոխանցումների և դրամարկղային ելքի օրդերներով ելքագրումների եղանակով Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը հափշտակել են ընդհանուր 21.690.169,9 դրամին համարժեք շուրջ 39.558 եվրո, որը, ըստ Հրայր Գյոնջյանի հետ ունեցած նախնական համաձայնության, հանդիսացել է Գեղամ Պետրոսյանի մասնաբաժինը։

Արդյունքում՝ Հրայր Գյոնջյանի ու Գեղամ Պետրոսյանի կողմից հափշտակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից «Իջևանի քաղաքապետարանի, առողջապահական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների միջև արդյունավետ համագործակցության ապահովումը՝ համայնքի բնակչության առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման համար» դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 54.588.169,9 դրամին համարժեք շուրջ 99.558 եվրո։

«Կանանց բիզնես ակումբների հիմնադրում և կանանց ձեռնարկությունների զարգացման խթանում»

Բացի այդ, Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանն, ըստ մեղադրանքի, մշակել են «Կանանց բիզնես ակումբների հիմնադրում և կանանց ձեռնարկությունների զարգացման խթանում» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր, որը Գեղամ Պետրոսյանի կնոջ մայրիկի՝ «Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Թերեզա Դիլանյանի անունից ներկայացվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ ու հաստատվել: Դեկտեմբերի 13-ին կողմերի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման վերաբերյալ պայմանագիր, որի շրջանակներում ԵՄ պատվիրակության կողմից 2013 թվականի փետրվարի 4-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 24-ը «Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտ» հասարակական կազմակերպության «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության հաշվարկային հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր 146.843,59 եվրոյին համարժեք 80.940.574,5 դրամ։

ՀԿ-ի նախագահ Թերեզա Դիլանյանը Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից կանխիկացրել է ընդհանուր 42.508.750 դրամը և տվել Գեղամ Պետրոսյանին, ով նշված գումարից 60.000 եվրոյին համարժեք շուրջ 32.825.400 դրամը, համաձայն նախնական պայմանավորվածության, որպես մասնաբաժին առձեռն տվել է Հրայր Գյոնջյանին և վերջինիս հետ հափշտակել այն։

Գեղամ Պետրոսյանը և Թերեզա Դիլանյանը Լուիզա Անդրեասյանի, Գագիկ Հարությունյանի, Լիաննա Աբովյանի, Նաիրա Խաչիկյանի, Կարեն Սահակյանի, Ալիսա Քեհյանի, Թերեզա Դիլանյանի, ինչպես նաև «Ստեփան և Կոմպանիա», «Ֆրի Սթարթ», Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊ ընկերությունների անուններով կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման ՀԴՄ կտրոններ, դրամարկղային ելքի կեղծ օրդերներ, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա՝ 2013 թվականի փետրվարի 4-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀԿ-ի հաշվարկային հաշվեհամարից փոխանցումների և դրամարկղային ելքի օրդերներով ելքագրումների եղանակով Գեղամ Պետրոսյանը և Հրայր Գյոնջյանը հափշտակել են 13.686.527 դրամին համարժեք շուրջ 25.016 եվրո, որը, ըստ Հրայր Գյոնջյանի հետ ունեցած նախնական համաձայնության, հանդիսացել է Գեղամ Պետրոսյանի մասնաբաժինը։

Արդյունքում՝ Հրայր Գյոնջյանի ու Գեղամ Պետրոսյանի կողմից Թերեզա Դիլանյանի օժանդակությամբ հափշտակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից «Կանանց բիզնես ակումբների հիմնադրում և կանանց ձեռնարկությունների զարգացման խթանում» դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 46,511,927 դրամին համարժեք շուրջ 85.016 եվրո։

Այսպիսով, փաստորեն, ըստ մեղադրանքի՝ Գեղամ Պետրոսյանի ու Հրայր Գյոնջյանի կողմից Թերեզա Դիլանյանի և Անժելա Ավետիսյանի օժանդակությամբ 2011-2014թթ. ընթացքում հափշտակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից «Համայնքի առողջապահական և սոցիալական կարիքների բավարարման համապարփակ մոդելի ստեղծումը՝ որպես աղքատության նվազեցման արդյունավետ միջոց», «Համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Աչաջրի տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացում», «Երեխաների սնուցման բարելավումը՝ որպես նրանց իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ռազմավարություններից մեկը», «Իջևանի քաղաքապետարանի, առողջապահական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների միջև արդյունավետ համագործակցության ապահովումը՝ համայնքի բնակչության առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման համար», «Կանանց բիզնես ակումբների հիմնադրում և կանանց ձեռնարկությունների զարգացման խթանում» անվանումներով դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 381.598 եվրոյին համարժեք 206.589.171,9 դրամ:

Վերը նկարագրված դրվագներին առնչության կապակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել նաև Թերեզա Դիլանյանին և Անժելա Ավետիսյանին:

Քրեական գործի շրջանակներում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը քաղաքացիական հայց է ներկայացրել՝ Գեղամ Պետրոսյանից պահանջելով  66.038.571,9 դրամ գումարի չափով քաղաքացիական հայց: Պատվիրակությունը գործով ճանաչվել է որպես քաղաքացիական հայցվոր:

2019  թվականի մայիսի 31-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Հարություն Մանուկյանին:

Գործի քննությունը դատարանում

Մինչ դատաքննությունն սկսելն, ամբաստանյալներ Գեղամ Պետրոսյանը, Թերեզա Դիլանյանը, Անժելա  Ավետիսյանը և նրանց շահերի պաշտպան Գ. Հովհաննիսյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով։ Ի պատասխան Դատարանի հարցերին՝ ամբաստանյալները հայտարարել են, որ միջնորդությունները ներկայացրել են կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատական քննություն անցկացնելու կարգը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրենց ճանաչում են մեղավոր։ Միևնույն ժամանակ ամբաստանյալների շահերի պաշտպանը, լսելով տուժողի ներկայացուցչի դիրքորոշումը ներկայացված քաղաքացիական հայցի վերաբերյալ և պատճառված վնասի մասով, նշել է, որ իր պաշտպանյալ Գեղամ Պետրոսյանն ընդունում է իր մեղքը և պատճառված վնասի չափը և իրենք կարծում են, որ ներկայացված քաղաքացիական հայցը պետք է բավարարվի և այդ գումարը հօգուտ տուժողի բռնագանձվի Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին ամբաստանյալի հոր կողմից արդեն իսկ փոխանցված 66.038.571,9 (վաթսունվեց միլիոն երեսունութ հազար հինգ հարյուր յոթանասունմեկ դրամ, իննսուն լումա) գումարից:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Պողոսյանը և տուժողի ներկայացուցիչը չեն առարկել դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ՝ նշելով, որ համակարծիք են քաղաքացիական հայցը Քննչական կոմիտեի դեպոզիտին փոխանցված գումարից բռնագանձելու հարցում:

Դատարանը  որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին, և ապացուցված  համարել ամբաստանյալներ  Պետրոսյանի, Դիլանյանի,Ավետիսյանի կողմից իրենց վերագրվող արարքների կատարումը:

Քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է՝ «Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:

Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը որպես պատիժ նախատեսում է ազատազրկումը՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասը՝ տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Թերեզա Դիլանյանը 63  տարեկան է, ամբաստանյալները նախկին դատվածություն չունեն,  ամբաստանյալների նկատմամբ պատժի տեսակի և պատժի չափի հարցին անդրադառնալիս հաշվի է առնվել նրանց պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, մասնավորապես այն, որ ամբաստանյալները դեռևս նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, ամբաստանյալ Գեղամ Պետրոսյանը խնամքին ունի մինչև 14 տարեկան 3 երեխա, ամբաստանյալ Անժելա Ավետիսյանը խնամքին ունի մինչև 14 տարեկան 1 երեխա, ամբաստանյալների կողմից հանցագործությամբ պատճառված գույքային վնասը ամբողջությամբ կամովին հատուցել է:

Դատարանը գտել է, որ Գեղամ  Պետրոսյանն իր կատարած` Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի համար  ենթակա է  ազատազրկման՝ 4 տարի 3  ամիս ժամկետով, Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի համար՝ 6 ամիս ժամկետով: Պատիժների մասնակի գումարման սկզբունքով, նշանակված պատիժները  գումարվել են, և Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, և նման պայմաններում Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է  «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի դրույթները:

Ամբաստանյալ Թերեզա Դիլանյանն իր կատարած` Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար պատժվել է ազատազրկման՝ 4  տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի համար՝ 6 ամիս ժամկետով: Պատիժների մասնակի գումարման սկզբունքով Թերեզա  Դիլանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4  տարի 3 ամիս ժամկետով, և 63-ամյա Դիլանյանի նկատմամբ ևս համաներում է կիրառվել:

Ամբաստանյալ Անժելա Ավետիսյանի նկատմամբ ևս վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 4 տարի 3 ամիս ժամկետով, սակայն վերջինիս նկատմամբ համաներման մասին ակտի դրույթները կիրառելի չեն եղել: Դատարանը եզրահանգման է եկել, որ Ավետիսյանի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և նրա նկատմամբ սահմանել է փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:

Դատավորը նաև բավարարել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական հայցը, և որոշել Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցված 66.038.571,9  դրամ գումարը բռնագանձել հօգուտ տուժող` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությանը:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter