HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենն ու Պուտինը հավանություն են տվել Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողով անցկացնելու Մակրոնի առաջարկին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ժամանակ առաջարկել է անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողով։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ երկու կողմերն էլ համաձայնվել են։

«Նա (խմբ. Մակրոնը) առաջարկել է գագաթնաժողով անցկացնել նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի միջև, իսկ այնուհետ շահագրգիռ բոլոր կողմերի, որպեսզի քննարկվի Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերը»,- հայտնում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Ելիսեյան պալատը հավելել է, որ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը կպատրաստեն Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը։ 

Սպիտակ տնից էլ հայտնել են, որ Բայդենը համաձայնվել է Պուտինի հետ անցկացնել գագաթնաժողով այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախագահ Բայդենը տվել է սկզբունքային համաձայնություն նախագահ Պուտինի հետ հանդիպման այդ շփումներից հետո, իհարկե, եթե չլինի ներխուժում»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին։ 

Կրեմլը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել Բայդենի և Պուտինի մասնակցությամբ առաջիկա գագաթնաժողովը։ Փետրվարի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրության մեջ, Կրեմլը չէր հիշատակել գագաթնաժողովի անցկացման փաստը։ 

Ռուսաստանը 2021 թվականի աշնանից զորքեր է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ դա բացատրելով զորավարժությունների անցկացմամբ։ ԱՄՆ գնահատմամբ՝ Ռուսաստանը սահմանին տեղակայել է ավելի քան 150 000 զինծառայող։ Արևմուտքի երկրները կարծում են, որ Ռուսաստանը կարող է առաջիկա օրերին սկսել ներխուժումն Ուկրաինա։ Կրեմլը հերքում է՝ պնդելով, որ չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա։ 

Վերջին օրերին Դոնբասում իրավիճակը խիստ լարված է։ Փետրվարի 18-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին դեպի Ռուսաստան Դոնբասի բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ պատճառով Ռուսաստանի մի քանի մարզերում և երկրամասերում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։

Լուսանկարները՝ AP Photo/Patrick Semansky; Alexei Nikolsky, Sputnik, Kremlin Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter