HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 ժամ վիրավոր՝ Շուշի-Քարին Տակ ճանապարհին․ «Մենք հավատում էինք, որ Գոռը ողջ կլինի»

«Նոյեմբերի 7-ի կեսօրին, երբ վիրավորվեց, մենք իր հետ դրանից հետո 7 ժամ կապի մեջ ենք եղել, մինչև որ գիշերը 11։30 հեռախոսն անհասանելի դարձավ, ու կապը կորցրինք Գոռի հետ։ Ասում էր, որ ոտքի վերևի մասից է վիրավորվել ու Շուշի-Քարին Տակ ճանապարհին է»,-պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Գագիկ Սարգսյանը։

Գոռը տան կրտսերն էր, բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 30-ին։ Ծառայել է Հադրութի գնդի 5-րդ՝ ուսումնական գումարտակում։

Պատերազմի ընթացքում նրա գումարտակը եղել է առաջնագծի տարբեր հատվածներում։ Հոկտեմբերի կեսերին Մարտունի 2-ից նահանջել ու տեղակայվել են Քարին Տակ-Շուշի ճանապարհին։ 

Գոռը գրեթե ամեն օր տնեցիների հետ կապի մեջ է եղել։ Գագիկն ասում է՝ պատերազմի ամբողջ  ընթացքում գրեթե միշտ բարձր տրամադրությամբ է խոսել։ «Գոռի ձայնից չէինք էլ հասկանում, որ պատերազմի դաշտում է, մեզ հանգստացնում, ասում էր՝ որ սկզբի օրերին  հետս ոչինչ չի եղել, հետո էլ չի լինի»,-հիշում է Գագիկը։

Եղբայրները միմյանց հետ շատ կապված են եղել,Գոռը եղբորն ասում էր այն, ինչ ծնողներին չէր պատմում։ Գագիկը ծառայությունից վերադարձել էր Գոռի զորակոչվելուց 5 օր առաջ։ «Չէինք հասցրել իրարից կարոտներս առնել, ու ինքը գնաց»,-ասում է եղբայրը։

Պատերազմի լուրն ընտանիքն իմացել է համացանցից։ Գոռի հետ մինչեւ երեկո կապ հաստատել չի հաջողվել։ Երեկոյան Գոռը զանգել ու տնեցիներին հանգստացրել է՝ ասելով, որ իր հետ ամեն ինչ կարգիին է, իրենք առաջնագծում չեն ու որ իր համար չանհանգստանան։

Գոռի մայրը՝ Վարդուհի Սարգսյանը, կիսաձայն շշնջում է. «Այ տենց էդ 40 օրը մեզ հույսով էր անում, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, որ հարց էինք տալիս, ասում էր՝ սենց մի հարցրեք, կգամ, կպատմեմ, էդպես էլ չեկավ»:

 Հետո ցույց է տալիս որդու՝ զինվորական համազգեստով նկարներն ու ասում, որ նրան իրականում զինվորի հագուստով տեսնել չեն հասցրել. «Հիմա մենակ էս նկարներն ա, որ ուղարկել էր մեզ»։

Նոյեմբերի 7-ին, ժամը 15։30 Գոռը զանգել է Գագիկին ու ասել, որ լավ մնան, որ շատ է սիրում իրենց։ Գագիկը սաստել է Գոռին, ասել, որ նման բաներ չասի, սկզբում չի հասկացել եղբոր պահվածքը, քանի որ պատերազմի ամբողջ ընթացքում երբեք չի զգացել, որ եղբայրը հուսահատ է։

Գոռը բացատրել է, որ վիրավորվել է, վնասվածքը թեթև է, բայց  կարծում է, որ ողջ դուրս գալ չեն կարող։ 

Գագիկը եղբորը խնդրել է մտնել թփերի մեջ, թաքնվել ու շտապօգնութայն մեքենա կամ հայ զինվորների նկատելուն պես օգնություն խնդրել, բայց Գոռն ասել է, որ շրջափակման մեջ են ու այդտեղ օգնություն չի կարող հասնել։

«Ասեցի՝ մի բան արա, մտի թփերի արանքը, մի կերպ թաքնվի, ասեց՝ դե չեմ կարա։ Հետո ձայներ էի լսում, գոռոցներ, ասում էի՝ էդ ի՞նչ ձայներ են, ասում էր՝ տղերքն են, չեն դիմանում, ցավից գոռում են»,-հիշում է եղբայրը։

Հոր հետ վերջին անգամ խոսելիս ասել է, որ տաբատը հանել է ու արնահոսող վերքը կապել, մրսում է։ Հայրը հորդորել է նորից հագնել, Գոռն ասել է, որ այլևս ուժ չունի։

«Մենք ամեն րոպե զանգում էինք, մենք, մեր բարեկամները, բայց հետո ասեց՝ դե զարյադկան նստում ա, մի քիչ զարյադկա մնա մեջը, դրանից հետո ինչքան զանգեցինք, չկարողացանք հետը կապվել, վերջին զանգը 11։30 էր, հոր հետ էր խոսել»,-պատմում է մայրը՝ Վարդուհին։

Հրադադարից հետո՝ նոյեմբերի 10-ին, Մանուկ Սարգսյանը՝ Գոռի հայրը, գնացել է Ստեփանակերտ որդուն որոնելու։ Ընտանիքի անդամները կարծել են, թե Գոռը թաքնվել է անտառներում, հեռախոսի մարտկոցը նստել է, դրա համար չեն կարողանում կապ հաստատել, բայց նոյեմբերի 14-ին տեղեկացել են որդու զոհվելու մասին։

Նոյմբերի 13-ին Արցախի նախագահի աշխատակազմից Մանուկին հայտնել են, որ Շուշի-Քարին Տակ հատվածից՝ բենզալցակայանի կողքից ռուս խաղաղապահների միջնորդությամբ հնարավոր է եղել աճյուններ դուրս բերել ու հավանական է, որ Գոռի աճյունն էլ լինի նրանց մեջ։

«Ես գնացել էի, որ իմ տղուն ողջ բերեի, բայց հետո լսում էի, որ ծնողներն ասում են՝ գոնե մեր տղու մարմինը գտնենք, լրիվ հուսահատվում էի»,-պատմում է Մանուկը։

Մանուկին ցույց են տվել մի քանի աճյունների նկարներ, հայրը նրանցից մեկին շատ է նմանեցրել որդուն, սակայն չի ուզել հավատալ։ «Էդ սաղ գիշեր պառկած մտածում էի, որ էդ իմ տղեն էր, բայց հավատալ չէի ուզում»,-ասում է նա։

Հաջորդ օրը Ստեփանակերտում իրենց որդիներին փնտրող ծնողներին հայտնել են, թե անօդաչու թռչող սարքերով են դիտարկելու տարածքը, հնարավոր է՝ տղաներն անտառներում լինեն։ Մանուկը դեռ հույս ուներ, որ որդին ողջ է, բայց ժամեր անց նրան զանգահարել են Հայաստանի Մարտունի քաղաքի դիահերձարանից ու ասել, որ մի զինվորի գրպանից հեռախոս են գտել ու զանգերի մեջ «պապա» գրանցված բաժանորդին են զանգել։ Մանուկը հասկացել է, որ որդին զոհվել է։ Խնդրել է բացել ու ստուգել տղայի կրծքավանդակը։ «Ինքը դոշի հատվածում մի հատ փոս ուներ, ասեցի՝ խնդրում եմ, էլի, մի հատ կնայե՞ք, փոս կա՞ դոշին, որովհետև մինչև վերջին պահը չէի ուզում հավատալ, մտածում էի՝ կարող ա հեռախոսը տվել ա ուրիշին, ուրիշի գրպանում ա, ուրիշին են գտել, բայց ասեցին հա»,-հիշում է հայրը։  

 Դատաբժշկանկան փորձաքննությունը պարզել է, որ Գոռը զոհվել է ծնոտի ու կրծքավանդակի շրջանում ստացած բեկորային վնասվածքից։ Գոռ Սարգսյանը հուղարկավորվել է 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նորագավիթի ընտանեկան գերեզմանատանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter