HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ մի հայ չի գնացել, բոլորն իրենց տներում են, իրենց տեղերում»,- ասում է կիեւաբնակ հայ նկարիչը

Կիեւում բնակվող նկարիչ Բորիս Եղիազարյանն ասում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում խուճապ չկա, նույնը՝ տեղի հայերի շրջանում։ Ամսի 24-ի առավոտյան Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հովհաննիսյանը (թեմի առաջնորդանիստը Լվովի Ս․ Աստվածածին եկեղեցին է) կոչով դիմել է մեր հայրենակիցներին, որ հանգիստ լինեն եւ խուճապի չմատնվեն։

Կիեւում, Բ․ Եղիազարյանի խոսքով, շուրջ 40 հազար հայ է բնակվում, իսկ ամբողջ Ուկրաինայում՝ շուրջ 400-500 հազար հայ։ «Ոչ մի հայ չի գնացել, բոլորն իրենց տներում են, իրենց տեղերում են։ Շաբաթներ առաջ ֆլեշմոբ էր, որ կազմակերպել էին ուկրաինացիները՝ ասելով, որ միասնական են, պատրաստ են պաշտպանելու իրենց երկիրը։ Հայերն ակտիվ մասնակցում էին այդ ֆլեշմոբին։ Ոչ մի հայ չի փախել։ Ես չգիտեմ մի հայի, որ փախել-եկել է Հայաստան»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

Բորիս Եղիազարյանը ծնվել է 1956-ին Ապարանում, իսկ 1993-ից մշտապես բնակվում է Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ իր համար սպասելի էր, որ ռուս-ուկրաինական լարվածությունը հանգելու է լայնածավալ էսկալացիայի։ Ասում է՝ ԱՄՆ նախագահ Բայդենը դեռ օրեր առաջ էր հայտարարել այդ մասին, իսկ Ուկրաինայի նախագահը չէր հավատում, որ ռուսական կողմը պատերազմ կսկսի Ուկրաինայի դեմ։

Նկարչի փոխանցմամբ՝ Ուկրաինայում սկսել են դրամահավաք անել բանակի համար։ Նա վստահ է, որ ուկրաինական բանակն ի զորու է հետ մղել ռուսական ուժերին, որոնք չեն կարողանա գրավել Կիեւն ու ամբողջ երկիրը։

«Մենք չէինք սպասում, չէինք հավատում, որ Բելառուսը կհամաձայնի, որ իր տարածքով ռուսական զորքերը մտնեն Ուկրաինա, բայց թույլ տվեց»,- նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ ամենից վտանգավոր ուղղությունը հյուսիսից՝ Բելառուսի կողմից է, քանի որ ճանապարհով սահմանը 150 կմ է հեռու Կիեւից։

Կիեւաբնակ մեր հայրենակիցը նկատում է, որ բարդ է իրավիճակը նաեւ Դոնեցկի մարզի այն հատվածներում, որոնք Ուկրաինայի վերահսկողության տակ են, այս պահին ռուսական ուժերը փորձում են գրավել դրանք։ Բարդ վիճակ է նաեւ Խարկովում, որը ռուսական սահմանին շատ մոտ է։ Ըստ Եղիազարյանի՝ սահմանից մինչեւ Խարկով քաղաք մոտ 40 կմ է, որի կեսը ռուսական բանակն անցել է, բայց ուկրաինացիներին հաջողվել է կասեցնել առաջխաղացումը։ Ներկայում Խարկովի ուղղությամբ մարտերը շարունակվում են։

«Հիմա պետք է սպասել, թե ինչ նոր սանկցիաներ կլինեն Ռուսաստանի դեմ։ Իհարկե, կռվողներ չեն տալիս, բայց զենք են տրամադրում Ուկրաինային։ Իսրայելի բանակում, որտեղ ուկրաինացիներ կան, խնդրում են, որ իրենց ուղարկեն Ուկրաինա, որպեսզի կռվեն։ Կարող է երկրները զորք չտան, բայց կամավորականներ կգան»,- ասում է կիեւաբնակ Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան խաղաղության կողմնակից է։ «Պուտինն ուզում է ստիպել Ուկրաինային, որ Եվրամիություն եւ ՆԱՏՕ չմտնի,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, Ուկրաինան իր ապագան այդ կառույցներում է տեսնում,- ժողովուրդը զինված է․ որ մտնեն էստեղ, ամեն գյուղում, ամեն տան մեջ զենք ունեն, կրակելու են ամեն պատուհանից, չեն կարող գրավել»։

Բորիս Եղիազարյանի հետ զրուցել ենք փետրվարի 24-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 19-ին

Լուսանկարը՝ Բ․ Եղիազարյանի ֆեյսբուք էջից, հեղ․՝ Ելենա Բոժկո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter