HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բորիս Բախշիյանի վարույթում գտնվող վերջին կալանավորական գործը վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցնելու օրվա դրությամբ՝ նրա վարույթում եղել է 140 քրեական գործ:

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Նշենք, որ ավելի վաղ, ուսումնասիրելով դատավորների 2021-ի գործունեության արդյունքները, գրել ենք, որ 2021-ի տարեվերջի դրությամբ՝ դատավորի վարույթում եղել է 110 անավարտ գործ: Բախշիյանի լիազորությունները կասեցվել են փետրվարի 1-ին: Փաստորեն 2022-ի հունվար ամսվա ընթացքում դատավորի գործերի թիվը հասել է 143-ի:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարված հարցմամբ խնդրել ենք նաև հայտնել, թե դատավորի վարույթում քա՞նի գործ է եղել, որով կալանքի տակ անձ կա: Դատարանից հայտնում են, որ լիազորությունները կասեցնելու օրվա դրությամբ՝ դատավորի վարույթում եղած գործերից 4-ով է կալանքի տակ անձ գտնվել: Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ գտնվող մեղադրյալների վերաբերյալ բոլոր 4 գործերը վերամակագրված են:

Խնդրել ենք հայտնել նաև, թե ե՞րբ է վերամակագրվել վերջին գործը, որով կալանքի տակ գտնվող անձ կա: Դատարանից հայտնում են, որ նշված 4  գործից վերջինը մակագրվել է փետրվարի 17-ին: Դատավոր Բախշիյանի լիազորություններն, ինչպես վերը նշեցինք, կասեցվել է 2022 թվականի փետրվարի 1-ին: Ատացվում է, որ այս գործը, որով կալանքի տակ անձ կա, վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մկրտչյանը կալանքի տակ է գտնվել 14 օր, որից հետո դատարանը հերթական դատական նիստի ընթացքում որոշել է նրան ազատ արձակել:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ուսումնասիրելով՝ առանձնացրել ենք Բախշիյանի վարույթում եղած գործերը, որոնցով անձինք կալանքի տակ են:

Դրանցից մեկը դատավոր Բախշիյանին մակագրվել է հունվարի 17-ին: Գործով կալանքի տակ է գտնվում 4 մեղադրյալ՝ օտարերկրացի, որոնց մեղսագրվում են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և դրան օժանդակելու արարքներ: Գործը դատավոր Լուսինե Սեփխանյանին է վերամակագրվել փետրվարի 2-ին:

Երկրորդ գործը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործն է: Վերջինիս նկատմամբ դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխվել է կալանքով այն օրը, երբ Բախշիյանն է կալանավորվել: Այս գործը նույնպես վերամակագրվել է դատավոր Սեփխանյանին՝ փետրվարի 9-ին:

Երրորդ գործը սպանության և մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու վերաբերյալ է: Այս գործով մեկ անձ է գտնվում կալանքի տակ: Գործը դատարան է ստացվել մոտ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի մարտի 22-ին, իսկ վերամակագրման օրվա վերաբերյալ տվյալ առկա չէ:

Չորրորդ գործը դատավոր Բախշիյանին է վերամակագրվել 2021-ի տարեվերջին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից մեր  հարցին ի պատասխան հայտնեցին, որ այս գործով կալանքի տակ է երկու անձ:

Այսինքն՝ ստացվում է, որ Բախշիյանի վարույթում եղած գործերով ընդհանուր առմամբ 8 անձ գտնվում է կալանքի տակ, և վերջիններիս գործի քննությունը պետք է նորից սկսվի:

Նշենք, որ մեր հարցմանն ի պատասխան դատարանից հայտնել են, որ դատավորի վարույթում գտնվող 140 գործից այս պահին վերաբաշխվել է 43-ը՝ երկու դատավորի միջև՝ համաչափության կարգով: Դատարանից հայտնում են նաև, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առկա է դատավորի թափուր հաստիք: Երկու դատավորները, որոնց վերամակագրվել են Բորիս Բախշիյանի գործերը, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանն ու նորանշանակ դատավոր Լուսինե Սեփխանյանն են: Սյունիքի մարզում այս պահին գործունեություն է իրականացնում քրեական մասնագիտացմամբ դատավոր Գնել Գասպարյանը, սակայն վերջինիս այժմ նոր քրեական գործեր չեն մակագրվում: Գասպարյանը Երևանից գործուղված դատավոր է, և նրա գործուղման ժամկետը ապրիլի 8-ին լրանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter