HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կրակից շագանակներ հանել. Հայաստանը կարո՞ղ է նաև օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով Հայաստանի տնտեսությունը կարող է տեսանելի վնասներ կրել: Դա արդեն զգացվում է ռուբլու արժեզրկման համատեքստում, որը մեծ հարված է ոչ միայն բիզնես հատվածի արտահանողների համար, այլև այն ընտանիքների, որոնք ապրում են Ռուսաստանից ուղարկված տրանսֆերտների հաշվին: Սակայն, երկարաժամկետում կարելի է նաև «կրակից շագանակներ հանել», կարծում է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ «Հետքը» տնտեսագետի հետ զրուցել է ստեղծված իրավիճակի շուրջ: 

Ի՞նչ հնարավոր օգուտներ կարող են քննարկվել այս փուլում, որոնք Հայաստանի տնտեսությունը կարող է ստանալ: 

Կան տնտեսության որոշ ոլորտներ, որոնց ուղղությամբ մենք կարող ենք շահել, եթե խոսքը ոչ թե մեկ-երկու ամսվա մասին է, այլ՝ ավելի երկարաժամկետ կտրվածքի: Առավել կոնկրետ կարող ենք խոսել, երբ պատժամիջոցների իրավական տեքստը հրապարակվի, սակայն այս պահին կարող ենք մի քանի ոլորտ առանձնացնել: Առաջինը վերաբերում է զբոսաշրջությանը: Քանի որ հաղորդակցությունը Ռուսաստանի և ԵՄ-ի միջև սահմանափակվել է, և կան սահմանափակումներ նաև վիզաների հետ կապված, ռուս զբոսաշրջիկները, որպես այլընտրանքային ուղղություն, ստիպված են դիտարկել Ստամբուլը, Դուբայը, Թբիլիսին, Բաքուն, ինչպես նաև՝ Երևանը: Այս առումով մենք, բնականաբար, կարող ենք որոշակի օգուտներ ունենալ զբոսաշրջիկների ներհոսքի աճի արդյունքում:

Պատժամիջոցները տարածվում են նաև ֆինանսական ոլորտի վրա: MasterCard-ը չի սպասարկում և սահմանափակումների տակ հայտնված բանկերի պրոցեսինգը չի ապահովում: Նույնը վերաբերում է VISA-ին, էլ չենք խոսում Apple Pay-ի ու Google Pay-ի մասին: Ռուսական կազմակերպությունները կարող են դուստր կազմակերպություններ հիմնել Հայաստանում և այստեղ բանկային հաշիվ բացել ու փորձել Հայաստանի բանկային համակարգի միջոցով իրականացնել գործարքները:

Ռուսաստանում և Ուկրաինայում գործող ոչ ֆինանսական կազմակերպությունները, օրինակ՝ արդյունաբերության ոլորտից, ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան տեղափոխվելու որևէ հետաքրքրություն կարո՞ղ են ունենալ: 

Ձեռնարկություններ, որոնք այս պատերազմի ու կոնֆլիկտի պատճառով չեն կարող շահագործվել, ինչպես՝ միջազգային կորպորացիաների դուստր ձեռնարկությունները տեսականորեն կարող են այստեղ գալ: Դա, իհարկե, մեկ-երկու ամսվա խնդիր չէ, բայց նման հնարավորություն կա:

Խոշոր կորպորացիաները չեն ցանկանա արտադրություն ունենալ այն հատվածներում, որոնք պատժամիջոցների ներքո են: Ստիպված պետք է արտադրական հզորությունները վերատեղակայեն: Նրանք կարող են դիտարկել Թուրքիան, Մոլդովան, Հայաստանը և այլ երկրներ:

Օրինակ՝ ծխախոտի հումքը ներմուծվում է Ուկրաինա, արտադրվում է  սիգարետ և արտահանվում: Հնարավոր է նույն հումքը ներմուծել Հայաստան և այստեղ արտադրանքը կազմակերպել: Դրանք հայտնի բրենդներ են և իրացման խնդիրներ չունեն արտաքին շուկաներում: Կարող է դիտարկվել նրանց՝ Հայաստանում վերատեղակայումը:

Հայ արտահանողների համար ռուբլու փլուզումը դարձել է այսօրվա համար մեկ խոչընդոտը: Կան տնտեսվարողներ, որոնք նախընտրում են դադարեցնել ու չեղարկել արտահանումները, քան դրանց դիմաց ստանալ արժեզրկված արժույթ և տուժել: Մյուս կողմից էլ Ռուսաստանը դադարեցնում է Արևմուտքից ապրանքների ներմուծումը: Հայկական ապրանքները կարո՞ղ են ինչ-որ չափով լրացնել այդ բացը:

Այդ առումով հնարավորությունները մեծ չեն: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն այնպիսի ապրանքներ են արտահանում Ռուսաստան, որոնք Հայաստանը չի կարող լրացնել: Արևմուտքը ավելի բարդ արտադրանք է արտահանում, իսկ Հայաստանը` մեծ մասամբ սննդի վերամշակման ոլորտի ապրանքներ, պահածոներ, թարմ պտուղ-բանջարեղեն: Այսինքն՝ մեր ապրանքները չեն համընկնում Արևմուտքից ներմուծվող ապրանքներին: Եվ այստեղ մեծ օգուտներ սպասել պետք չէ:

Շատ ընկերություններ, որոնք ռուսական ռուբլով են աշխատում, այս պահին պարզապես դադարեցրել են իրենց մատակարարումները Ռուսաստան: Բոլորը հասկանում են, որ ռուբլու այս արժեզրկումը իրենց համար ուղղակի նշանակում է վնասով աշխատել: Կամ ռուսական ցանցերը պետք է ընդառաջեն և գինը բարձրացնեն, կամ պետք է վնասով մատակարարեն հայ արտահանողները: 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ի՞նչ հնարավորություններ կա: 

Ե ՛վ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում շատ են ՏՏ ընկերությունները, որոնք աշխատում են հիմնականում Արևմուտքի հետ: Եվ այս ընկերությունները խնդիրներ ունեն ինչպես աշխատողների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու հետ կապված, այնպես էլ ֆինանսական՝ հաշիվները սպասարկելու: Հայաստանը նրանց համար կարող է բարենպաստ միջավայր դառնալ, որ այդ ընկերությունները գան Հայաստան: Բացի այդ, մեր ՏՏ ոլորտում աշխատուժի բավականին լուրջ պահանջարկ կա՝ հատկապես որակյալ մասնագետների գծով: Ուկրաինան հայտնի է իրենց մասնագետների որակով և մատչելիությամբ: Նրանց մի մասը կարող է գալ Հայաստան: Էլ չասենք, որ կան հայկական ընկերություններ, որոնք ունեն մասնաճյուղեր Ուկրաինայում և կարող են դիտարկել իրենց աշխատակիցների և նրանց ընտանիքների տեղափոխումը Հայաստան:

Ի՞նչ պետք է անի Կառավարությունը, որ այն ամենը, ինչ քննարկում ենք, իրատեսական դառնա: 

Պետության օժանդակությունն է այստեղ անհրաժեշտ: Աշխատանքային օրենսգրքի մակարդակով պետք է սահմանել հստակ դրույթներ, որոնք թույլ կտան հեշտությամբ ներգրավել օտարերկրյա քաղաքացիներին որպես աշխատող:

Այստեղ պետք է մեր Կառավարությունը շատ գործուն քայլեր ձեռնարկի: Հնարավորություններ են, որից պետք է մեր իշխանությունները հնարավորինս օգտվեն:

Հայաստանը կարող է անուղղակիորեն միջնորդի դեր ստանձնել և շատ ապրանքների առաքում կազմակերպել Հայաստանի միջոցով: Մենք այդպիսի մի փորձ ունեցել ենք ավտոմեքենաների ներմուծման մասով:

Խոսքը, իհարկե, բարձր տեխնոլոգիական ոլորտի մասին չէ, բայց կան շատ տարբեր ուղղություններ, որոնք հնարավոր են Հայաստանի միջոցով իրականացնել: Նույնիսկ, եթե Արևմուտքի ու Ռուսաստանի տնտեսության մակարդակով դրանք փոքր ցուցանիշներ լինեն, կարող են շոշափելի լինել Հայաստանի տնտեսության համար:

Սրանք հնարավորություններ են, և կոնկրետ գործարարների մոտ հիմա հստակ հետաքրքրություններ կան: Պետական հատվածում ևս սա քննարկվում է:

Հնարավոր հետաքրքրություններ կարելի է քննարկել նաև օդային տրանսպորտի ոլորտի վերաբերյալ։ 

Այդտեղ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։ 

Մոսկվան հանդիսացել է տրանսպորտային հանգույց ԱՊՀ երկրների համար: Այսօր ռուսական ավիաընկերությունների ճանապարհները փակ են՝ Եվրամիությունը բառացիորեն հայտարարեց օդային տարածքի փակ լինելու մասին: Այստեղ ակամայից Հայաստանը կարող է վերածվել տրանսպորտային հանգույցի. կարող են չվերթերն իրականացնել Հայաստանի միջոցով:

Եվրոպական շատ ընկերություններ հետ են կանչում իրենց ինքնաթիռները Ռուսաստանից: Քանի որ եվրոպական ուղղությունները սահմանափակված են Ռուսաստանի համար, պետք է գտնեն այլընտրանքային ուղղություններ: Այստեղ շատ կարևոր է, թե այս պայքարը որքան կտևի, և կողմերը ինչ գործողություններ կձեռնարկեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter