
Ըստ ԵՏՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում միայն մրգերի պակաս կա
2021թ.-ին Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գյուղատնտեսական մթերքների և պարենային ապրանքների հիմնական տեսակների մատակարարման մակարդակը բարձրացել է։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ 2021թ. այդ ցուցանիշը կազմել է 93%։
«Ագրոարդյունաբերական համալիրը ԵԱՏՄ տնտեսության ռազմավարական ոլորտներից մեկն է,- ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։-Միության բնակչությանը բարձրորակ և անվտանգ սննդամթերքով անխափան մատակարարելու հարցը հատկապես զգայուն է դարձել COVID-19 համաճարակի և միջազգային շուկաների անկայունության ֆոնին։ Այս մարտահրավերներին ի պատասխան՝ Միությունը հաստատել է պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները։ Սա կարևոր քայլ է պարենային ապրանքների շուկայի կայունացման իրական մեխանիզմների ձևավորման, փոխադարձ մատակարարումների ապահովման երաշխավորվան, ինչպես նաև` ԵԱՏՄ ընդհանուր գյուղատնտեսական շուկայում եղած խոչընդոտների և սահմանափակումների վերացման ուղղությամբ»,-ասել է նա։
ԵՏՀ տվյալներով՝ ԵԱՏՄ անդամ երկրները լիովին ապահովում են հացահատիկի, խոզի մսի, բանջարեղենի, կարտոֆիլի, բուսական յուղերի, շաքարի և հավկիթների ներքին պահանջարկը հենց սեփական արտադրության հաշվին. միայն մրգերի ու հատապտուղների պակաս կա։
ԵԱՏՄ-ում ինքնաբավության ամենաբարձր մակարդակն այժմ Բելառուսում է՝ 94%։ Բելառուսը սննդամթերք է մատակարարում ոչ միայն իր երկրի բնակչությանը, այլև մսի և կաթնամթերքի կարևորագույն մատակարարն է ԵԱՏՄ մյուս երկրների համար։
Հայաստանը սերմերը հիմնականում ներմուծում է, արտահանում գրեթե չունի։ Մասնավորապես, 2018-2022թթ. հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է 1212,6 տոննա ցանքսի սերմեր, ընդհանուր՝ 15 մլն 215 հազար ԱՄՆ դոլարի։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 1,2 տոննա ցանքսի սերմ, ընդհանուր՝ 860 ԱՄՆ դոլարի։
Արևածաղկի ձեթի և եգիպտացորենի դեպքում նույնպես Հայաստանն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։ Իսկ, օրինակ, շաքարի ճակնդեղի պարագայում Հայաստանն ավելի շատ արտահանում է, քան ներկրում։
Դեռևս 2021թ. ԵԱՏՄ երկրները սկսել էին սերմերի միասնական շուկայի զարգացման նոր փուլ՝ սահմանելով այդ ոլորտում մինչև 2026թ. իրականացվելիք ծրագրերը։ Բացի այդ, 2021թ. բուսաբուծական և անասնաբուծական արտադրության համար 5 մլրդ դոլարի բարձր տեխնոլոգիական սարքեր էին ձեռք բերվել։
«Միությունում գործում է սերմերի շրջանառության մասին Համաձայնագիր, որը թույլ կտա նվազեցնել կախվածությունը ներմուծումից և բարձրացնել սեփական արտադրամիջոցների ապահովվածությունը»,-ասել է ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
ԵՏՀ նախարարի խոսքով՝ վերջերս Միությունում սերմացուի փոխադարձ առևտրի աճի միտում է նկատվել, որը 2021թ.-ին հասել է 100 միլիոն դոլարի։
Սակայն, միևնույն ժամանակ, ներմուծման կախվածությունը սերմերից դեռևս բավականին բարձր մակարդակի վրա է, հատկապես՝ շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի, ձիթատու մշակաբույսերի եւ այլնի մասով։
Մասնավորապես, ներկայումս ԵԱՏՄ շուկա է ներկրվում շաքարի ճակնդեղի սերմերի ավելի քան 90%-ը, արևածաղկի սերմերի՝ 60%-ը, եգիպտացորենի և ռապսի սերմերի՝ ավելի քան մեկ երրորդը։
ԵԱՏՄ երկրների բուծողների և սերմարտադրողների մրցունակության հետագա բարձրացման համար ԵՏՀ-ն մտադիր է համակարգել այդ ոլորտի զարգացումը։
Այս առումով՝ մինչև 2025-ը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղություններով նախատեսվում է միջոցառումներ իրականացնել և առաջարկներ մշակել նաև սերմնաբուծության ոլորտում։
«2021թ.-ից մենք պարբերաբար իրականացնում ենք խորհրդակցություններ սերմերի բիզնեսի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ ակնկալում ենք գիտական հանրության ակտիվ մասնակցությունը Միության երկրներում սերմերի շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ հետազոտություն կատարելու գործում,- ասել է Ա. Քամալյանը։- Այնուհետև նախատեսվում է այդ հարցը դիտարկել համակարգային՝ ԵԱՏՄ մարմինների նիստերին մեր պետությունների կողմից հետագա որոշումներն ընդունելու համար, որոնք կնպաստեն սերմարտադրության զարգացմանը»,- ասել է նա։
Մեկնաբանել