HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քոչարյանի քրգործը քննած դատավորները՝ քրեական պալատի դատավորի թեկնածուներ

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներ է առաջադրել, առաջադրված վեց դատավորներից երեքը՝ Լուսինե Աբգարյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Արսեն Նիկողոսյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով ինչ-որ ժամանակ առնչություն ունեցած դատավորներն են:

Այս պահին Վճռաբեկ դատարանի քրեական պալատում երկու դատավորի թափուր հաստիք կա: Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրում է երեքական թեկնածու, որոնցից մեկին էլ խորհրդարանն ընտրում է: Եւ այսպես՝  ԲԴԽ-ն առաջադրել է  Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի (թեկնածուն ընտրվելու է այս երեքից), և Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունը (մյուս թեկնածուն էլ՝ այս եռյակից):

Լուսինե Աբգարյանը 2018 թվականից մինչ այժմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի դատավարությունը քննող դատավորներից է: Քոչարյանի փաստաբանական թիմն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Աբգարյանի դեմ՝ հայտարարելով, թե դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանը մտերիմ հարաբերություններ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, որը նախկինում ներկայացրել է «Մարտի 1-ի գործով» տուժողների շահերը:

Թեկնածու Սերգեյ Մարաբյանը 2019 թվականինց մինչ այժմ դատավորնեի ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահն է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նկատմամբ նախորդ տարի կարգապահական վարույթ էր հարուցվել գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա: Վարույթը վերաբերում էր ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի քրեական գործով անցնող մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշմանը։ Առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է,  և քննիչի միջնորդությունը՝ մերժել։ Դատավորի փաստաբան Միքայել Շխիմյանի ներկայացմամբ՝ նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը։

Թեկնածուների եռյակը եզրափակում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, հենց նա էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ մերժելով փաստաբաների բողոքը և  կայացնելով կալանքի որոշում: Ի դեպ, դատավորի վարությում էր գնվում նաև Հայաստան դաշինքի մեկ այլ ներկայացուցչի՝ պատգամավոր Արմեն Չարչյանի քրեական գործը:

Վերջինս բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողնելով մինչ այդ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Խորհրդարանն այս եռյակից ընտրելու է մեկին:

Թեկնածուների մյուս խումբն է՝ Մեսրոպ Մակյան, Աննա Մարգարյան և Արսեն Նիկողոսյան: Մեսրոպ Մակյանը 2017 թվականից մինչ այժմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Մյուս թեկնածուն գիտնական է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան Աննա Մարգարյանն է, ի. գ. դ, պրոֆեսոր:

Եռյակը եզրափակում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը: Արսեն Նիկողոսյանն էլ հենց այն դատավորն է, որ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշումից հետո դատավորի և իր ընտանիքի նկատմամբ արշավ էր սկսվել: Դատավորը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ հայտնելով, որ իր կայացրած համապատասխան որոշման հետևանքով մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին սկսել են տարածել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Սակայն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով ոստիկանությունը մերժել էր քրեական գործի հարուցումը:

ԱԺ-ն դատավորի մյուս թեկնածուին ընտրելու է այս եռյակից: Նշենք, որ դատավորների ընտրությունը կայանալու է փակ գաղտնի ընթացակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter