HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանն ԱԱԾ-ի տեսանյութում «Հետք» բառը կարդալը համարում է «հատուկ այլ տեխնիկական միջոցների կիրառում»

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 7-ին մերժել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքն ընդդեմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի: Վերջինով մերժվել էր Ազգային անվտանգության ծառայության դեմ ՀԿ-ի կողմից ներկայացված հայցադիմումը՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Վերաքննիչ դատարանում գործը քննվել է Կարեն Համբարձումյանի նախագահությամբ՝ մասնակցությամբ դատավորներ Հարություն Ենոքյանի և Նաիրա Մարգարյանի:

Հիշեցնենք՝ «Հետք»-ը 2020թ. հուլիսի 14-ին «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով լուր էր հրապարակել: Տավուշում հուլիսյան մարտերն էին, եւ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը: Կատարվածին ականատես էին եղել խմբագրության՝ տեղում աշխատող թղթակիցները:

Կայքում հրապարակված լուրի իսկությունը նույն օրը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր այդ օրերին Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել էր, որ Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար սահմանամերձ համայնքները, իսկ Բերդ քաղաքը` հրետակոծության ենթարկել:

Նյութի հրապարակումից և պաշտոնական հաստատումից մեկ օր անց՝ 15.07.2020թ., Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ կից տեսանյութով, կոչ անելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:

Հաղորդագրությանը կից տարածված և ԱԱԾ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութի կադրում հայտնվում է նաև «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով «Հետքի» լուրը՝ «Ապատեղեկատվություն» ջրանիշով (watermark):

«Հետք»-ը դիմել էր ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել, թե թերթի վերը հիշատակված և ԱԱԾ տեսանյութում տեղ գտած նյութում կոնկրետ ո՞ր տեղեկությունն է ապատեղեկատվություն։ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ն. Մարգարյանի ստորագրությամբ, էլեկտրոնային փոստով ստացվել էր գրության պատասխանը, ըստ որի՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի կողմից սույն թվականի հուլիսի 15-ին պատրաստված և տարածված տեսանյութում զետեղված «Հետք»-ի հրապարակումը՝ «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը», hetq.am կայքում հրապարակվել էր սույն թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 17:35-ին, սակայն պաշտոնական աղբյուրներն այն հաստատել են ավելի ուշ:

ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից տեսանյութի պատրաստման և տարածման պահին «Հետք»-ի տարածած տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել և այդ պահի դրությամբ, ժամանակագրական առումով, այն համարվել էր ապատեղեկատվություն»:

ԱԱԾ-ի ներկայացուցիչները նույնը պնդել էին նաև դատարանում: Այսինքն՝ ԱԱԾ-ն «ապատեղեկատվություն» է որակում հրապարակումը` հաշվի առնելով ոչ թե դրա բովանդակությունը, այլ՝ ժամը: Եթե լուրը հրապարակվեր պաշտոնական հրապարակումից հետո, այն կդիտվեր «իրական լուր», բայց քանի որ հրապարակվել է պաշտոնական հաստատումից ժամեր առաջ, ապա այն, ըստ ԱԱԾ-ի, «ապատեղեկատվություն» է:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Սարգիս Երիցյանի, ընդհանրապես չէր անդրադարձել «ապատեղեկատվություն» եզրին: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որի հիման վրա «Հետք»-ի վերը նշված լուրը հնարավոր լինի մեկնաբանել որպես ապատեղեկատվություն։

Վերաքննիչ դատարանի հետևությունն այն է, որ արդի ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տարածման և հանրության լայն շերտերին հասնելիության, միջազգային լայն սփռմամբ տարաբնույթ սոցիալական ցանցերի առկայության և դրանցում հասարակության լայն խավերի ընդգրկվածության և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում համատարած թվայնացման պայմաներում ԱԱԾ-ն համար որևէ դժվարություն չպետք է ներկայացներ լուրի հրապարակումից հետո ժամերի ընթացքում ճշտել արժանահավատության հարցը:

Վերաքննիչ դատարանի եզրակացմամբ՝ ԱԱԾ-ն չի վկայակոչել նաև որևէ իրավական ակտ, համաձայն որի ԶԼՄ-ի կողմից սահմանային զինված ընդհարման ժամանակ որևէ գյուղի հրետակոծման վերաբերյալ լուրը կարող է համարվել արժանահավատ որևէ պետական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից հաստատվելուց հետո միայն։ Ավելին, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ԱԱԾ-ը որևէ իրավական նորմով կաշկանդված չէր նաև հենց ուղղակի «Հետք»-ից փորձելու ճշտել այդ լուրի հետ կապված մանրամասները, ինչի մասին, սակայն, քաղաքացիական գործի նյութերում որևէ փաստական տվյալ չկա։

«Հետևաբար, Վերաքննիչ դատարանի գնահատականը այն է, որ ԱԱԾ-ն չի ցուցաբերել բավարար շրջահայացություն և չի կիրառել նվազագույն գործիքակազմ, վիճելի հրապարակման արժանահավատությունն ինքնուրույն ստուգելու համար, ինչը անելու համար վերջինս, նաև օրենսդրությամբ, ունի առավել քան բավարար լիազորություններ և հնարավորություններ։ Փաստացի «Հետք»-ն իր աշխատանքը՝ հանրությանը օբյեկտիվ և հավասարակշռված տեղեկատվություն հասցնելու իմաստով, ավելի օպերատիվ է կազմակերպել»,-եզրակացրել է վերաքննիչ դատարանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի տեսանյութում «Հետք»-ի վերը նշված հոդվածի օգտագործմանը, ապա ըստ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ այն ընկալելի և հասկանալի է միայն վիճող կողմերին, այն էլ այն հանգամանքի հաշվառմամբ, որ առաջինը հանդիսանում է հրապարակման հեղինակը, իսկ երկրորդը՝ դրա հաջորդիվ մշակողը։

Վերադաս ատյանը նշել է, որ տեսանյութից ակնհայտորեն չի հետևում, որ ԱԱԾ-ն ուղղակիորեն որպես ապատեղեկատվություն է որակել նաև «Հետք»-ի հոդվածը և տեսանյութում աներկբա իդենդիֆիկացրել է նշված պարբերականին։

«Ավելին՝ նշված ապացույցների հետազոտության արդյունքում կարելի է հանգել հետևության, որ տեսանյութի հեղինակը միտումնավոր փակել է հոդված հեղինակող լրատվականի ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը։ Այսինքն չկա որևէ ապացույց, որի ուսումնասիրությունից կարելի է հետևություն անել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության 15072020 թվականի տեսանյութում, հանրությանը հասու եղանակով, հիշատակված է նաև «Հետք» էլեկտրոնային պարբերականը որպես ապատեղեկատվության աղբյուր»,- նշված է դատարանի որոշման մեջ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ էլեկտրոնային եղանակով հրապարակված նյութի դիտման ժամանակ, որպես կանոն, դիտողը նյութը նայում է սովորական ռեժիմով, առանց դանդաղեցման կամ հատուկ այլ տեխնիկական միջոցների կիրառման։ Այդ առումով ԱԱԾ-ի տեսանյութի դիտումից օգտագործողի մոտ չի կարող միանգամից ձևավորվել ընկալում, որ ապատեղեկատվություն որակված լուրի աղբյուրը «Հետք»-ն է։

«Անաչառ դիտորդի մոտ չէր կարող տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը վերաբերում է «Հետք»-ին, ուստի և ավելորդ է խոսել հարցի կապակցությամբ Բողոքաբերին զրպարտելու կամ վերջինիս գործարար համբավն արատավորելու մասին»,- նշել է վերաքննիչ դատարանը։

Նշենք, որ թեև ԱԱԾ-ն փակել էր ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը, սակայն տեսանյութում երևացող նյութի լուսապատճենի առաջին նախադասության մեջ երևում է «Հետքի» անվանումը: Հստակ երևում է, որ այդ լուրի հեղինակը հենց «Հետքն» է: Այդ փաստը ստուգվել է նաև առաջին ատյանի դատարանում՝ ապացույցների հետազոտման ժամանակ:

Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչ դատարանի երեք դատավորները՝ ԱԱԾ-ի շահը պաշտպանելու մղումով, բարդ սխեմայով են նկարագրում տեսանյութում «Հետքի» անվանումը կարդալը:

Թեև որոշման մեջ վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ «արդի ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տարածման և հանրության լայն շերտերին հասնելիության, միջազգային լայն սփռմամբ տարաբնույթ սոցիալական ցանցերի առկայության և դրանցում հասարակության լայն խավերի ընդգրկվածության և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում համատարած թվայնացման պայմաներում» որևէ տեղեկատվություն ճշտելը բարդ գործընթաց չէ, սակայն տեսանյութում ինչ-որ բան կարդալու համար գտել է, որ անհրաժեշտ է «հատուկ այլ տեխնիկական միջոցների կիրառում»:

Երբ հերթը հասել է տեսանյութի բովանդակությանը, երեք դատավորները «մոռացել» են արդի ժամանակների, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին: Նրանք որոշել են, որ դիտողը նյութը նայում է սովորական ռեժիմով, առանց դանդաղեցման կամ հատուկ այլ տեխնիկական միջոցների կիրառման։

Այս հանգամանքը խիստ մտահոգիչ է, քանի որ պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են նմանատիպ տեսանյութերով արատավորել լրատվամիջոցներին և մնալ անպատիժ:

Այս պարագայում հարց է առաջանում՝ եթե ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութի ոճով լրատվամիջոցը պատրաստի տեսանյութ, որտեղ վիրավորական կամ արատավորող արտահայտություններ կհնչեն պետական պաշտոնյաների կամ այս գործով դատական ակտերը կայացրած չորս դատավորների հասցեին, մի՞թե լրատվամիջոցն անպատիժ կմնա, քանի որ բովանդակությունը կարդալու համար պետք է «հատուկ այլ տեխնիկական միջոցների կիրառում»:

Լուսանկարում ձախից՝ Նաիրա Մարգարյան, Հարություն Ենոքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter