
Վեդու ավագանու արտահերթ ընտրություններում պայքարում է երկու քաղաքական ուժ
Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ: 2021թ. դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չդարձավ, ուստի համայնքային իշխանություն չձևավորվեց: Որոշվեց արտահերթ ընտրություններ անցկացնել:
Այս անգամ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ընտրապայքարից հրաժարվել է դեկտեմբերի 5-ին 16,39% քվե ստացած «Հանրապետություն» կուսակցությունը:
ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ Հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է:
Հիշեցնենք, 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Վեդու ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21%, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39%: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չստացվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների:
2021թ. դեկտեմբերի 16-ին թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած էր ճանաչել Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամի թեկնածուների գրանցումը: Վերջիններս ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով Վեդիում անցկացնել նոր ընտրություններ:
Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Արտահերթ ընտրություններ նշանակելուց մեկ օր անց՝ հունվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրա սանիկ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս հանգամանքն արդեն կասկածի տեղիք էր տալիս, որ իշխանություններն ամենևին չեն ցանկանում մրցակցային և արդար ընտրություններ անցկացնել Վեդիում: Գարիկ Սարգսյանի կրկին առաջադրումը հենց դրա վկայությունն է: Նրան ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելն ընկալվում է որպես վարչական ռեսուրսի օգտագործման և անհավասար պայմանների ստեղծման փորձ:
Այդ հանգամանքն արդեն օգտագործվում է քարոզչական նպատակով: Մասնավորապես, վերանորոգվել է գերեզմանատուն տանող ճանապարհը և համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում այդ մասին հետևյալ կերպ են նշում. «Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է Վեդու նոր գերեզմանատուն տանող ճանապարհը» և այլն:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդի համայնքի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից ծախսվել էր ավելի քան 33 մլն դրամ:
Մեկնաբանել