HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լալայանների տունը մնաց Թաղավարդի բարձունքում

Հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Անդրանիկ Լալայանը զոհվել է 2020 թ.-ի հոկտեմբերի 17-ին Մարտակերտի և Մատաղիսի միջև գտնվող Գետակ-Բորուն բարձունքում։ Հուղարկավորվել է հայրենի գյուղում՝ Վերին Թաղավարդում, հոկտեմբերի 19-ին։

Անդրանիկի հայրը՝  Գրիշա Լալայանը, պատերազմի ընթացքում մասնակցել է Վերին Թաղավարդի պաշտպանությանը: Հոկտեմբերի 27-ին Թաղավարդ գյուղի մի մասը՝ Վերին Թաղավարդը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վերին Թաղավարդում մնացին նաև Լալայանների տունը և Անդրանիկի գերեզմանը։

«Սեպտեմբերի 27-ին՝ առավոտը, Թաղավարդում թոռնիկներիս հետ կովը դուրս էինք հանում։ Չնայած գյուղի դպրոցում էի աշխատում, բայց նաև անասուն էինք պահում, մեկ էլ լսեցինք պայթյունի ձայներ, թոռներիս ասացի՝ մի' վախեցեք, հարևանը հարցրեց՝ էս ի՞նչ է, ասեցի՝ պատերազմ է, ինչ է։ Զանգեցի զինվորական տղայիս, չվերցրեց, դիվիզիոնի հրամանատար էր, արդեն առաջնագծում էին, ամուսինս գնաց Ստեփանակերտից բերեց հարսիս և մյուս թոռանս։ Մտածում էինք՝ Թաղավարդում ապահով է»,-պատմում է Վալիդա Ադամյանը՝ Անդրանիկ Լալայանի մայրը։

Անդրանիկ Լալայանը դիվիզիոնի հրամանատար էր նշանակվել 2020թ․-ի փետրվարին: Պատերազմի առաջին օրերին դիվիզիոնը տեղակայված էր Ակնայի շրջանի Գյուլիջա տեղամասում։ Հոկտեմբերի 14-ից Անդրանիկը տեղափոխվում է Մարտակերտի և Մատաղիսի միջև գտնվող Գետակ-Բորուն բարձունքի վրա գտնվող հրամանատարական դիտակետ, որտեղից կոորդինատներ էր փոխանցում իրենց թիկունքում գտնվող հրետանային մարտկոցներին։ Նույն օրը Անդրանիկը զանգահարում է մորն ու ասում, որ կնոջ՝ Անիի և թոռների հետ դուրս գան Արցախից։ Վալիդան հարսի և թոռների հետ տեղափոխվում է Աբովյան քաղաք։    

Հոկտեմբերի 17-ին Անդրանիկ Լալայանը և հրետանային դիվիզիոնից ևս ինը զինվորական (երեք սպա, վեց ժամկետային զինծառայող) բայրաքթարի հարվածից զոհվում են։

«Հոկտեմբերի 18-ին ամուսինս՝ Գրիշան, զանգեց, ասեց՝ եկեք գյուղ։ Հասկացա, որ Անդրանիկը զոհվել է»,-պատմում է Վալիդա Ադամյանը։

Անդրանիկ Լալայանին հուղարկավորում են հոկտեմբերի 19-ին՝ Թաղավարդում։ Հայրը՝ Գրիշան, մնում է գյուղում, որտեղ մինչև հոկտեբերի 27-ը մարտեր էին ընթանում: Վերին Թաղավարդի պաշտպանության վերջին օրը Գրիշայի հետ կապ են հաստատում իրենից բարձր դիրքավորված գյուղացիները և հայտնում, որ շրջափակման մեջ է։

«Զանգեցին, ասեցին՝ որտե՞ղ ես, ասեցի իմ տեղը, որտե՞ղ պետք ա լինեմ, մեր դիրքում, ասեցին՝ գլուխդ խառնե՞լ ես, շրջափակման մեջ ես, ու՞ր ես մնացել, ես էլ բարկացա վրաները, ասեցի՝ ինձանից առաջ մեկ կիլոմետր բարձր դիրքից դուրս եք եկել, գնացել ու ինձ անցել, նո՞ր եք ասում շրջափակման մեջ եմ»,-պատմում է Գրիշա Լալայանը: Ժամը 12:30-ի սահմաններում նրան հաջողվում է դուրս գալ շրջափակումից: 

Հոկտեմբերի 28-ին գյուղի մի մասը՝ Վերին Թաղավարդը, անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, որտեղ գտնվում է նաև գյուղի գերեզմանատունը։

Թաղավարդի գերզմանատանն էին հուղարկավորված 44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկն ու ևս չորս համագյուղացիներ՝ Հովիկ Ավագյանը, Արամ Ղազարյանը, Արտաշես Դանիելյանը, Էրիկ Հովսեփյանը։ 

Պատերազմից հետո՝ դեկտեմբերի 19-ին, նրանց աճյունները վերահուղարկավորվել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։

Անդրանիկ Լալայանը հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։ 

«Անդրանիկի հեռադիտակը, որը պատերազմի ընթացքում նրա ձեռքին էր, մարտական ընկերները փոխանցել են մեզ, հիմա մեկ-մեկ Թաղավարդ ենք գնում՝ Թաղավարդ կալեր, որը պատերազմի ընթացքում գյուղի պաշտպանական ուժերը կարողացան պահել։ Այնտեղից Անդրանիկի հեռադիտակով նայում ենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վերին Թաղերի բարձունքին մնացած մեր տանը»,- ասում է Անդրանիկ մայրը՝ Վալիդան։ 

Գլխավոր լուսանկարում Անդրանիկ Լալայանի հայրը՝ Գրիշա Լալայանը, մայրը՝ Վալիդա Ադամյանը, կինը՝ Անի Լալայանը և երեխաները՝ Գոռը և Մարին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter