Առաջարկվում է արգելել էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Ծովինար Վարդանյանը փոփոխություններ են առաջարկում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքների նախագծերում՝ արգելելով տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:
Նախագիծն ընդունվելուց 6 ամիս հետո արգելվելու է էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը կամ բուքմեյքերական հաշիվներ լուծելը:
Փոփոխություններով նաև սահմանվում է, որ շախմատը, շաշկին, նարդին, տիրը, բիլիարդը և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ՝ թղթախաղերի տեսակների:
Անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նախագծում նշվում է, որ շահումն անկանխիկ ձևով փոխանցվում է հայկական դրամով խաղացողի բանկային հաշվին կամ բանկային քարտին կամ էլեկտրոնային փողի հաշվին:
Արգելվելու է շահումը փոխանցել այն բանկային, քարտային, էլեկտրոնային փողի հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները, ինչպես նաև արգելվելու է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով:
Ավելացել է նաև խաղացողների թիվը, 2018-ից 2020թ 18 093-ից թիվը հասել է 44 082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը:
«Մեր գնահատմամբ՝ կանխիկով, առանց որևէ սահմանափակման և վերահսկողության, անսահմանափակ խաղադրույքներ անելու հնարավորությունը խթան է հանդիսանում անձանց նման վարքագծի և հանգեցնում նման շեշտակի աճի: Կարծում ենք նաև, որ շահումով խաղերի հանրային օգուտը շատ ավելի քիչ է, քան այն հանրային վնասը, որը հասցվում է հատկապես սոցիալական ոչ ապահով խավին: Բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարևոր խնդրի լուծում՝ կբարձացնի թափանցիկությունը»,- նշվում է նախագծում:
Հեղինակներն այն կարծիքին են, որ նախաձեռնության միջոցով հնարավոր կլինի նաև բացահայտել ոլորտի իրական շրջանառությունը և անհրաժեշտության դեպքում անցնել ավելի արդար հարկման համակարգի:
Փոփոխությունների արդյունքում քաղաքացիները իրենց շահումները կարող են ստանալ բացառապես անկանխիկ եղանակով:
Հիշեցնենք, որ խորհրդարանն օրեր առաջ ընդունեց մեկ այլ օրենսդրական նախագիծ, որի համաձայն վեց ամիս անց սահմանափակվելու է ինտերնետ շահումով խաղերի և այլ տոտալիզատորների գովազդը՝ բացառությամբ որոշ վայրերի: Տոտալիզատորների և թղթային վիճակախաղերի գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, այդ գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև կայքէջերում:
Մոլախաղերի դեմ պայքարը գործող կառավարության ստանձնած պարտավորություններից է: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում Գովազդի մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել էր, թե կառավարությունը որևէ մեկին չի կարող արգելել ու չի էլ ուզում արգելել, որ գնա խաղատուն, բայց ուզում է վերջինիս ճանապարհին դնել որոշակի արգելակներ, և որ չլինեն հավելյալ միջոցներ, որոնք կգայթակղեն մարդուն դեպի խաղատուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել